Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց ավտոյից դուրս եկանք, մի բժիշկ գլխիս թակեց։ Ասում է՝ «Помнишь Ходжалу». «Ազատություն»

Փետրվար 10,2024 20:19

«Ջուր խմեք, խնդրում եմ», հրապարակված տեսանյութում ադրբեջանցին հոգատար ձայնով ջուր է առաջարկում տիկին Գայանեին, հետո նրան բուտերբրոդ տալիս, հետո ոտքը վիրակապում։

Տեսախցիկների ներքո ամեն բան լավ էր, հիշում է ծանր վիրավորումով 5 օր ադրբեջանական գերության մեջ անցկացրած Գայանե Գաբրիելյանը։

Նա Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է։ Ընդամենը 12 ընտանիք ունեցող գյուղ, որ 5 զոհ ունեցավ, 15 վիրավոր ու 4 գերի։

Գայանեն պատմում է, երբ սեպտեմբերի 19-ի կեսօրին արկերն սկսեցին գյուղի վրա թափվել, գյուղապետին դիմեցին՝ վառելիք տուր, դուրս գանք։ Համայնքապետը հորդորել է հավաքվել մի տարածքում, բաց տարածքում։

«Չէ, ասում ա՝ նստեք, աղոթեք, ասում է՝ ի՞նչ եք պանիկա գցում։ Ժողովրդին կոտորում են, ասում է՝ ի՞ նչ եք պանիկա գցում», – հիշում է նա։

Ադրբեջանական արկերը հասան հենց այնտեղ, որտեղ փոքրիկ գյուղի մի խումբ բնակիչներ էին հավաքվել։ Այդտեղ զոհեր եղան, այդ թվում՝ սառնաղբյուրցի երկու փոքրիկ տղաները՝ Նվերն ու Միքայելը։ Գայանեն ենթադրում է՝ նրանցից մեկին հնարավոր էր փրկել. «Ինքը վիրավոր էր, որ սկոռին եկած լիներ, կփրկվեր»։

Գյուղապետն իր մեքենայով վիրավորների մի մասին դուրս է բերել գյուղից, Գայանեի համար տեղ չի գտնվել։ Այսպես մի քանի հոգով մնացել են գյուղում՝ հույսով, որ 2 կիլոմետրի վրա տեղակայված ռուս խաղաղապահները կգան իրենց փրկելու, Ստեփանակերտից մի շտապօգնությաուն կգա։ Գյուղից Գայանեն, Լիաննան, Ջեմմա տատիկն ու նրա հաշմանդամությամբ որդին՝ Լիպարիտը, որ նույնպես ծանր վիրավորում ուներ, երեք կանայք պատսպարվել են գյուղապետի տանը, Լիպարիտը մնացել է զոհերի մարմինների մոտ։ Րոպեներ անց 7-8 ադրբեջանցի հրացանավոր կանգնել է Գայանեի կողքին։

Չորսին էլ գերեվարել են, բարձրացրել զինվորական ուրալ, մինչև այդ գյուղի տներից հավաքել փող ու ոսկեղեն. «Մի թուրք տղա, որ գյուղից թալան էր անում, բերեց մի բուռ փող, էս փողն ի՞նչ է դառնում, ասում եմ՝ կարաս Բաքվում մի կվարտիրա առնես։ Որ տենց ասեցի, ուրախացավ»։

Վերջին պահին ադրբեջանցիները հասցրել են 3 ոչխար էլ տեղավորել «Ուրալ»-ի մեջ՝ գերիների հետ։

Գայանեն պատմում է՝ իրենց մինչև Աղդամ ու Շուշի հասցնելը մի քանի ադրբեջանական դիրքեր տարան։ Գայանեի պայուսակում գտնված Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամատոմսն ամենուրեք սպառնալիք է դարձել կնոջ համար։ Ադրբեջանցի զինվորականները պնդել են, թե դիպուկահար է։ Ինքն էլ՝ թե ոչ, գյուղապետարանի հավաքարարն եմ, գործի բերումով եմ կուսակցական դարձել։ Դժվարությամբ է համոզել։

«Ասում ա՝ բա խի՞ չեք փախել, ասում եմ՝ որովհետև չենք կարողացել, ոտքս ջարդվել է», – հիշում է նա։

Դիրքից դիրք չորս սառնաղբյուրցիներին տեղափոխել են քարշ տալով, վիրավորները քայլել չէին կարող, տատիկը վատացել էր։ Ավելի ուշ լրագրողները եկել են Աղդամ, որտեղ տեղափոխվել էին Սառնաղբյուրի գերիները. «Բերեցին, հաց ու երշիկ տվեցին, կերեք, դե վախից, համ սոված էինք, ճիշտն ասած, համ վախից։ Վերցրինք, հենց վերցրինք, նկարում էին։ Ես այդտեղ ուրախացա, որ նկարում էին, ասացի՝ վայ, Ֆեյսբուք կգցեն, ինձ, մեզ կճանաչեն, կիմանան, որ սաղ ենք»։

Այստեղ նաև բուժօգնություն են ցուցաբերել, բայց Գայանեն ասում է՝ զինվորականներից ոչ ոք իրեն չհարվածեց, հարվածեց բժիշկը. «Հենց ավտոյից դուրս եկանք, մի բժիշկ գլխիս թակեց։ Ասում է՝ «Помнишь Ходжалу», ասում եմ՝ չէ, ես փոքր եմ եղել»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829