Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատրաստ ես Ադրբեջանին տալ հայկական տարածքները, ուրեմն պարտավոր ես նրա առաջ խնդիր դնել՝ վերականգնել ԼՂ-ի ինքնավար մարզի կարգավիճակը». Վարդան Օսկանյան

Մարտ 16,2024 20:08

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հայաստանյան քաղաքական դաշտում քննարկվող երկու թեմաների, առաջինն, ըստ նրա, Ադրբեջանին տարածքներ հանձնելու խնդիրն է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտնեց: Իսկ երկրորդը Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւն է, որը, Օսկանյանի ձեւակերպմամբ, թափահարվում է ընդամենը որպես Հայաստանի ԵՄ անդամակցության սկիզբ, մինչդեռ այնտեղ ավելի կարեւոր խնդիր է արծարծվում:

«Երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ասաց, որ այդ տարածքները պատրաստվում է տալ Ադրբեջանին, բնականաբար ինքը հենվում է այն բանի վրա, որ դրանք խորհրդային շրջանում եղել են ադրբեջանական, փլուզման պահին այդպիսին են եղել, ուստի պետք է վերադարձնել… Ինքն ուզում է տալ եւ համարում է, որ դրանք ադրբեջանական տարածքներ են: Եթե Փաշինյանը հանգել է այդ որոշմանը, նշանակում է` ինքն ակամա կիրառության մեջ է դնում միջազգային օրենքի մի կարեւոր սկզբունք, որը կոչվում է Uti possidetis, սա հռոմեական ժամանակներից է գալիս, բայց մեր նոր ժամանակներում եւս հաճախ է կիրառություն գտնում…

Սա նշանակում է, որ երբ կտրուկ իրավիճակ է փոխվում տարածաշրջանում կամ երկու երկրների միջեւ, նոր պետք է սահմաններ ձեւավորվեն, ինը՝  իմն է, իմն է սկզբունքով: Նոր հարաբերությունները կառուցվում են  Uti possidetis սկզբունքով»,-ասաց ԱԶԳ նախարարը՝ որպես օրինակ բերելով Հարավսլավիայի, Լատինական Ամերիկայի եւ  այլ երկրների գործընթացները: Փաշինյանը, սակայն, այս սկզբունքը, փաստորեն, կիրառում է միակողմանիորեն»:

Վարդան Օսկանյանի ձեւակերպմամբ, բացարձակ դիվանագիտական անմեղսունակությունն է գերիշխում: Նա դիմում է Փաշինյանին. «Եթե դու պատրաստ ես Ադրբեջանին տալ հայկական տարածքները, ուրեմն պարտավոր ես Ադրբեջանի առաջ խնդիր դնել վերականգնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը: Սրանք նույն հարթության վրա են, երկուսն էլ խորհրդային շրջանի ժառանգություն են: Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Հարավսլավիայում, հետո նաեւ ԽՍՀՄ-ում, երբ Uti possidetis-ը կիրառվում էր, ասում էին՝ այո արտաքին սահմանները մնում են նույնը, բայց նաեւ չեն փոխվում ներքին եղած կարգավիճակները»:

ԱԶԳ նախկին նախարարի խոսքով, Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւն այսօր թափահարվում է, իրականում արհամարհվում է այնտեղ եղած  մի շատ ավելի  կարեւոր կետ. «Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում եթե կա մի կետ, որ այսօր գործնական կիրառություն ունի մեզ համար, եւ Հայաստանի շահերից է բխում, դա 14-րդ կետն է, որտեղ կոչ է արվում Ադրբեջանին նստել բանակցությունների արցախահայության ղեկավարության հետ եւ միջազգային ներկայությամբ  ապահովել նրանց վերադարձը իրենց բները, իրենց հողը, որպեսզի խաղաղ ու արժանապատիվ ապրեն իրենց հողի վրա: Այնտեղ կարգավիճակ չի անվանվում, բայց նկարագրվում է արցախահայության հնարավոր կարգավիճակը՝ իրենց հողի վրա»:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031