Լրահոս
Օրվա լրահոսը

Պարբերաբար կրկնվող թիրախավորումն է նաև բուժաշխատողների նկատմամբ բռնություն ծնող պատճառներից մեկը. Արսեն Թորոսյան

Հունվար 16,2024 17:07

ՔՊ պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելը բացի նրանց, որ անընդունելի և դատապարտելի է, ինչպես անընդունելի և դատապարտելի է ցանկացած անձի նկատմամբ բռնությունը, նաև արգահատելի է, քանի որ փաստացի նսեմացնում է այն կարևոր և անձնվեր գործը, որ բուժաշխատողները սովորաբար շատ լուռ իրականացնում են` ամեն օր փրկելով հազարավոր կյանքեր:

Այդ հազարավոր փրկված կյանքերի մասին մենք սովորաբար չենք տեղեկանում, նրանց մասին մամուլը սովորաբար չի գրում, քանի որ դրա մեջ սենսացիա չկա, հավանաբար «հերոսություն» էլ չկա, կարծես թե դա հենց այդպես էլ պետք է լիներ:

Բայց հենց մի դեպք լինի, որ ցավոք բուժաշխատողները չկարողանան փրկել մեր հայրենակիցներից մեկի կյանքը, քանի որ ոչ բոլորի կյանքն է լինում փրկել առողջական իրավիճակից կախված, մեզնից շատերը, մամուլը դրանից կսարքի սենսացիա` թիրախավորելով հենց բուժաշխատողներին, որոնք թեև կրկին անձնվիրաբար պայքարել, բայց դժբախտաբար չեն կարողացել փրկել մեզնից որևի մեկի հարազատի կյանքը:

Եվ ահա պարբերաբար կրկնվող այս հրապարակային թիրախավորումն է նաև բուժաշխատողների նկատմամբ բռնություն և անհանդուրժողականություն ծնող պատճառներից մեկը, որի մասին մենք բոլորս պետք է խորհենք և հասկանալով դրա արատավոր բնույթը, դադարեցնենք այն:

Վերջին օրերին բռնության ենթարկված իմ գործընկերներին տոկունություն և շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Նաև խնդրում եմ նրանց չհիասթափվել և շարունակել իրականացնել` սովորաբար լուռ, բայց կյանքեր փրկող առաքելությունը, ինչի համար երախտապարտ ենք ձեզ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031