Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանությունը Արցախի հետ կապված քաղաքական հարցերից խուսափում է, բայց խելքը գլխին իշխանությունն այս առիթը կօգտագործեր»․ Արամայիս Աղաբեկյան

Մարտ 07,2024 13:53

 «Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։

-Պարոն Աղաբեկյան, Հայաստանի կառավարությունը ներկայացրեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի նախնական տարբերակը, ըստ որի՝ յուրաքանչյուր անձի նախատեսվում է 3 մլն դրամ հատկացնել՝ ընտանիքի չափահաս անդամների համար այդ գումարը վերադարձնելու պայմանով։ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները հայտարարեցին, որ Արցախի իշխանությունների հետ չի քննարկվել այս ծրագիրը։ Միաժամանակ արցախցիները բողոքի ցույց արեցին՝ պահանջելով հաշվի առնել իրենց առաջարկությունները։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կառավարության այս մոտեցումը։

– Իմ կարծիքով՝ դրա տակ ավելի շատ ներքաղաքական բովանդակություն է թաքնված, որովհետեւ ստացվում է այնպես, որ Արցախից բռնի տեղահանվածներին ավելի ձեռնտու է օգտվել սահմանամերձ շրջաններում բնակարան ձեռք բերելու ծրագրից (աջակցության չափը՝ 16 մլն դրամ), քան թե կառավարության առաջարկած այս բնակապահովման ծրագրից։ Եթե հաշվարկն անենք 5 հոգանոց ընտանիքի համար, կառավարության առաջարկած ծրագրով այդ ընտանիքը ստանալու է 15 մլն դրամ, եթե հաշվի առնենք, որ 5 հոգանոց ընտանիքում առնվազն երկու չափահաս պետք է լինեն, իսկ չափահասների դեպքում այդ ծրագրով գումարի վերադարձ պետք է տեղի ունենա, ստացվում է, որ այս ծրագրով անհատույց 9 մլն դրամ է հատկացվելու 5 հոգանոց ընտանիքին, իսկ սահմանամերձ բնակավայրերի ծրագրով՝ 16 մլն դրամ։

Այս ծրագրով, իմ կարծիքով, ՀՀ կառավարությունը փորձել է «սիրաշահել» ՀՀ քաղաքացիներին՝ առանց գնահատելու արցախցիների իրական կարիքները։ Հաշվարկ է արել, 100 հազարից ավելի արցախցի կա այստեղ, որոնց ինքը քաղաքացիությունից զրկել է, վաղը-մյուս օրը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու, ընտրությունների գնալու առիթ է լինելու, զուտ քաղաքական հաշվարկ է արել։ Սկզբում որոշել են Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելով՝ «Հայաստանի անվտանգային համակարգը բարձրացնել», բայց ձախողել են։ Հիմա էլ արցախցների կենսական իրավունքների հաշվին փորձում են պատրանք ստեղծել, թե իբր իրենց համար գերագույն արժեքը ՀՀ քաղաքացին է։

Դրա հետ մեկտեղ՝ նաեւ իրենց տեղեկատվական ռեսուրսների պատասխանատուների միջոցով բավական ագրեսիվ քարոզչություն են անում, հայաստանցի-արցախցի ատելություն սերմանում, այնպիսի հոդվածներ են տպագրում, որոնք երեւի ավելի տրամաբանական կլիներ, որ ադրբեջանական տեղեկատվական խողովակները տպագրեին։ Ընդհուպ ներկայացնում են, թե Հայաստանի ընդդիմությունը փորձում է արցախցիների միջոցով հեղափոխություն անել, Մեղրին տալ, Սյունիքում միջանցք բացել, հայտարարություններ են արվում, որ իբր նորից ղարաբաղցիները պիտի գան իշխանության։ Այս ամենը իրար հետեւից կատարվող գործընթացներ են, որոնք լավ բանի չեն կարող հանգեցնել եւ հաստատ մեր ժողովրդի շահերից չեն բխում։

