Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների համար նույնիսկ քննարկման առարկա չէ որեւէ տարածքի զիջումը, քանի որ դրանք ռազմավարական նշանակություն ունեն»․ Մեսրոպ Առաքելյան

Մարտ 18,2024 19:20

«Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներից որեւէ մեկի համար նույնիսկ քննարկման առարկա չէ որեւէ տարածքի զիջումը»,- Aravot.am –ի զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Նա կուսակցության անդամների հետ երեկ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքն էր այցելել։

Երեկ Տավուշի մարզի Վերին Ոսկեպար էին այցելել մի խումբ քաղաքացիներ «Մարտական եղբայրության» կոչով»։ Կազմակերպության ներկայացուցիչ Հրանտ Տեր-Աբրահամյանը այցի ժամանակ հայտարարել է, որ այցի նպատակն  է ցույց տալ, որ այսպես կոչված անկլավների խնդիրները միայն Ոսկեպարի կամ Բաղանիսի խնդիրը չէ, դա բոլոր հայերի խնդիրն է, բոլորին մտահոգող խնդիր է, Հայաստանի խնդիրն է։

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Տավուշի մարզ եւ Ոսկեպար գյուղում հանդիպել է  Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից գյուղերի բնակիչների հետ։ Անկլավների թեմայով տեղացիների հետ խոսելու մտադրության մասին Փաշինյանն իր վերջին ասուլիսում էր ասել։ Նույն ասուլիսում Փաշինյանը հարցին՝ Բաքվից պահանջում են Տավուշի չորս գյուղեր անհապաղ վերադարձնել, պատասխանել էր․ «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ՀՀ տարածքում, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ ժամանակներում, այլեւ դրանից հետո: Այն պատկերը, որ ցուցադրեցի, ՀՀ դե յուրե ամրագրված տարածքն է»:

Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ ներկա են եղել «Մարտական եղբայրության» հրավերով կազմակերպած միջոցառմանը, որին բազմաթիվ քաղաքացիներ էին մասնակցում․«Ողջունում ենք, որ «Մարտական եղբայրությունը, «Ազատազենը», բազմաթիվ այլ քաղաքացիներ եկել էին այնտեղ ֆեյսբուքից դուրս արտահայտելու իրենց մտահոգությունները։ Այդ կառույցների նախաձեռնությամբ մի քանի ամիս է՝ Վերին Ոսկեպարում հրաձգարան է գործակվում։ Վերջերս էլ այդ տարածքում ոստիկանությունը չէր թողնում գործունեություն իրականացնել, այդ տարածք  էին այցելել, ու սրանով պայմանավորված բազմաթիվ քաղաքացիներ այցելել էին՝ ցույց տալու, որ  Հայաստանի Հանրապետությունում անկլավներ չկան»։

Առաքելյանն ասաց, որ  համայնքի բնակիչների հետ բազմիցս զրուցել են, երեկ՝ նույնպես․«Բնակիչներից որեւէ մեկի համար նույնիսկ քննարկման առարկա չէ որեւէ տարածքի զիջումը,  քանի որ բոլոր տարածքները ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն Նոյեմբերյան համայնքի,  այլեւ Հայաստանի Հանրապետության   համար։  Այդ հատվածը շատ կարեւոր է, հետեւաբար, զիջելը քննարկման առարկա չէ։ Նոյեմբերյան համայնքի ղեկավարության ու բնակիչների կարծիքը միանշանակ է՝  որեւէ գյուղ չպիտի զիջել։ Բայց իշխանությունները շարունակում են իրենց պարտվողական  քաղաքականությունը եւ Ադրբեջանի յուրաքանչյուր պահանջ դարձնում են քննարկման առարկա, հետո,  ցավոք, նաեւ՝ իրականություն»։

Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը ներկա է եղել Ոսկեպարի բնակիչ Նվեր Բեգլարյանը, որը մանրամասներ է հայտնել․«Ինչ էլ հարցրեցինք, պատասխանեց, որ պատերազմ կլինի, եթե այդ չորս գյուղերը չտանք, իսկ եթե փորձենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնել ու առաջ գնալ, Թուրքիան կհարձակվի մեզ վրա։ Այսինքն՝ գիտի, որ ժողովուրդն Ադրբեջանից չի վախենում, հիմա Թուրքիայով է վախեցնում ժողովրդին։ Մեր բոլոր փաստարկները, որ գյուղը կդատարկվի, հաշվի չառնվեց»։

«Մարտական եղբայրության» ներկայացուցիչ Հրանտ Տեր-Աբրահամյանն այսօր ավելի վաղ ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Փաշինյանի այցի նպատակն է՝ համոզել տեղի մարդկանց, որ անխուսափելի է տարածքների քայլ առ քայլ զիջումն Ադրբեջանին։

««Կտոր-կտոր» զիջումներով իբր խաղաղության հասնելու ճանապարհը վաղուց ապացուցել է իր անհեռանկարայնությունը, և այդ էջը պետք է հետ շրջվի»,-գրել է Տեր-Աբրահամյանը։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031