Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կորստից՝ «Թրամփի ԹՐԻՓՓ». Դերենիկ Մելիքեան  

Նոյեմբեր 18,2026 10:47 Share
Աջակցեք aravot.am-ին

Դկտր. Վելայաթիի նամակի հետքերով

  1. Դեռեւս «Թրիփփ» կոչւող Թրամփի կամ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ԻԻՀ միջազգային հարցերով հոգեւոր առաջնորդի խորհրդական դկտր. Վելայաթիի յորդորանքը Հայաստանի վարչապետին, իրանական տարբեր կարգի պետական-քաղաքական միաւորներ եւս զգուշացրել ու մտահոգութիւն էին յայտնել տւեալ միջանցքի գործարկման մասին։ Խնդիրն, ինչպէս պարզ է բոլորին, վերաբերում է Իրանի հիւսիսային սահմանամերձ շրջանի ռազմաքաղաքական անվտանգութեան առաջնահերթութիւններին, եւ ինչպէս իրանական պետական պաշտօնատարներն են բնութագրում «կարմիր գծերին»։
  2. Այնուհետեւ նոյնինքն դկտր. Վելայաթիի երկարաշունչ զգուշացումներին ի պատասխան, նախ Հայաստանի Անվտանգութեան խորհրդի նորանշանակ քարտուղար Ալէն Սիմոնեանը յայտարարում է, թէ «Թրիփփը» զուտ տնտեսական գործարք է եւ դրա շրջակայքում նոյնիսկ մէկ զինւորի առկայութիւնն իսկ բացառւում է։ Ապա, Ն. Փաշինեանն էլ առանձին հանդիպումներում յաջորդաբար թէ՛ նախագահ Փեզեշքիանին, եւ թէ՛ նրա օգնական Փուրմոհամմադիին է հաւաստիքներ տալիս 99 տարով ԱՄՆ-ին տրամադրած միջանցքի անվտանգութեան մասին։
  3. Հետաքրքիր դիպւածով, սակայն, թէ՛ Վելայաթիի, եւ թէ՛ հայկական պաշտօնեաների արձագանգներում ոչ մի խօսք՝ տւեալ միջանցքի կառուցման ու գործարկման խնդրում ադրբեջանա-թուրքական մեծ նախանձախնդրութեանց մասին։ Եւ ոչ մի խօսք՝ 2026 թ. օգոստոս ի 8-ի Թրամփ-Ալիեւ-Փաշինեան «թրիփեան» համաձայնագրի մասին։ Չէ՞ որ մինչայդ հէնց առաջիններից էին իրանական քաղաքական ու փորձագիտական շրջանակները, ովքեր իրաւացիօրէն «Զանգեզուրի միջանցք»-ը անւանել էին որպէս «ՆԱՏՕ-ի թուրանական ուղի…»։
  4. Միանգամայն ճիշտ է պրն. Վելայաթին, երբ Փաշինեանի իշխանութեանը արեւմտամէտ է համարում, բայց դա միակ պատճառը չէ տւեալ միջանցքի կառուցման, քանզի ինչպէս ասւեց՝ դրա հիմքում ընկած է աւելի քան մէկդարեայ անգլոսաքսոնական հեռահար նպատակը՝ հայկական սեպի չէզոքացումը՝ յօգուտ թուրք-ադրբեջանական տերիտորեալ միացմանը ու նաեւ ռուսական, իսկ այժմ էլ իրանական գործօնների թիրախաւորմանն ու թուլացմանը՝ Կովկասում։
  5. ԻԻՀ-ի համար վերոնշեալներից առաւել, անվտանգութեան սպառնալիքը, «Թրիփփ»-ին զուգընթաց՝ շրջանում իսրայէլական ռազմաքաղաքական ներկայութեան ապահովումն է, որում ամենաբացորոշ դերակատարը ոչ այլ ոքքան Ադրբեջանն է, Բաքւում տեղակայւած Իսրայէլի դեսպանատնով եւ երկուստեք ռազմավարական գործարքների ու ծրագրերի մասին բարձրաձայն յայտարարութիւններով։
  6. Ցաւօք, պրն. Վելայաթիի այն դիտարկմանը, ըստ որի՝ Փաշինեանի ժամանակ են հայ-ադրբեջանական յարաբերութիւնները վատթարացել, դժւարանում ենք համաձայնւել, քանզի, նրանով հանդերձ, որ տւեալ ժամանակաշրջանում պայթեց 2020-ի պատերազմը, բայց արդէն բոլորի համար է փաստւած, որ այդ պատերազմը դաւադրական, սադրիչ ու նախածրագրաւորւած էր նաեւ ու մանաւանդ միջազգային ուժային այնպիսի կառոյցների կողմից, որոնք չէին հանդուրժում ինչպէս Ռուսաստանի, այնպէս էլ Իրանի դերակատարումը՝ Կովկասեան տարածաշրջանում, եւ որոնց էլ ձեռ է տալիս «Զանգեզուրեան» կամ «Թրամփեան» միջանցքներ, դրանցից բխող բոլոր կարգի՝ տնտեսական ու աշխարհագրա-քաղաքական ներուժ ու ներգործուն սպառնալիքներով։
  7. Եւ վերջապէս՝ պարզ է ու ակնյայտ, թէ այս բոլոր ձախողումները, որոնք թւարկել է պրն. Վելայաթին, որտեղից են ակունք առնում։ ԻԻՀ անւանի նախկին ԱԳ նախարարը ինքն անձամբ միջամուխ է եղել 90-ականների Արցախի ազատագրական պայքարի հէնց դիւանագիտական բարդագոյն իրավիճակների ակունքներոմ։ Եւ ինք՛ն է իր այս վերջին յայտարարութիւններում խոստովանում, որ ժամանակին հայկական դերակատար կուսակցութիւնների ղեկավարների հետ է խօսել-բանակցել-վիճել ու …վստահաբար գիտակցել է Արցախի հայկական մնալու կենսականութիւնը՝ Հայաստանի ու հայութեան ապագայի եւ ինչու ոչ՝ նոյնինքն ԻԻՀ յարատեւ անվտանգութեան երաշխաւորման համար…, անշուշտ՝ կրօնական բացառութիւններն ու վերապահումները ի մտի ունենալով։