Կան տեսակետներ, որ արցախցիների սոցիալական խնդիրները չլուծելով, քաղաքացիության հարցում խառնաշփոթ ստեղծելով՝ Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն, որպեսզի արցախցիները լքեն Հայաստանը։ Արդեն կան ահազանգեր, որ շատերն են որոշել արտագաղթել կամ արդեն արտագաղթել են։ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք։

-Հայաստանը լքելու մասին վերջին տեղեկությունը ԱԱԾ սահմանապահ ուժերի տված տեղեկությունն էր, դրանից հետո պաշտոնական տեղեկություն չկա։ Ըստ այդ տեղեկատվության՝ մոտ 10 հազար արցախցի գնացել են, 4000-ը՝ վերադարձել։ Ընդհանուր առմամբ, ստացվում էր, որ 6000 մարդ է ՀՀ-ն լքել։ Բայց դա մի քանի ամիս առաջ էր եղել։ Կարծում եմ՝ էլի կլինեն ընտանիքներ, որոնք լքել են Հայաստանը։

Այդ պնդումները, որ արցախցիները կլքեն Հայաստան, տրամաբանական են, որովհետեւ «40+10 հազարները» կտրում են, դրանք ստանալու են միայն անչափահասները, եւ ինչ-որ սիմվոլիկ գումար էլ առաջարկվում է թոշակառուների համար։ Իրենք սոցիալական ծրագրերի անունը դրել են, որ լավարկում են արել, բայց մարդիկ կարող են հաշվարկել ու ասել, որ 2 տարի պետք է սպասեն, մինչեւ իրենց բնակարանային խնդրի լուծման հերթը կգա, եւ արտագաղթի միտում կարող է լինել։

-Փաստեր կան, որ ադրբեջանցիները ոչնչացնում են Արցախի պետական հաստատությունների շենք-շինությունները, մշակութային ժառանգությունը, գերեզմանները։ Թշնամու նպատակը պարզ է՝ զավթել հայկական տարածքներն ու ջնջել հայկական հետքը, ո՞րն է հայկական կողմի անելիքը։

-Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած քաղաքական հարցից խուսափում է։ Խելքը գլխին իշխանությունն այս առիթը կօգտագործեր, միջազգային համաժողովներ կկազմակերպեր, տեղահանված բնակիչների համար միջազգային ֆինանսական ռեսուրսներ կներգրավեր, որը երկու բաղադրիչ ունի՝ ֆինանսական եւ քաղաքական։ ՀՀ կառավարությունը նույնիսկ դրան չի դիմել, բայց Վրաստանի ու Ուկրաինայի օրինակով մենք այդ քայլերը տեսել ենք։ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցի մասին չխոսի։

Ես երկու օր առաջ եմ ստուգել, ՀՀ արտաքին գործերի նախարարության էջից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բաժնում որեւէ բովանդակություն չկա։ Իհարկե, մտահոգիչ է, որ ադրբեջանցիներն Արցախում շենքեր են քանդում, բայց ավելի մտահոգիչ է այն, որ Բաքուն պետական մակարդակով կրթական թեզ է ներդրել՝ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան»։ Արցախի հարցն արդեն համարում են հորով-մորով արած, արդեն ՀՀ տարածքների նկատմամբ են նկրտումներ ձեւավորում։

Նիկոլ Փաշինյանի իշխանության հետագա շարունակությունն ավելի շատ պայմանավորված է գոյություն ունեցող քաղաքական բեւեռի նկատմամբ ժողովրդի ատելությամբ, քան թե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությամբ։ Ես համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիների մոտ անվստահության մթնոլորտ է նաեւ Փաշինյանի նկատմամբ, բայց քանի որ ամեն անգամ նախկիններն են դուրս գալիս երկրորդ ճակատում, ինքը դրա հաշվին կարողանում է իշխանությունը պահել։ Եվ դրանից տուժում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդը, այլեւ հայաստանաբնակները։ Հայ ժողովուրդը հայտնվել է այսպիսի փակուղային իրավիճակի մեջ, եւ հայակենտրոն ուժերը պետք է ամեն ինչ անեն, որ դրանցի դուրս գանք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031