Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջոցներ ենք ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից տեղահանված գիտնականներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ակնկալում եմ, որ այս ուղղությամբ արձագանքներ կլինեն նաև Արաբական Միացյալ էմիրություններից»

Հունվար 17,2024 12:04

ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունեց ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը
Սույն թվականի հունվարի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ, դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորությամբ։


Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների, կենտրոնների տնօրեններ, գիտական համայնքի ներկայացուցիչներ։
Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Շնորհակալ եմ նախաձեռնության համար և ակնկալում եմ, որ այս հանդիպմամբ մենք հիմք կդնենք հետագա ամուր և շարունակական համագործակցության գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտներում՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների բարօրության, երկու ազգերի միջև հետագա բարեկամության և գիտակրթական համագործակցության կապերի հաստատման։ Հայաստանն ունի ակադեմիական գիտության հարուստ անցյալ և ներկա, և հուսով ենք, որ մեր այսօրվա հանդիպումը ճանապարհ կհարթի մտքերի, գիտելիքների և փորձի արդյունավետ փոխանակման համար», – ասաց Աշոտ Սաղյանը։

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ պատմությունն ու առաքելությունը՝ ակադեմիկոս Սաղյանը շեշտեց միջազգային համագործակցության կարևորությունը։ «Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում իրականացվում են բարեփոխումներ՝ գիտության զարգացման ժամանակակից պահանջներին համապատասխան։ Հուսով եմ, որ կկնքվեն համագործակցության պայմանագրեր նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ակադեմիաների և համալսարանների հետ: Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը կանի ամեն հնարավորն արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար», – ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի ողբերգական դեպքերին․ «Հայրենազրկվել է Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը, որոնց շարքում են նաև գիտնականներն ու կրթության ոլորտի աշխատակիցները: Սա նոր մարտահրավեր է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի համար։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից տեղահանված գիտնականներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ակնկալում եմ, որ այս ուղղությամբ արձագանքներ կլինեն նաև Արաբական Միացյալ էմիրություններից»:

ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ, դոկտոր Ալի Ալ-Նուայիմին ողջունեց հանդիպման մասնակիցներին։ «Հասարակարգի զարգացման գործում շատ կարևոր է գիտության և կրթության դերը։ Մեր աշխարհում կան շատ մարտահրավերներ, և մենք պետք է լինենք ունակ հարմարեցնել գիտությունը նոր մարտահրավերներին, միասին պայքարենք այդ մարտահրավերների դեմ, կարողանանք ճիշտ օգտագործել նորագույն տեխնոլոգիաները, օրինակ՝ արհեստական բանականությունը։ Գիտությունը և կրթությունը կարող են լինել միասնականության հարթակ, որպեսզի ստեղծենք կամուրջներ այլ ազգերի հետ և ապահովենք ավելի լավ ապագա մեր սերունդների համար։ Մենք բաց ենք համագործակցելու և կենտրոնանալու ապագայի վրա», – ասաց դոկտոր Ալի Ալ-Նուայիմին։

Այնուհետև ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը։ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը և ծրագրերը ներկայացրեց կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը։ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց աստղադիտարանի հիմնական հետազոտական ուղղությունները և միջազգային համագործակցության փորձը։ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը ներկայացրեց ինստիտուտի գործունեությունը, ռեսուրսները, ծառայությունները և ծրագրերը։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը ներկայացրեց ինստիտուտի գործունեությունը։

Հանդիպման ժամանակ ցուցադրվեց ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված ֆիլմը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031