Լրահոս
Օրվա լրահոսը

Բերեմ, զարգացնեմ, քաղաքական դեմք սարքեմ, վերջում ժողով են անում մի քանի հոգով՝ Վարդան Ղուկասյան են ուզում հանել. Ինչ է կատարվում «Հանրային ձայն»-ում

Հունվար 11,2024 16:13

Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության խմբակցության ավագանու անդամներն այս փուլում հրաժարվում են խոսել կուսակցության ներսում սկսված պառակտման մասին: Ավագանու անդամներից Նանա Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց՝ առաջիկայում իրենց կողմնորոշումը եւ դիրքորոշումը կհրապարակեն, բոլոր հարցերին կպատասխանեն:

Մինչ այդ «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հունվարի 19-ին նախատեսված համագումարին է հրավիրում ոչ միայն կուսակցության խորհրդի կազմին, այլ բոլոր նրանց, որոնք կուսակցության անդամ դառնալու հայտ կներկայացնեն։

«Ասում է՝ ես եմ այդ կուսակցության հիմնադիրը, լո՞ւրջ, հա՞: Արտակ Գալստյանը այլեւս ոչ մի կապ չունի կուսակցության հետ իր կողմնակիցներով հանդերձ, վերջացավ: Գալստյանը, պարզ ասեմ, մի երեք ամիս առաջ խախտեց պայմանավորվածությունը: Կար պայմանավորվածություն, վարչապետի թեկնածու էր, ճի՞շտ է, ճիշտ է։ Քաղաքապետի ընտրություններում առաջին համարն էր, ճի՞շտ է, ճիշտ է: Քանի որ խցում հեռախոս ուներ, զանգել էր, ես ասել էի՝ անցնում ենք, մանդատը վայր ես դնում, որ մյուսները գան: Դու վարչապետի թեկնածու ես, հո չե՞ս գնալու ավագանու նիստերին նստես, չես էլ կարող: Ասաց՝ մանդատն ինձ պետք է, որ դատարանով դուրս գամ։ Ասացի՝ օկ, ինչքա՞ն ժամանակ է պետք: Նախ` պայմանավորվեցինք, որ մանդատը դնելու է, չդրեց։ Զանգում եմ՝ հարցնում եմ ինչո՞ւ չես դնում, դիր, որ տակինները գան, ես յոթը թիվն ապահովեմ: Ե՞րբ է դատդ, էսօր է, օկ, դե էդ օրը օգտագործի: Ավագանու անդամներին էլ ասացի, գնացեք, երաշխավորագիր գրեք, որ էդ մարդուն թողնեն: Գնացին, գրեցին, տվեցին: Դատավորը երեք ամիս դուբլեց, ճամփեց: Արտա՛կ, երեք ամիս դուբլին, մանդատդ դիր, էն մնացածը թող գան: Ո՛չ: Ինչո՞ւ չի դնում, որ ՔՊ-ն ավելի լավ իրեն զգա: Բա տղա ջան, դու վարչապետ ես ուզում լինես, բայց կախվել ես ավագանու մանդատից:

Ու բացի այդ՝ ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե այս մարդն ինչու է խաղեր տալիս: Տանում, ծեծում են, բերում են։ Բերդի պետը գրում է, որ ծեծել ու խոշտանգել են, աչքի տակն էլ կապույտ, մի քանի օր հետո սա հայտարարում է՝ ես ընկել եմ: Զանգում եմ, ասում եմ՝ այ տղա, էս ինչ ես անում, Արգիշտը քեզ ծեծում է, դու ասում ես՝ քնել եմ ավտոյի մեջ, ընկել եմ, աչքս վնասվե՞լ է, բերդի պետին «պաստավկա՞» ես անում: Էն խեղճ փաստաբանը իրեն պատռեց, թե տարել, խոշտանգել են, սա ինչի՞ է խաղեր տալիս, չեմ հասկանում: Ասում եմ՝ լավ, էլի համբերենք: 8 ամիս համբերում եմ:

Հիմա էլ իմ թիկունքում մարդը ժողով է անում բերդում: Մեր ու տղա չեն կարողանում իրար տեսակցել, հարց՝ բերդի ղեկավար կազմը ո՞նց է թույլ տալիս, որ ավագանու կազմը գա, մտնի ներս, մի հատ էլ ժողով անի, իհարկե, ընկեր իշխանությունների բարձր հովանու ներքո: Լավ, իմ տված հացի մեջ հեչ աղ ու ջուր չկա, հա՞: Բերեմ, զարգացնեմ, քաղաքական դեմք սարքեմ, վերջում ժողով են անում մի քանի հոգով՝ Վարդան Ղուկասյան են ուզում հանել…»,- ուղիղ եթերով անդրադառնալով կուսակցության ներսում սկսված խմորումներին՝ հայտարարեց Վարդան Ղուկասյանը:

Թեեւ «Հանրային Ձայնից» արդեն հայտարարել էին, որ Վարդան Ղուկասյան անձը կապ չունի այլեւս կուսակցության հետ ու հունվարի 19-ին իրենք կուսակցության համագումար չեն նախատեսել ու չեն անցկացնելու, Վարդան Ղուկասյանը ուղիղ եթերով վերահաստատեց, որ համագումարը լինելու է հունվարի 19-ին երեկոյան 18:00-ին: Նա կոչ արեց նաեւ կուսակցության անդամներին կողմնորոշվել՝ Վարդան Ղուկասյա՞ն, թե՞ Արտակ Գալստյան:

Հիշեցնենք, որ այսօր կուսակցության անունից հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի՝ 2024թ-ի հունվարի 9-ին տեղի է ունեցել «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նիստ։ Նիստով պարզվել է, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի, գրանցված ՌԴ Կալինինգրադ քաղաքում։ Կուսակցության կանոնադրության 3.8.5 կետի ուժով, այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում կուսակցության անդամությունը դադարեցվում է։ Այս հիմքով կառավարման խորհուրդը դադարեցված է համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությունում։

Սեփական դիմումների հիմքով դադարեցված է համարվել կուսակցության խորհրդի ևս 11 անդամի անդամակցությունը։

Երեկ էլ «Հանրային Ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը facebook-ում հայտնեց, որ «Հանրային ձայն» կուսակցության կնիքը, որը լիազորագրով գտնվում էր իր մոտ, 08.01.2024թ.-ից այլևս իր մոտ չէ:

Այսօր արդեն կուսակցությունից հաղորդագրությամբ տեղեկացրին, որ կառավարման խորհրդի ղեկավարի լիազորությունները փոխանցվել են խորհրդի անդամ Գագիկ Գալստյանին և դադարեցվել է մինչ այդ կուսակցության խորհրդի անդամ Վահան Ավագյանին տրված նույնաբովանդակ լիազորագրի գործունեությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031