Ըստ միջազգային իրավունքի մասնագետ Քրիստիան Մխիթարյանի՝ արցախահայերի վերադարձի իրավունքը իրավական հարց կարող է դառնալ, եթե ՀՀ-ն դա առաջ քաշի՝ որպես իրավական խնդիր, հղում անի միջազգային իրավունքի դրույթներին՝ ռեպարացիա, վերադարձի իրավունք և որոշ չափով փոխհատուցում, այդ դեպքում հարցը միջազգային արդարադատության հիմքերի վրա հանգուցալուծում կստանա. «Բայց եթե ՀՀ-ն Ադրբեջանի հետ պարզապես ուզում է քաղաքական լուծում գտնել քաղաքական պատճառներով, կարող է իրավական բաղադրիչը հանել բանակցություններից և այդ խնդրին քաղաքական լուծում տալ»։
«Դուք նկարագրեցիք առկա բանակցությունները ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ու այնտեղ բացակայող երաշխիքներն արցախահայերի վերադարձի համար։ Հենց այդ երաշխիքների բացակայությունը համապատասխանում է Գերմանիայի վարչական դատարանների կանխավարկածին այն առ, որ արցախահայերն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախում չեն կարող խաղաղ ապրել և զերծ մնալ որևէ ոտնձգությունից։ Եվ ինչքան ժամանակ այդ երաշխիքները բացակայեն, այդքան ժամանակ այն մարդիկ, որոնք արդեն փախստականի կարգավիճակ են ստացել, կպահպանեն այդ կարգավիճակը»,-«Առավոտի» հարցին, երբ քաղաքական բանակցություններ են ընթանում, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիր, որում չկա որևէ նշում արցախահայերի վերադարձի իրավունքի հետ կապված, դա բարդացնո՞ւմ է միջազգային իրավունքի շրջանակում արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանությունը, այսպես պատասխանեց միջազգային իրավունքի փորձագետ Քրիստիան Մխիթարյանը (Աշաֆենբուրգ, Գերմանիա)։
Ըստ նրա՝ նոր հայցվորների գործերի շրջանակներում այդ խնդիրը չի առաջանում, քանի որ նրանք միանշանակ այլ պատճառներով արդեն մերժվելու են, քանի որ այն հայցվորները, դիմողները, որոնք մեկ տարուց ավելի ՀՀ-ում են բնակվել, որակավորվում են՝ որպես պաշտպանված երրորդ երկրում անձինք՝ անկախ նրանից՝ քաղաքացի են, թե՝ ոչ, որովհետև քաղաքացիություն չունեցող անձանց գործերի ճակատագիրն այդ դեպքում ոչ թե փոխկապակցված է ծագման երկրի հետ, այլ հիմնական բնակության վերջին վայրի հետ, ու այդ վերջին բնակության հիմնական վայրը ՀՀ-ն է։ Քրիստիան Մխիթարյանը պարզաբանեց. «Նույնիսկ ՀՀ քաղաքացիություն չունենալով՝ իրենք պաշտպանված են ՀՀ-ում, եթե նույնիսկ որևէ փաստաթուղթ չունեն, որ իրենք, որպես փախստական, կարգավիճակ ունեն ՀՀ-ում։ Անկախ դրանից՝ ՀՀ-ն ստուգվելու է՝ որպես ոչ թե ծագման երկիր, այլ այս դեպքում՝ որպես վերջին հիմնական բնակավայր։ Այսինքն՝ ես կարող եմ վերահաստատել առկա դատական գործերով դա, քանի որ կան մարդիկ, որոնք մեկ տարուց ավելի բնակվել են ՀՀ-ում և նոր են եկել Գերմանիա, դիմել են փախստականի կարգավիճակի համար՝ իմանալով իմ կողմից նշված դատական որոշումները և մերժում են ստացել, քանի որ իրենց դեպքում միգրացիայի և փախստականների դաշնային վարչությունը պնդել է, որ Ադրբեջանում տիրող բռնատիրական և քաղաքական իրավիճակը որևէ դեր չի կարող խաղալ այն պատճառով, որ ՀՀ-ն է ստուգվելու՝ որպես պատասխանատու երկիր։ Այն, ինչի մասին դուք խոսում եք, իրականում վերաբերվում է այն մարդկանց, որոնք արդեն փախստականի կարգավիճակ են ստացել, կամ որոնց գործը դեռ չի փակվել, բայց իրենք մեկ տարուց ավելի ՀՀ-ում չեն մնացել։ Նման գործեր ես հիմա ունեմ»։
