Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահի հետ հանդիպմանը Արշակյանը կարեւորել է Հայաստան-Նյու Դելի ուղիղ ավիաչվերթների հարցը

Մարտ 27,2024 17:41

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ողջունելով Հնդկաստանի պատվիրակությանը, նշել է. «Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ իր գործընկերությունը: Մեր բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, եւ կարող ենք վստահորեն փաստել, որ այդ ավանդական բարեկամությունն այսօր արտացոլվում է երկու երկրների հարաբերություններում: Հայ-հնդկական հարաբերությունները գտնվում են որակական նոր մակարդակում, եւ երկուստեք ջանքերը պետք է մեկտեղվեն՝ այդ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»:

Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում բարձր է գնահատել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ երկխոսությունը. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու»:

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի եւ կապի, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, գիտության եւ կրթության, տեղեկատվության եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:

Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է երկու երկրների միջեւ՝ Հայաստան-Նյու Դելի ուղիղ ավիաչվերթների հարցը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացը եւ խաղաղության հաստատման երեք հիմնական սկզբունքները. «Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացում»:

Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանին կարեւորել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ Հայաստանն իրենց կարեւոր գործընկերներից է. Հայաստանի շուրջ իրադարձությունները գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում:

Հարիվանշ Նարայանին իր աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին եւ կարեւորել այս գործընթացում համապարփակ խաղաղության եւ կայունության հաստատումը՝ հույս հայտնելով, որ հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը կնպաստի խաղաղության օրակարգի հաստատմանը:

Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել