Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանասերների բողոքն ու «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ի լռությունը․ Գյումրիում շների ստերջացման շուրջ աղմուկը չի դադարում

Մարտ 05,2024 20:15

2023 թվականի նոյեմբերի 16-ին Գյումրու համայնքապետարանի կողմից թափառող շների ստերջացման համար հայտարարված մրցույթում հաղթող կազմակերպություն է ճանաչվել «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն, որի դեմ, սակայն, կենդանասերները բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն ու նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 307 հոդվածի 1-ին մասով։

Կենդանապաշտպան Գոհար Տեր-Անտոնյանը տեսանյութ է նկարահանել ու տարածել այն մասին, որ այս ընկերությունը Գյումրու փողոցներից հավաքում է թափառող շներին, տեղափոխում մոտակա գյուղերից մեկի՝ Ջաջուռի անասնագոմ, այսպես ասած «բրախում» առանց հաց ու ջրի, «խոզանոցում» պահում շներին։

Կենդանասերների բողոքում ուշագրավ է այն, որ ՍՊԸ-ն մեկ շան ստերջացման գին սահմանել է 17 հազար 834 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի։

Ըստ կենդանասերների, սա աբսուրդային գումար է, նման գումար սահմանելու դեպքում հնարավոր չէ պատշաճ կազմակերպել վիրահատությունը․ դեղորայք ձեռք բերել, կենդանիներին սննդով ապահովել, աշխատակիցներին՝ աշխատավարձով։

Կենդանասերների՝ դատախազությանը ներկայացրած հաղորդման մեջ ՍՊԸ-ին մեղադրում են պետական միջոցների վատման և կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար։

Aravot.am-ը կապ հաստատեց «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ի հիմնադիր Հարություն Վիրաբյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու հնչող մեղադրանքների շուրջ։ Մենք փորձեցինք հստակեցնել, թե ինչպե՞ս է կարողանում այս ՍՊԸ-ն 17 հազար 834 դրամի սահմաններում ստերջացնել շներին։

Ի դեպ, Գյումրու համայնքապետարանի նախահաշվարկային արժեքը մեկ շան ստերջացման համար սահմանվել է 26 հազար դրամ, «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն մրցույթը շահել է 21 հազար 400 դրամով։

Կենդանիների ստերջացմամբ զբաղվող անասնաբույժներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը, այս գումարն անտրամաբանական է համարում, ըստ նրա՝ կախված ստերջացող շների քանակից և պայմանավորված տարածքով, մեկ շան ստերջացման գինը կկազմի 25-30 հազար դրամ։ Իսկ «ԿՈՒՄՆԻ»-ի շահած գնով նշանակում է պիտի աշխատես վնասով, առանց եկամուտի։

«ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ի տնօրենը կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, թե քրեական վարույթ կա նախաձեռնված, բոլոր հարցերի պատասխանը կտա նախաքննական մարմինը։

Գյումրու քաղաքապետարանից ևս պարզաբանում չհաջողվեց ստանալ, թեև գյումրեցիներին հետաքրքիր է, թե այդ ինչպես եղավ, որ «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն հիմնվելուն պես՝ 9 օր անց շահեց մրցույթը, ստանձնեց 500 շան ստերջացում, այն էլ այդքան ցածր գնով։ Եվ, ի վերջո, ի՞նչ կապ ունի այս ՍՊԸ-ի հիմնադիրը Գյումրու քաղաքային իշխանության հետ։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ևս պարզաբանում էր պահանջել, նա ֆեյսբուքյան իր էջում երկու անգամ անդրադարձ է կատարել թեմային՝ գրելով․ «Մինչ այս պահը Գյումրու համայնքապետարանից որևէ արձագանք չենք ստացել մեր հրատապ հրապարակմանը՝ կապված մամուլում տեղ գտած տեղեկատվության հետ, համաձայն որի շների ստերջացմամբ զբաղվող «ԿՈւՄՆԻ» ՍՊԸ-ն Գյումրու փողոցներից ստերջացման նպատակով հավաքագրված շներին պահել է Ջաջուռ գյուղի անասնագոմերից մեկում՝ առանց սննդի և ջրի:

ՀՀ քննչական կոմիտեն այս դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ ստացվել է նշված ընկերության կողմից ստանձնած գործառույթները որոշակի էական խախտումներով իրականացնելու և այլ հանգամանքների մասին հաղորդում։

Նախաձեռնված է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում են վարութային և քննչական գործողություններ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները համակողմանի ստուգելու, համապատասխան անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»։

Գյումրու քաղաքապետարանը որպես պարզաբանում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ի պայմանները, անասնաբույժը բացատրում է նախավիրահատական, վիրահատական ու հետվիրահատական ընթացքը՝ նշելով, որ վիրահատությունից առաջ կենդանին պիտի սոված լինի։

Ի դեպ, նշենք, որ թափառող կենդանիների խնդիրը մշտապես արծարծվում է ավագանու ամեն մի նիստում, դառնում բուռն քննարկման ու քննադատության թեմա։

«ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ի ղեկավարությունը կամ Գյումրու համայնքային իշխանությունը, որոնք հրաժարվում են պարզաբանումներ ներկայացնել, ամենայն հավանականությամբ ավագանու առաջիկա նիստին ստիպված կլինեն անդրադառնալ ստեղծված աղմուկին՝ խոսելով պատճառների մասին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031