Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ գնում ես բանակ կամ դատվում ես: Դու հո գի՞ժ չես, չե՞ս կարա գնաս ծառայես»․ հոգեկան եւ հոգեբանական խնդիրներով զինակոչիկներին որոշ զինկոմիսարիատներում սպառնում են 

Հունվար 31,2024 17:55

Զինակոչիկները բազմակողմանի եւ անաչառ հետազոտությունների չեն ենթարկվում, նրանց առողջական խնդիրները մինչեւ վերջ չեն բացահայտվում։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը։

Նրա խոսքով՝ զինկոմիսարիատներում զինակոչիկներին մոլորեցնում են՝ եթե պիտանիության մասին որոշումը բողոքարկես, չգնաս ծառայության, քրեական գործ է հարուցվելու․«Սա, որպես մահակ, օգտագործում են՝ սահմանափակելով զինակոչիկի իրավունքները։ Մարդը, երբ դառնում է զինակոչիկ, վերածվում է ․․․ կարծես այլեւս քաղաքացի չէ, ինչ-որ կարգավիճակ է ստանում, որի դեպքում աջ ու ձախ խախտվում են նրա իրավունքները։ Բուժհաստատությունների 90%-ը, իմանալով, որ քաղաքացին զինակոչիկ է, հրաժարվում են նույնիսկ վճարովի հետազոտություններ իրականացնել եւ գրավոր պատասխան տալ անձի առողջական վիճակի մասին։ Այդ բուժհաստատություններն ասում են՝ քանի որ զինակոչիկ է, մենք  իրավունք չունենք հետազոտել։ Չկա նման օրենք։ Ցանկացած քաղաքացի իրավունք ունի ցանկացած բուժհիմնարկում հետազոտվել եւ  իր առողջական վիճակի մասին տվյալներ ստանալ, չտրամադրելը մարդու իրավունքների խախտում է»։

Կարագոզյանը զինակոչիկների իրավունքների խախտման մի շարք օրինակներ է ներկայացնում։ Նշում է՝ շատ են դեպքերը, երբ զինակոչիկին պիտանի ճանաչելու մասին որոշումը դատարանում բողոքարկելու հնարավորություն չի տրվում․ «Քաղաքացին ամսի 8-ին ստացել է կանչ, որ պետք է բանակ գնա ամսի 12-ին, նույնիսկ տասը օր հետո, եթե կանչեին, զինակոչիկն ի վիճակի չէ տասը օրում դիմել դատարան ու ստանալ դատարանի որոշում ենթադրյալ նոր բուժզննություն անցնելու վերաբերյալ»։

ՀԿ-ի նախագահի ներկայացմամբ՝ չափից շատ են այն դեպքերը, երբ բժշկական հանձնաժողովները կոպտագույն խախտումներ են թույլ տալիս հոգեբանական եւ հոգեբուժական խնդիրներով զինակոչիկների նկատմամբ․ «Սրա հետեւանքով էլ  բանակում ինքնասպանության դեպքեր են արձանագրվում: Եթե զինակոչիկը օբյեկտիվորեն հետազոտվեր, ու առկա խնդիրները վեր հանեին, բանակում նա ինքն իրեն կամ ընկերոջը չէր վնասի։ Հոգեբանական կամ հոգեբուժական խնդիրների դեպքում անալիզներով չեն կարող խնդիրները բացահայտել, հետեւաբար չկա փաստ, ու հետեւաբար կարող են հոգեկան խնդրով ցանկացած զորակոչիկին կաշկանդելով ասել՝ դու հո գի՞ժ չես, չե՞ս կարա գնաս ծառայես։ Նման վերաբերմունքից զինակոչիկը բարդույթավորվում է, իր խնդրի մասին չի բարձրաձայնում»։

Նա ասաց, որ ՀԿ-ն վերջին զինակոչի ժամանակ արձանագրել է, որ հոգեկան խնդրով զինակոչիկի խնդիրները կոծկվել են տարբեր մարմիններում, նույնիսկ՝ ծնողների կողմից․ «Զինակոչիկն ընդգծված արտահայտությամբ հոգեկան խնդիր ուներ, նա համարվել էր պիտանի ծառայության համար։ Մենք բողոքարկեցինք, տարկետում տրամադրվեց նրան։ Ուշագրավ է պետության վերաբերմունքը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիների նկատմամբ, որի հետեւանքով բանակում ունենք ինքնասպանության դեպքեր։ Այս մարդիկ պոտենցիալ հանցագործներ չեն եղել»։

Ըստ Կարագոզյանի՝  զինկոմիսարիատների եւ բժշկական հանձնաժողովների աշխատակիցները զինակոչիկներին, որոնք մտադիր են որոշումները բողոքարկել, սպառնում են՝ դու դատվելու ես․ «Սա հստակ սպառնալիք է, երբ մարդը բողոքելու իրավունք ու տեղ ունի, բայց նրա գլխին կախված է քրեական գործը։ Նրանք զինակոչիկներին միշտ դնում են երկընտրանքի առաջ՝ կամ գնում ես բանակ, կամ դատվում ես, նույնիսկ այն դեպքում են սպառնում, երբ ակնհայտ է, որ պիտանի չէ ծառայության։ Պատկերացնո՞ւմ եք, հոգեբանական խնդրով մարդկանց ինչ վատ կացության մեջ են դնում»։

Ընդ որում, ՀԿ նախագահի դիտարկմամբ, սխալ որոշում կայացնողները նույնիսկ պատասխանատվության էլ չեն ենթարկվում։

Կարագոզյանը զինկոմիսարիատներում բարձիթողի վիճակի մեկ այլ դեպք էլ պատմեց․ «Արարատի մարզի զինակոչիկներին ամսի 28-ին զանգում են, ասում՝ առավոտյան ժամը 9-ին կներկայանաք Երեւանի Դավիթաշենի զինկոմիսարիատ՝ բուժհետազոտության։ Զինակոչիկները,  որոնք մոտ 50-ն են, առողջական խնդիրներ ունեն, ներկայանում են  առավոտյան 9-ին, չեն ընդունում նրանց, իբր զբաղված են, հետո գալիս է ընդմիջման ժամը, հետո ժամը 14:00-ին էլ դեռ պատրաստ չեն, ժամը 15:00-ին սկսում են ընդունել, մինչեւ ժամը 16:00-ը, մի ժամվա մեջ բոլոր հիսունին մի հայացքով,  թղթերը նայելով հետազոտություն են անցկացնում։ Առողջական խնդիրներ ունեցող մարդուն բերում եք, ժամերով  կանգնեցնում զինկոմիարիատի առաջ, սառույցի վրա, ձյուն էր գալիս, սա ի՞նչ է։ Նրանց մեջ կային մարդիկ, ում այցելել էր թաղայինը,  թե՝ ինչո՞ւ ձեր երեխան չի ներկայացել զինկոմիսարիատ, մինչդեռ երեխան առավոտից այնտեղ էր»։

Մանրամասն՝ տեսանյութում.

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031