Ավելի ընդհանուր դիտարկելով այն փաստը, որ արցախահայերի վերադարձի իրավունքը չի քննարկվում հայ-ադրբեջանական բանակցություններում՝ միջազգային իրավունքի մասնագետն ասաց. «Անկախ նրանից՝ Արցախից տեղահանված անձինք որտեղ են հիմա բնակվում, վերադարձի երաշխիքների բացակայությունը բանակցությունների ընթացքում նաև հանգեցնելու է նրան, որ իրենք պարզապես ինտեգրվելու են ՀՀ-ում։ Ու իմ կարծիքով՝ դա է լինելու դրա լուծումը։ Այսինքն, եթե ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում արցախահայերի վերադարձի խնդիրը խոչընդոտ դառնա վերջնականապես խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, ենթադրում եմ, որ ՀՀ-ն այդ խնդիրն այնպես կլուծի, որ արցախահայերին պարզապես կինտեգրի ՀՀ-ում, ինչպես արդեն արել է՝ նույնիսկ առանց քաղաքացիության՝ պարզապես ՀՀ անձնագիր շնորհելով, բնակության թույլտվություն տալով և սոցիալապես ինտեգրելով։
Կարդացեք նաև
Սա քաղաքական հարց է։ Իրավական հարց կարող է դառնալ, եթե ՀՀ-ն դա առաջ քաշի՝ որպես իրավական խնդիր, հղում անի միջազգային իրավունքի դրույթներին՝ ռեպարացիա, վերադարձի իրավունք և որոշ չափով փոխհատուցում, այդ դեպքում հարցը միջազգային արդարադատության հիմքերի վրա հանգուցալուծում կստանա։ Բայց եթե ՀՀ-ն Ադրբեջանի հետ պարզապես ուզում է քաղաքական լուծում գտնել քաղաքական պատճառներով, կարող է իրավական բաղադրիչը հանել բանակցություններից և այդ խնդրին քաղաքական լուծում տալ։ Քանի որ մինչ այսօր արցախահայերի վերադարձի խնդիրը ոչ միայն չի դիտարկվում՝ որպես պարտադիր պահանջ, այլև որպես խոչընդոտ, ենթադրում եմ, որ այդ քայլին իրենք չեն դիմելու՝ հաշվի առնելով Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումը՝ որպես պետություն, որը բռնի ուժով տիրացել է այդ տարածքին և որևէ պատճառ չունի զիջումների գնալ»։
Փաստեցինք, որ 2026 թվականի ընթացքում Գերմանիայից արտաքսված քաղաքացիների մի շարք չվերթներ են իրականացվել դեպի Հայաստան, որոնց ուղևորների թվում են եղել նաև հայեր և հետաքրքրվեցինք՝ սա կապված է Գերմանիայում միգրացիոն իրավիճակի հե՞տ, խստացումնե՞ր կան, մեր զրուցակիցը պատասխանեց. «ՀՀ քաղաքացիների համար միշտ էլ դժվար է եղել Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալ՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն դիտարկվում է ԵՄ գրեթե բոլոր պետությունների կողմից՝ որպես ժողովրդավարական երկիր, որտեղ մարդու հիմնական իրավունքները պաշտպանված են։ Բացառություններ միշտ էլ լինում են, բայց դա է Եվրոպայի քաղաքականությունը ՀՀ-ի հետ կապված՝ հաշվի առնելով նաև, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման արդյունքում վիզաների ազատականացման ռեժիմի հետևանքով նաև հակասական կլինի ՀՀ-ին դիտարկել՝ որպես մի երկիր, որտեղից փախստականներ են գալիս։
Այսինքն՝ դա տրամաբանական գործընթացի հետևանք է։ Ինչքան Հայաստանը մոտենա ԵՄ-ին, այդքան քիչ տրամաբանական կլինի ՀՀ-ից եկող մարդկանց որակավորել՝ որպես փախստական։ Եվ մարդկանց մեծամասնությունը ռեալ հիմքեր էլ չունի։ Միշտ էլ դա նկատելի եղել է՝ հաշվի առնելով, որ Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունը բավականին խստացել է քաղաքական գործընթացների, ժողովրդի՝ ավելի կոշտ դիրքորոշման հետևանքով, որոշ իրադարձությունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել Գերմանիայում օտարերկրացիների հետ կապված, այդ խստացումը հանգեցնում է նաև նրան, որ ոչ միայն մերժումներն են ավելի արագ գալիս, այլև արտաքսումն ավելի կոպիտ ձևով է իրագործվում։ Մերժել և մարդուն թողնել մի երկրում այլ հարց է, մարդուն անմիջապես արտաքսելն՝ այլ»։ Հետաքրքրվեցինք՝ նոր արտաքսում հավանակա՞ն է, Քրիստիան Մխիթարյանը պատասխանեց. «Արտաքսման վտանգ միշտ էլ կա և իրագործվում է դեպի Հայաստան շատ արդյունավետ կերպով։ ՀՀ-ն և ԵՄ-ն՝ մասնավորապես Գերմանիան, ունեն համաձայնագրեր, որի շրջանակներում նույնիսկ անձնագիր չունեցող մարդիկ կարող են արտաքսվել վերադարձի թղթով՝ անձնագիրը փոխարինող փաստաթղթով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.11.2026



















































