Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժաննա Անդրեասյանն է՛լ ավելի է կործանում ոլորտը». Ցույց ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ

Հունվար 31,2024 15:58

ԿԳՄՍ նախարարարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ պահանջում են նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը եւ  7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի չեղարկումը: «Ինչպես 2 օր առաջ հայտնել ենք՝ մենք պահանջում ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը, քանի որ նա իր պարտականությունների մեջ թերացել է եւ չի կարողացել կարգավորել ոլորտը: Ավելին՝ ինքն է՛լ ավելի է կործանում ոլորտը: Այնպես է ստացվել, որ մեր դպրոցական դասագրքերը, փոխանակ ծառայեն հայությանը եւ հայկական շահին, ծառայում են ադրբեջանական եւ թուրքական շահին: Այդ պատճառով պահանջում ենք իր հրաժարականը եւ գտնում ենք, որ պետք է անպայման հրաժարական տա»,­- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը խոտանելու պահանջ հետապնդող նախաձեռնող խմբի անդամ, թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը:

Թուրքագետը նշեց, թե գիտակցում են, որ մեկ դիմումով ու պահանջով նախարարը հրաժարական չի տալու, դրա համար փորձել են, իր ձեւակերպմամբ, մարդկային առումով ժամանակ տալ, որպեսզի նախարարն իր ձեռքով հրաժարականը գրի եւ հեռանա: «Որպեսզի գործը հեշտացնենք, մինչեւ անգամ մենք ենք գրել իր հրաժարականի դիմումը եւ վարչապետից պահանջել ենք, որ նրա վերջնահաշվարկը կատարի»,-ասաց նա:

Վազգեն Պետրոսյանի խոսքով՝ քանի որ հրաժարականի դիմում չի եղել, իրենք այսօրվանից սկսում են միջոցառումների շարք, որոնց արդյունքում հույս ունեն հասնել նախարարի հրաժարականին: Նախ սկսելու են իրազեկման աշխատանքներից, հայտարարելու են նաեւ ծաղրանկարի մրցույթ՝ դրամական մրցանակով: « Դժբախտաբար, մեր կառավարությունը բանջարաբոստանային կառավարություն է, եւ գլխավոր բուսաբանը, բացի բանջարներից՝ իր շուրջը ուրիշ մեկին տեսնել չի ուզում»,-ասաց նա: Ցուցարարները նաեւ փոքրիկ դդմիկ էին բերել իրենց հետ:

Վազգեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ իրենց հաջորդ հավաքը ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ նախատեսված է փետրվարի 14-ին: Այս անգամ էլ ներկայանալու են նախարարի հրաժարականի պահանջի տակ ստորագրած քաղաքացիների պահանջագրերով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031