Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Որեւէ քաղաքական գործընթացի չեմ մասնակցել, որեւէ գրագրություն չեմ հանրայանացրել, չեմ հրապարակել. Անդրանիկ Մնացականյան

Մարտ 15,2024 19:33

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի անունը նույնպես շրջանառվում է դատավորների աղմկահարույց գրագրության հետ, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, մի քանի դատավոր իշխանության ղեկավար անձանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել:

Այսօր լրագրողները Մնացականյանից հետաքրքրվեցին՝ ինչ առնչություն է ունեցել հայտնի գրագրությանը, լայքե՞լ է, ճնշումնե՞ր կան իր վրա, որ դիմում գրի հեռանա համակարգից, նա ի պատասխան ասաց. «Ես որեւէ մեկին ոչ մի վիրավորական բան չեմ ասել, որեւէ քաղաքական գործընթացի չեմ մասնակցել, որեւէ գրագրություն չեմ հանրայանացրել, չեմ հրապարակել: Այլ մեկնաբանություն չունեմ»:  Լրագրողների այլ հարցերին, թե կդիմանա՞ ճնշումներին, թե դիմում կգրի, կհեռանա կամ արդյոք դատավորներով չատ են ունեցել եւ այլն, դատավորը չպատասխանեց ու հեռացավ:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, վերջին շրջանում սեփական դիմումի համաձայն՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Դրանից առաջ էլ Արշակ Վարդանյանն էր  սեփական դիմումի համաձայն հեռացել համակարգից: Ըստ մամուլի հրապարակումների՝ վերոնշյալ դատավորները իրենց խմբում կոնկրետ իշխանության ղեկավար անձանց մասով հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպել են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031