Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կյանքեր փրկող պետական թանկ ծրագիր Գյումրիում․ կբուժեն սուր իշեմիկ կաթվածը

Հունիս 19,2021 22:15

Այսօր Գյումրի բժշկական կենտրոնում ազդարարվեց STROKE գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման նորագույն ծրագիրը։ Մարզերից Շիրակն առաջինն է, որտեղ  ներդրվում է կյանքներ փրկող այս ծրագիրը՝ պետպատվերի սահմաններում։ Այսինքն՝ բոլոր ծախսերը հոգում է պետությունը, իսկ  բուժումները շատ թանկ են․ կախված հիվանդի վիճակից ու բժշկական միջամտության անհրաժեշտությունից՝ պետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար 1,5 միլիոն դրամից մինչև 2,5-3,8 միլիոն դրամ է հատկացնում։

Նյարդաբան Ժորա Բաղդասարյանը, որն աշխատելու է Գյումրի բժշկական կենտրոնում ու իրագործելու է այս ծրագիրը, տեղեկացրեց, որ այն սկիզբ է դրվել 2019 թվականին փետրվարի 1-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնում և 1-ին հիվանդանոցում, այնուհետև «Աստղիկ» բժշկական կենտրոնում, իսկ այսօր` Գյումրիում։

Ժորա Բաղդասարյանի ներկայացմամբ՝ ծրագիրն ուղղված է իշեմիկ կաթվածի սուր փուլում բուժմանը, այսինքն՝  բուժումը հնարավոր է իրականացնել հիվանդության ամենասկզբնական փուլում։

Դրանք ժամանակակից բուժումներ են, որոնց դեպքում հիվանդի կենդանի մնալու, չմահանալու և հաշմանդամ չդառնալու շանսերը շատ ավելի մեծանում են։Այս մեթոդների կիրառությունը  թույլ  է տալիս իջեցնել մահացությունը և հաշմանդամությունը։

Բժիշկը, սակայն, նշում է, որ այս նորագույն մեթոդները, որոնք կիրառվում են իշեմիկ ինսուլտի դեպքում, ունեն մեկ թերություն, շատ սահմանափակ ժամանակում է հնարավոր բուժում իրականացնել։ Ըստ նրա, դա է պատճառը, որ Երևանից հեռու գտնվող տեղանքների բնակչության համար շատ դեպքերում հնարավոր չէ բուժումն իրականացնել, մինչև հիվանդին տեղափոխում են Երևան,  այդ թանկ, սահմանափակ ժամանակը կորցնում են։

Ըստ նրա, թրոմբոլիտիկ բուժումը հնարավոր է իրականացնել ինսուլտի նշանները սկսելուց ոչ ուշ, քան 4,5 ժամվա ընթացքում։

Շատ դեպքերում հիվանդներն այդ 4,5 ժամվա ընթացքում  կարող են հիվանդանոց չգնալ, որովհետև, ըստ նյարդաբանի,  մեծամասամբ ինսուլտի նշանների դեպքում ցավեր չկան և շատ հաճախ չեն կողմնորոշվում։ Իսկ այդ 4,5 ժամվա ընթացքում բժիշկը պիտի հասցնի հիվանդին հետազոտել, որպեսզի կարողանա ժամանակի մեջ տեղավորվել։

Ըստ մեր զրուցակցի, կաթվածը ՀՀ-ում մահվան երկրորդ պատճառն է  համարվում։

Բացի այդ, այս հիվանդությունը շատ տարածված է, ինսուլտը  մեր երկրում հաշմանդամության առաջին պատճառն է  հանդիսանում։

Մեր զրուցակիցն ասում է, որ նախքան այս ծրագրի մեկնարկը, ՀՀ-ում ինսուլտից մահացությունը 30 տոկոսի չափ էր կազմում, 10 ինսուլտով հիվանդացածներից 3-ը մահանում էին։  Իսկ օրինակ՝ « Էրեբունի» բժշկական կենտրոնում այս ծրագրի ներդրումից հետո մահացությունը իջեցվել  է մինչև 12 տոկոս։

Մի քանի անգամ իջեցվում է նաև հաշմանդամ դառնալու հավանականությունը։

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը փաստում է, որ  շատ հիվանդների էին ուղարկում Երևան, ժամանակի կորստի պատճառով ոչ բոլորին էր հնարավոր լինում փրկել։

Նա ևս մեջբերում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տվյալները, որտեղ ծրագրի ներդրմամբ 1000 հոգու կյանք է փրկվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930