Լրահոս
Օրվա լրահոսը

«Օղակաձեւ այգում այդ քանակի թենիսի կորտեր չեն կարող լինել․ կոռուպցիա չկա, սոցիալական ծրագիր է»․ փոխքաղաքապետ

Հունվար 30,2024 17:32

Հնարավոր է՝ Օղակաձեւ այգում թենիսի մեկ-երկու կորտ լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Օղակաձեւ զբոսայգու թենիսի կորտերի քանդման հարցին։

Հարցին՝ հնարավո՞ր է վերանայվի այս որոշումը՝ հաշվի առնելով հանրային բացասական արձագանքը, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Խոսքը գնացել է Օղակաձեւ այգին հանրային տարածք դարձնելու մասին, այսինքն, որ ամբողջությամբ հասանելի պետք է լինի, ցանցապատ տարածքներ չպետք է լինեն։ Այդ թվում՝ թենիսի կորտերը, որոնք թվով 6-ն են այնտեղ, նույնպես մասնավոր բիզնես են ներկայացնում, ինչքան էլ միտված են սպորտին։ Ես խնդրում եմ, որ դուք տեսանյութը դիտեք, թե մենք ինչ տարածք ենք այնտեղ պատկերացնում, մեծ ներդրում է կատարվում, եւ հանրության համար ամբողջությամբ հասանելի տարածք է լինելու։ Թենիսի կորտերի մասով տվյալ կազմակերպության հետ միասին կքննարկենք եւ այլ տարբերակներ կառաջարկենք, որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա շարունակել իր գործունեությունը։ Կոնկրետ այդ այգում այդ ծավալի ու քանակի թենիսի կորտեր չեն կարող լինել, որովհետեւ այդ քանակի թենիսի կորտերն էական տարածք է զբաղեցնում 4-րդ Օղակաձեւ այգում։ Հնարավոր է մեկ-երկու կորտ, բայց արդեն այլ տեղադիրքով այդ տարածքում պահպանվի, բայց որեւէ բիզնես գործոն այնտեղ չի լինելու։ Դա հանրային տարածք է, այսինքն՝ ցանկացած կառույց, շինարարություն, որը կանաչապատ տարածքի վրա է, դա պատկանում է համայնքին եւ հանրությանը։ Եթե թենիսի կորտեր այնտեղ կլինեն՝ մեկ-երկու, որեւէ բիզնես գործոն այնտեղ չի լինելու»,- ասաց նա։

Հարցին, թե սա կոռուպցիոն գործա՞րք չէ, Լեւոն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ոչ, սա բիզնեսի սոցիալական պատասխանատվության ծրագիր է, եւ ցանկացած կազմակերպություն, որն ուզում է սոցիալական ծրագիր իրականացնել, մասնավորապես, քաղաքի կանաչապատ գոտիների արդիականացման կամ ավելացման մասով, մենք պատրաստ ենք։ Մենք չենք դիմել, այդ ընկերության կողմից է եկել առաջարկը, եւ մենք դիտարկել ենք, հավանության ենք արժանացրել»։

Ըստ փոխքաղաքապետի՝ այս տարի Երեւանի քաղաքապետարանը հանրության համար բաց ու հասանելի եւս 10 թենիսի կորտ է նախագծում, դրանց տեղակայման վայրերը փնտրում են։

Անդրադառնալով որոշմանը, որ Օղակաձեւ այգու 4-րդ հատվածի ռեստորաններն ու սրճարանները եւս քանդվելու են, փոխքաղաքապետն ասաց․ «Գործող օրենսդրության շրջանակներում մենք մեր գործողություններն անելու ենք, այսինքն՝ գործարարը պատշաճ կերպով կտեղեկացվեն։ Իհարկե, ապամոնտաժվելու են, եթե այդտեղ ուզում ենք կանաչ տարածք տեսնել։ Ամբողջովին կանաչ տարածք է դառնալու, վերադառնալու է համայնքին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031