Այլապէս, յարգելի եւ փորձառու դկտր. Վելայաթին, ինքն էլ վստահաբար դիւանագիտական օրինաչափութիւններից ելած՝ գիտակցում է Արցախի կորստի վնասակարութիւնը ինչպէս ՀՀ-ի, այնպէս էլ՝ անխուսափելիօրէն ԻԻՀ-ի համար։

Սա յատկապէս կարեւոր է այն առումով, որ երեւոյթի պատճառա-հետեւանքային օրինաչափութեան նշանակութիւնը ճիշտ բանաձեւում ստանայ ինչպէս քաղաքական, այնպէս էլ եւ յատկապէս՝ պատմական գնահատականներում…։

Թերեւս տեղին է նոյնպէս յիշել եւ ինչու ոչ՝ բարձրաձայնել նահատակ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի այն յստակ յայտարարութիւնը նաեւ, որով ընդգծում էր Արցախի արդէն էթնիկ զտման ենթարկւած հայ բնակչութեան իրաւունքների յարգումը, վերականգնումն ու  պահպանումը…։

Չնայած՝ արդէն չափից դուրս լկտիացած Ադրբեջանի կողմից իրանական պետական (խորհրդարանի երկու պատգամաւոր), կրօնական (երկու բարձրաստիճան այաթօլլահներ), քաղաքական ու փորձագիտական գործիչների հասցէին «անցանկալի տարրերի» պիտակաւորման ներքոյ անւանացանկերի հրապարակմանը…։

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Պատմական գիտութիւնների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30