Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կոչուբաեւ. «Նիկոլ Փաշինյանը մոռացել է, որ 2014-2015-ին ինքն էր հայտարարում, որ սահմանադրության մեջ չէ խնդիրը եւ ասում. տվեք ինձ ամենաբռնապետական սահմանադրությունը եւ ես մեր երկիրը կվերածեմ դրախտի»

Փետրվար 02,2024 22:50

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում պատասխանելով հարցին, թե ինչ կասի երեկվանից հասարակության լայն շրջանում քննարկվող թոփ թեմաների` Ալեն Սիմոնյանի հարսի ձերբակալման, էկոնոմիկայի փոխնախարար տիկնոջ տնային կալանքի եւ աղմկահարույց այլ ձերբակալությունների մասին, կարծիք հայտնեց, որ այս ամենը շոու է` քողարկելու ամենավտանգավոր հայտարարությունը, որ արեց Իլհամ Ալիեւը:

«Օրակարգ են նետվել այդ հարցերը, որպեսզի քննարկենք եւ մեր ուշադրությունը սեւեռվի այս ստեղծված խնդիրների վրա: Ես չեմ կարծում, որ առողջ տրամաբանություն ունեցող որեւէ մեկը կարող է մտածել, թե մենք այն աստիճան ժողովրդավար ենք, որ մեր պառլամենտի խոսնակի եղբոր կինը կարող է մեր հանրապետությունում ձերբակալվել: Իրականում սա այս իշխանությունների հայտնի ձեռագիրն է: Օրակարգ է նետվել այս մանր խնդիրը, որպեսզի քողարկվի գլխավոր հռետորաբանությունը, գլխավոր աշխարհաքաղաքական, մեր միջպետական խնդիրը: Իսկ որն է դա:

Ալիեւը Ադրբեջանից հայտարարեց, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն, պետք է փոխի սահմանադրությունը: Եվ այստեղ ամբողջ իշխանական շրջանակը, իշխանական մամուլը սկսեցին փնովել մեր սահմանադրությունը, անգամ այն համեմատվեց կարմիր շորի եւ ցլի հետ:

Վարչապետ Նիկոլը Փաշինյան մոռացել է, եւ առհասարակ ինքը դժբախտաբար, հիշողության կորուստ պարբերաբար է ունենում, որ դեռեւս 14-15 թվականին հենց ինքն էր հայտարարում, որ սահմանադրության մեջ չէ խնդիրը, ինքն էր ասում` տվեք ինձ ամենաբռնապետական սահմանադրությունը եւ ես մեր երկիրը կվերածեմ դրախտի: Եվ հիմա, երբ ինքը իշխանության է եկել, ունի սահմանադրություն, որը լավն է, վատն է, բայց սահմանադրություն է, որում տեղ գտած որոշ կարգավորումներ ես ինքս որպես իրավաբան խնդրահարույց եմ համարում: Բայց մեր սահմանադրությունը այնքան վատը չէ, այնքան չի հնացել, որպեսզի 2015 թվականին այն ընդունելուց 10 տարի չանցած, գնանք կրկնակի սահմանադրական փոփոխությունների:

Այստեղ գլխավոր նորմը, որ կա, հանրաքվեն է: Չէ՞ որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը փոփոխության հանգեցնող  ցանկացած հարց պետք է հանգեցնի հանրաքվեի:

Ես վստահ եմ, որ եթե վաղը հրապարակ նետվի սահմանադրական փոփոխության որեւէ նախագիծ, այնտեղ լինելու են հրաշալի կարգավորումներ մարդու իրավունքների կարգավորման վերաբերյալ, հրաշալի կառուցակարգեր պետական կառավարման վերաբերյալ, լինելու են նաեւ շատ սուր քննադատություններ հատկապես գենդերային ինքնությանը վերաբերող, հատկապես ստամբուլյան կոնվենցիայից բխող դրույթներ, որպեսզի այդ ամեն ինչի տակ քողարկվի այն մեկ պարզ կարգավորումը, որը իշխանությունը ցանկանում է կատարել մեր սահմանադրության մեջ: Դա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հանրաքվեից դեպի իշխանական լիազորություններ վերածելու մոտիվն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829