Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հեռացման գինը՝ Հայաստանի սահմանադրությո՞ւնը

Նոյեմբեր 23,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Խաղաղության բանակցություններում կարողության և քաղաքական պատասխանատվության հարցը

Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկում է նոր Սահմանադրության հանրաքվե անցկացնել՝ դրա արդյունքի հետ կապելով իր քաղաքական ապագան։ Նախագծի մերժման դեպքում խոստանում է հրաժարական տալ, իսկ ընդունման դեպքում՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու։

Առաջին հայացքից սա կարող է ընկալվել որպես հանուն խաղաղության իշխանությունից հրաժարվելու պատրաստակամություն։ Սակայն առաջարկի քաղաքական տրամաբանությունը մեկ այլ հարցադրում է առաջացնում։

Ընդդիմությունը, որը կասկածի տակ է դնում վարչապետի կառավարման և բանակցային կարողությունը, կանգնեցվում է յուրօրինակ ընտրության առաջ. աջակցել սահմանադրական գործընթացին՝ ստանալով նրա հեռանալու խոստումը, կամ մերժել առաջարկը՝ վտանգելով խաղաղությանը խոչընդոտելու մեղադրանքի առաջ կանգնելը։

Իմ գնահատմամբ՝ սա մանիպուլյատիվ հարցադրում է, որովհետև քննարկման կենտրոնից դուրս է մղվում ամենակարևոր հարցը։

Խնդիրը ոչ թե այն է՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն ուզո՞ւմ է, թե՞ ոչ, այլ այն, թե արդյոք ունի Հայաստանի համար կայուն, արժանապատիվ և երաշխավորված խաղաղություն ապահովելու քաղաքական ու բանակցային կարողությունը։

Հայաստանը նրա պաշտոնավարման ընթացքում անցել է պատերազմի, պարտության, անվտանգային ծանր ճգնաժամերի և Արցախի հայաթափման միջով։ Այս իրադարձությունների պատճառներն ու պատասխանատվությունը բազմաշերտ են, սակայն դրանք հիմք են տալիս գնահատելու նաև գործող ղեկավարության որոշումները, բանակցային ռազմավարությունն ու արդյունքները։

Իմ համոզմամբ՝ հենց այդ անցած ճանապարհն է լրջորեն խաթարել վստահությունը գործող վարչապետի՝ հետագա անհամաչափ զիջումները կանխելու կարողության նկատմամբ։

Խոսքը միայն քաղաքական որոշումների մասին չէ։ Միջազգային բանակցություններում նշանակություն ունեն նաև ղեկավարի մասնագիտական պատրաստվածությունը, հեղինակությունը, դիրքորոշումների հետևողականությունը և պետական ներկայացուցչական մշակույթը։

Բանակցողի փոփոխության հարցը պետք է քննարկել նրա գործունեության արդյունքների, ոչ թե միայն քաղաքական պատկանելության տեսանկյունից։

Այստեղ է նաև Սահմանադրության խնդիրը։

Ադրբեջանը Հայաստանի սահմանադրական փոփոխությունները կապում է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Հայաստանի իշխանությունն իր հերթին հայտարարում է, որ սահմանադրական բարեփոխումը ներքին օրակարգ է։

Գործող իշխանությունը չունի նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ խորհրդարանական ձայները՝ առանց ընդդիմության առնվազն մի մասի աջակցության։ Այս հանգամանքը հայտնի է Փաշինյանին և դժվար թե անհայտ լինի ադրբեջանական կողմին։

Հետևաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք խնդիրը ոչ այնքան Սահմանադրության փոփոխությունն է, որքան գործող վարչապետի՝ իր բանակցային կարողությունների և հեղինակության նկատմամբ վստահության հարցը։ Եթե նա չի կարողանում ապահովել Հայաստանի համար ընդունելի պայմաններով խաղաղություն, ինչո՞ւ պետք է այդ խնդրի լուծումը փնտրել ընդդիմության համաձայնության, այլ ոչ թե բանակցողի փոփոխության հնարավորության մեջ։

Ընտրություններում ստացած կառավարման մանդատը չի նշանակում սահմանադրական ցանկացած փոփոխության նկատմամբ անվերապահ հանրային համաձայնություն։ Առավել ևս, երբ փոփոխության անհրաժեշտությունը քննարկվում է նաև արտաքին պետության ներկայացրած պահանջների համատեքստում։

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու որոշումը պետք է կայացվի Հայաստանի քաղաքացիների ինքնուրույն կամարտահայտությամբ։ Իսկ խաղաղության բանակցությունները պետք է առաջնորդվեն ինքնիշխանության հարգման և փոխադարձության սկզբունքներով։

Եթե գործող վարչապետը գտնում է, որ առանց սահմանադրական փոփոխության չի կարող առաջ տանել խաղաղության գործընթացը, ապա անհրաժեշտ է քննարկել նաև նրա բանակցային հնարավորությունների սահմանափակված լինելու հարցը։

Հրաժարականը և նոր ընտրությունները կարող են լինել այդ իրավիճակի ժողովրդավարական լուծումներից մեկը։ Նոր բանակցողը, ստանալով համապատասխան մանդատ, կարող է վերագնահատել բանակցային մոտեցումները՝ պահպանելով խաղաղության հնարավորությունը։

Իհարկե, նոր բանակցողի հայտնվելն ինքնաբերաբար չի փոխի Ադրբեջանի պահանջները կամ միջազգային միջավայրը։ Սակայն դրանից չի հետևում, թե Հայաստանի բանակցային հնարավորությունները պետք է նույնացնել մեկ ղեկավարի հնարավորությունների հետ։

Այս հարցում առաջնային նպատակը պարտադիր չէ անմիջապես նոր ձեռքբերումների հասնելը լինի։ Առաջին հերթին անհրաժեշտ է կանխել Հայաստանի բանակցային դիրքերի հետագա վատթարացումը՝ չկորցնելով խաղաղության հնարավորությունը։

Ընդդիմության կողմից բանակցողի փոփոխության անհրաժեշտության բարձրաձայնումը նույնպես չպետք է ներկայացվի որպես խաղաղությունից հրաժարում։ Այն կարող է ուղեկցվել միջազգային գործընկերներին ուղղված հստակ բացատրությամբ, որ խոսքը ոչ թե հակամարտության վերսկսման, այլ փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված խաղաղության հասնելու մասին է։

Վարչապետի հեռացման անհրաժեշտությունը կարող է հիմնավորվել նրա կառավարման և բանակցային գործունեության քաղաքական գնահատմամբ։ Սակայն այդ հարցը չի կարող դառնալ Հայաստանի Սահմանադրության փոփոխության դիմաց առաջարկվող փոխհատուցում։

Հակառակ դեպքում ստացվում է յուրօրինակ քաղաքական գործարք. ընդդիմությանը առաջարկվում է համաձայնել մի սահմանադրական գործընթացի, որի անհրաժեշտությունն ու պայմանները վիճարկում է, իսկ դրա դիմաց ստանալ վարչապետի հեռանալու խոստումը։

Եթե այդ առարկությունների հիմքում Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության մտահոգությունն է, ապա այն չի վերանում միայն իշխանափոխության հեռանկարով։

Խաղաղություն ցանկանալը դեռ չի նշանակում այն ապահովելու կարողություն ունենալ։ Իսկ բանակցողի կարողության հարցը չի կարող փոխարինվել նրա հեռանալու խոստումով։

Արգամ Խոյեցյան

«Առավոտ» օրաթերթ
21.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել