Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարիա Զախարովային չի մտահոգում Արցախի էթնիկ զտումը, բայց մտահոգում է, որ 15 հոգի Երևանում խաղաղ հանրահավաք ու քայլերթ են արել առանց որևէ թշնամանք քարոզելու»․ Հայկ Նազարյան

Հունվար 14,2024 19:29

«Մարիա Զախարովան ավելի շատ մտահոգված է 15 հոգուց բաղկացած քայլերթով, քան Արցախի էթնիկ զտմամբ։ Ասում է՝ Արցախում էթնիկ զտում չի եղել։ Ո՞նց չի եղել։ Այդքան հայ բա ստիպված եղավ դուրս գալ, դա իրեն չի՞ մտահոգում, բայց մտահոգում է, որ 15 հոգի Երևանում խաղաղ ու կարգապահ ինչ-որ հանրահավաք ու քայլերթ են արել առանց որևէ թշնամանք քարոզելու։ Դա ուղղակի երկերեսանիություն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հոսանք» շարժման հիմնադիր Հայկ Նազարյանը՝ անդրադառնալով Մարիա Զախարովայի հայտարարություններին, որտեղ իրենց «ֆաշիստ երիտասարդներ» է անվանում։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր, որ «Խորը մտահոգությամբ ընդունեցինք մի խումբ ֆաշիստ երիտասարդների երթը, որը տեղի ունեցավ հունվարի 1-ին Երևանի կենտրոնում և զարմացած ենք, որ հայ իրավապահները որևէ կերպ չեն միջամտել ցույցի մասնակիցներին, որոնք տեսախցիկների առաջ, ԶԼՄ-ների ներկայությամբ ցուցադրել են իրենց քաղաքական կողմնորոշումը՝ ձեռքեր բարձրացնելով «նացիստական ողջույնի ձևով»։

 

Հայկ Նազարյանի համար անհասկանալի է՝ Մարիա Զախարովան ինչո՞ւ նման մի բան պիտի ասի, որովհետև իրենք ո՛չ հանցանք են գործել, ո՛չ ատելության խոսք են ասել, ո՛չ ազգամիջյան թշնամանք են քարոզել, ո՛չ էլ երթի ժամանակ ՌԴ-ի դեմ ինչ-որ հակաքարոզչություն են արել։

Նշենք՝ հունվարի 1-ին, 20-րդ դարի ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը, տղամարդկանց մոտ 15-հոգանոց խումբ «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ կամք», «Հայաստանը՝ հայերին» վանկարկումներով Երևանի կենտրոնում հանրահավաք արեց։ Նժդեհի արձանի մոտակայքից մեկնարկած քայլերթի ընթացքում նրանք օգտագործում էին նաև հիտլերյան Գերմանիային հատուկ նացիստական ողջույնի ձևը`«Sieg Heil»-ը, պարզապես տեղական տարբերակով՝ «Միշտ հայ»։  Օգտատերերը քննադատում էին հավաքի մասնակիցներին՝ Գարեգին Նժդեհի անունը նացիզմի հետ նույնացնելու և հետևաբար՝ նրան վարկաբեկելու համար։ Մարդիկ կապեր տեսան ցույցի կազմակերպիչների և գործող իշխանությունների միջև։ Քննադատություններ հնչեցին նաև միջազգային հարթակներից․ հանրահավաքին անդրադարձան իսրայելական, ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները։

Ըստ Հայկ Նազարյանի՝ արձագանքների սպասում էին, բայց մի տեսակ զարմացած են եղել, որ այս աստիճանի եղավ այդ տեսակի արձագանքը, որ իրենց սկսեցին պիտակավորել․ «Նույնիսկ այն մարդիկ, որոնք իրենց համարում են լուրջ քաղաքական գործիչներ, լուրջ քաղաքական մեկնաբաններ, միանգամից մեզ սկսեցին պիտակավորել, մի կողմը սորոսական, մյուս կողմը՝ ԿԳԲ գործակալ, ուրիշները նիկոլական կամ Քոչարյանի պրոյեկտ մեզ համարեցին։ Ամեն ինչ լսել ենք։ Բայց որ ուշադիր նայում էի, ոչ մեկ մեզ նորմալ  չէր ուսումնասիրել։ Շատ քչերը մեր շարժումն ուսումնասիրեցին, իմ կենսագրությունը։ Շատերը մանիպուլյացիայի էին ենթարկում, այսինքն՝ մի երկու նկար են ցույց տալիս, ամեն երկու բառը մեկ նշում են՝ ֆաշիստական հանրահավաք։ Բայց ցույց չեն տալիս ամբողջ հանրահավաքը, իմ ելույթը, նույնիսկ շարժման, իմ անունը չէին նշում, որ մարդիկ ուսումնասիրեն՝ ես իրականում ով եմ՝ արդյոք ես բոբո ֆաշի՞ստ եմ, որ իրենք ներկայացնում են, թե՞ ուրիշ բան»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞վ եք Դուք, Հայկ Նազարյանը պատասխանեց․ «Ես հայ ազգայնական եմ։ Մեր ազգի հետ կապված խնդիրները վաղուց են ինձ մտահոգել․ այնպես չէ, որ մի օր որոշեցի՝ վեր կենամ, քաղաքականությամբ զբաղվեմ, քայլերթ անեմ։ 20 տարի է՝ ես այս գաղափարներով ապրում եմ։ Երկու տարի առաջ շարժումը հիմնադրեցի։ Նենց են ներկայացնում, որ իբր մեկն ինձ փող է տվել, որ ես դուրս գամ փողոց։ 15 հոգի, որ ես կարողացա հանել նման քայլերթի համար, հետևողական երկու տարի քարոզչություն արեցի, մարդկանց հետ հանդիպեցի, դրա արդյունքն է։ Ճիշտ է՝ 15 հոգի են, բայց շատ աջակիցներ կան սփյուռքում և Հայաստանում։ Ես ֆիզիկայի մագիստրոսի կոչում ունեմ, 7 տարի առաջ եմ տեղափոխվել ՀՀ, բանակում ծառայել եմ պայմանագրային հիմունքներով, ԱՄՆ-ից եմ տեղափոխվել։ Երբ ես պատերազմից հետո տեսա մեր ներքին քաղաքական խայտառակ թոհուբոհը, տեսա՝ ինչ վտանգներ են մեր երկրին սպասվում ներքին առումով․ ամեն ասպարեզում մենք տանուլ ենք տալիս, ասացի, որ ես չեմ կարող հանդիսատես լինել, որոշեցի անձնական պատասխանատվություն կրել։ Դրա համար հիմնադրեցի շարժումը և որոշեցի մի բան անել հունվարի 1-ին։ Նախ Նժդեհի ծնունդն էր, նաև սիմվոլիկ էր, որ նոր սկիզբ է։ Ինչ է թե Արցախը մենք կորցրինք, դա չի նշանակում, որ մենք թերթում ենք մեր պատմության վերջին էջը։ Նոր էջ ենք բացում»։

Հարցին՝ ո՞րն է ձեր նպատակը, ինչի՞ն են ուղղված ձեր գործողությունները, Հայկ Նազարյանը պատասխանեց․ «Բոլորն ասում են՝ չկա հայամետ մի քաղաքական ուժ, որը ոչ մեկից՝ ոչ մի օլիգարխից, աղանդից, ոչ մի գործակալական ցանցից կախված չէ։ Ես էլ էի անընդհատ նման քաղաքական ուժ ման գալիս, որ միանամ։ Չէի ուզում զրոյից մի բան սկսել։ Բայց ինչքան էլ ընտրում էի, չէի գտնում նման մաքուր, ազնիվ հիմքերով շարժում։ Պատերազմից հետո էլ ման եկա, չգտա։ Հետո ասացի՝ լավ, մինչև ե՞րբ եմ այսպես ման գալու, ես պետք է հիմնադրեմ։ Այդ պատասխանատվությունը կրեցի այն նպատակով, որ ազնիվ ազգային հիմքերով  լուրջ շարժում հիմնադրենք, որ լուրջ գործոն դառնա ու կարողանա բոլոր ազգային մտածողություն ունեցող մեր հայրենակիցներին՝ հատկապես երիտասարդներին համախմբել մի դրոշի ներքո, ու որ մենք կարողանանք ապագայում օրինական ճանապարհով գուցե իշխանության գալ։ Ինչո՞ւ ոչ, եթե մենք չենք, ուրեմն ովքե՞ր։ Մենք չենք թողնելու՝ մեր երկիրը կառավարեն ապիկար մարդիկ»։

Նշեցինք՝ ինչո՞ւ է ընտրվել ողջույնի՝ նացիստական ձևը, որը քննադատվեց, Հայկ Նազարյանը պատասխանեց․ «Մեզ հիմնականում պիտակավորում են ֆաշիստ, նեոնացիստ և այլն, որովհետև մեր դրոշի գույները նմանվում է երրորդ ռայխի գույներին՝ սև, սպիտակ, կարմիր։ Բայց ինչ է, թե մարդն այդ գույներն օգտագործում է, միանգամից հո դա նրան այսպես կոչված ֆաշիստ չի՞ դարձնում։ Հայ հեթանոսներ կան, որ Գառնիի տաճարի մոտ նույն ողջույնն են անում, դա հին արիական ողջույնն է, միանգամից պարտադիր չէ կապ ունենա ֆաշիզմի հետ։ Այնպես չէ, որ ես հիմա ասում եմ՝ ֆաշիզմը շատ վատ է, բաներ կան, որ իմ կարծիքով՝ պետք է վերանայվի․ երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը՝ առհասարակ այդ դարաշրջանը։ Չեմ ուզում դրա մեջ խորանալ, բայց դա չի նշանակում, որ մեկն ինչ է, թե աջ ձեռքն ուղիղ պարզած պահում է, ողջույն է անում, ուրեմն ինքը ֆաշիստ է։ Այդ նույն տրամաբանությամբ, եթե մեկը բռունցքը բարձրացնում է, ուրեմն ինքը բոլշևիկ, մարքսի՞ստ է, որովհետև Եվրոպայում, միջազգային քաղաքականության մեջ ով բռունցքով ողջույնն է անում, ինքը կոմունիստ է համարվում։ Ուրեմն, եթե հանրահավաքներում հավաքվում, բռունցք են անում, նշանակում է, որ իրենք կոմունի՞ստ են»։

Հարցին՝ քայլերթի համար հայտ ներկայացրե՞լ էիք, նա պատասխանեց․ «Ոչ, որովհետև ասել էին, որ մինչև 100 հոգի հանրահավաքի դեպքում պետք չէ տեղեկացնել, բայց հետո ինձ զգուշացրին, որ պետք է տեղեկացնեի»։

Մեր զրուցակիցն ասաց՝ ամեն դեպքում իրենք իրենց շարժման արտաքին իմիջը, գույնը  փոխելու են․ «Մեր ողջույնն էլ չենք անելու, քանի որ հասկանում ենք՝ հետխորհրդային երկրում ենք, այդ քարոզչությունն այդ ամենի դեմ ուժեղ է եղել, մարդիկ սթափ չեն կարողանում մտածել այդ հարցում։ Ամեն դեպքում, եթե մենք այդ ամենը հաշվի ենք  առնում, թեթև ռեբրենդինգ ենք անելու մեր շարժման հետ կապված, որ հետագա քայլերն ավելի ճիշտ լինեն»։

Հետաքրքրվեցինք՝ ՀՀ իրավապահների կողմից զգուշացում, զանգ եղե՞լ է, նա պատասխանեց․ «Շատ չծավալվեմ, բայց վերևից ասել են, որ այդպիսի այսպես կոչված  ֆաշիստական ատրիբուտներով չի լինի, էլ չեմ կարող նորից հանդես գալ, որովհետև սխալ է ընկալվում։ Բայց մի բան պետք է հասկանանք․ մեր արտաքին թշնամիները՝ թուրքերը և այլն, երբ տեսնեն ՀՀ-ում մի ազգային զարթոնք է տեղի ունենում, իրենք միշտ էլ նման վայնասուն կբարձրացնեն։ Կապ չունի, որ դա այսպես կոչված ֆաշիստական դրսևորում ունենա, թե ասենք՝ այլ դրսևորում։ Այնպես որ, դա էլ պետք է հաշվի առնենք։ Իրենք չեն նստելու, նայեն՝ ինչ լավ բան է, որ ՀՀ-ում ազգային զարթոնք է տեղի ունենում։ Իրենք մտահոգվելու են՝ այդ ամենը տեսնելով։ Լավ կլինի՝ մարդիկ մեր մասին ինչ-որ  եզրահանգման գալուց առաջ մի հատ ուսումնասիրեն մեր շարժումը, մեր մասին կարդան, ընդհանուր քայլերթն ու հանրահավաքը, իմ ելույթը նայեն, հետո ինչ-որ եզրակացություն անեն, ոչ թե միայն լսեն մի մեկնաբանի, որն իր դասը չի արել, ու մեկ էլ սկսում է անկապ ինչ-որ կարծիքներ հայտնել։ Պետք է այդ թակարդից դուրս գանք։ Ես կհորդորեմ հայրենակիցներին, որ սթափ մտածեն այս հարցում։ Այնպես են անում՝ կարծես մենք մեծ հանցանք ենք գործել։ Համ ասում են՝ ազատության երկիր է, ժողովրդավարություն, բայց երբ մարդ իր աջ ձեռքն ուղիղ պարզած է պահում, բոլորը հարձակվում են վրան։ Իսկ որ Նոր տարվա օրը ինչ ասես արվում էր, Հրապարակում ամեն տեսակ անկապ  բաներ էին անում, հավաքներ կային, դրա մասին ոչ մի բողոք  չկար, բայց մի կարգապահ քայլերթի համար բոլորը բողոքում են։ Պետք է ավելի սթափ այդ ամենը դիտարկենք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Հայկ Նազարյանի և «Հոսանք» շարժման կայքէջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031