Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Փաշինյանը ցնցուղը տալիս էր իր ձեռքը, ինքը պետք է հրաժարական տար». «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման անդամը՝ ԿԳՄՍ նախարարին

Փետրվար 28,2024 19:40

«Հայ Դպրոցը հեռու պահել հակազգային հոսանքների եւ գաղափարների ազդեցությունից» նշանաբանով հերթական ցույցը կայացավ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց:

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնությունը անդրդվելի է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջի հարցում: Շարժման նախաձեռնող մարմնի անդամ, թուրքագետ Վազգեն Պետրոսյանի խոսքով, այսօրվա դասագրքերով երեխաները ոչ սովորում են տրամաբանել, ոչ էլ հայեցի դաստիարակություն ու կրթություն են ստանում:

«Տպավորությունն այնպիսին է, թե այս ամենն արվում է այն նպատակով, որ այս դասագրքերով դաստիարակվի մի սերունդ, որը պետք է ստրուկի պես ծառայի թուրքին: Այդ պատճառով էլ պահանջում ենք ԿԳՄՍ նախարարի հրաժարականը»,-ասաց Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցներում խոսում է ԵՄ մտնելու, ժողովրդավարական բարձր արժեքների մասին, մինչդեռ ժողովրդավարական արժեքներով օժտված ցանկացած անձ, ումից պահանջում են հրաժարական, աշխատասենյակից դուրս կգար եւ կհարցներ՝ ինչու են պահանջում:

Վազգեն Պետրոսյանի խոսքով, քանի որ բռնատիրական իշխանության ներքո ենք գտնվում, նախարարը չի իջնում ներքեւ ու չի հարցնում, թե ինչու են իր հրաժարականը պահանջում: «Հիմա մենք բոլորի ներկայությամբ իրեն հրավիրում ենք ներքեւ, որպեսզի բացատրենք այն, որ ինչ ինքը անում է գիտության, կրթության, մշակույթի բնագավառների հետ, դրանով տանում է երկիրը կործանման: Կործանում է մեր բոլորի տունը, հայ ժողովրդի հայրենիքը, ինչպես կործանեցին Արցախը: Իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ այս պայքարը հեշտ ու հանգիստ չի լինելու, խնդիրներ են առաջանալու, ինքը հեշտությամբ հրաժարական չի տալու, քանի որ իր հրաժարականը բերելու է դոմինոյի էֆեկտի ամբողջ կառավարության համար, եւ կառավարությունն ամբողջությամբ է ստիպված լինելու հրաժարական տալ»,-նշեց շարժման նախաձեռնող մարմնի անդամը:

Նա ասաց, որ ինքը լավատես չէ, իրատես է, եւ ինքն է որոշում՝ բաժակը կիսով չափ դատա՞րկ է, թե՝ կիսով չափ լիքը, նույն էլ այս հրաժարականի հարցում է: Վազգեն Պետրոսյանը նաեւ լրագրողների հետ զրույցում ասաց. «Եթե Ժաննա Անդրեասյանն ինքնասիրություն ունենար, երբ Վանաձորում Նիկոլ Փաշինյանը ցնցուղը տալիս էր իր ձեռքը եւ ասում էր` տե՛ս, ինչ գին ունի, հենց այդտեղ պետք է հրաժարական տար»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829