Բաքվի երկակի խաղը, Անկարայի հետ լարվածությունը, Հայաստանի հնարավորություններն ու վտանգները
Ադրբեջանի խաղաղասիրական հռետորաբանության հետեւում նոր պայմաններ եւ հին պահանջներ են
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Բաքուն շարունակում է համադրել երկու՝ առաջին հայացքից իրարամերժ մոտեցում։ Մի կողմից՝ ադրբեջանցի պաշտոնյաները խոսում են տարածաշրջանային խաղաղության, տնտեսական կապերի եւ համագործակցության նոր հնարավորությունների մասին, մյուս կողմից՝ պարբերաբար հնչեցնում են հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում խաղաղության պայմանագրի ստորագրման իրական պատրաստակամությունը եւ գործընթացը պայմանավորում են Հայաստանից նոր զիջումներ ստանալու հեռանկարով։
Այս երկակիության առավել խոսուն դրսեւորումներից մեկը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի՝ նախորդ շաբաթ Բաքվում հնչեցրած հայտարարությունն էր։ Նա նշել էր, որ Հայաստանը եւ հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք շուրջ երեք տասնամյակ չեն կարողացել վերադառնալ իրենց բնակավայրեր։ Հաջիեւը միաժամանակ հայտարարել էր, որ Բաքուն մտադիր չէ դիմել ռեւանշի, սակայն ընդգծել էր՝ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաեւ մնալ միայն թղթի վրա։
Կարդացեք նաև
Այս ձեւակերպումը քաղաքական ազդակ է, որ նույնիսկ պայմանագրի ստորագրումը Բաքվի համար ինքնին վերջնական նպատակ չէ, եւ դրանից հետո էլ կարող են առաջ քաշվել նոր պահանջներ կամ պայմաններ։ Հատկանշական է, որ Հաջիեւի խոսքերը հնչել են Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին։ Մինչդեռ ադրբեջանական կողմը շարունակում է որպես նախապայման ներկայացնել Հայաստանի Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու պահանջը՝ պնդելով, թե դրանում տարածքային պահանջներ է տեսնում Ադրբեջանի նկատմամբ։
Այսպիսով, Բաքուն խաղաղության գործընթացը ներկայացնում է ոչ թե որպես երկու պետությունների միջեւ փոխադարձ պարտավորությունների եւ հավասարակշռության վրա հիմնված համաձայնություն, այլ որպես գործընթաց, որի վերջնական պայմանների ձեւավորման հարցում ինքը դեռեւս պահպանում է ճնշման գործիքները։ «Կարող է ստորագրվել, բայց կարող է մնալ թղթի վրա» ձեւակերպումը նաեւ նախազգուշացում է Երեւանին՝ պայմանագրի ստորագրումը չդիտարկել որպես հարաբերությունների կարգավորման ինքնաբերաբար ապահովված երաշխիք։
Սակայն ընդամենը մի քանի օր անց Հաջիեւի հռետորաբանության մեջ նկատվեց որոշակի փոփոխություն։ Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի նախագահի օգնականը, ամերիկացի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հետ հանդիպման վերաբերյալ գրառմամբ, հայտարարեց, թե Ադրբեջանը Հարավային Կովկասը մեծ տերությունների «մարտադաշտից» վերածել է համագործակցության տարածքի։ Նա պնդեց, թե Բաքուն ձգտում է ոչ թե ձեւական, թղթի վրա ամրագրված խաղաղության, այլ իրական եւ կենսունակ կարգավորման, որի արդյունքները պետք է զգան մարդիկ։
Հաջիեւը ներկայացրեց նաեւ Ադրբեջանի՝ տարածաշրջանային անվտանգության համակարգ ձեւավորելու հավակնությունը՝ ընդգծելով, որ այդ համակարգը պետք է կանխի նոր հակամարտությունները եւ պաշտպանի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը արտաքին միջամտությունից ու ապակայունացման փորձերից։ Նա հիշեցրեց, որ երկու երկրների միջեւ արդեն հաստատվել են առեւտրային կապեր, աշխատանք է տարվում տրանսպորտային հաղորդակցության ուղղությամբ, եւ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի մյուս պետությունների հետ ավելի սերտորեն կապված երկիր։
Այս հայտարարություններում, անշուշտ, կա խաղաղության եւ համագործակցության օրակարգի առաջմղման փորձ։ Սակայն Հաջիեւի նույն խոսքում առկա է նաեւ Բաքվի՝ սեփական դերի միակողմանի ներկայացումը։ Նրա ձեւակերպմամբ՝ Ադրբեջանն է խաղաղության ձեռք մեկնել Հայաստանին, Ադրբեջանն է առաջարկում տրանսպորտային հնարավորություններ եւ Ադրբեջանն է ձեւավորում տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունը։ Այս մոտեցման մեջ չի ընդգծվում, որ կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե մի կողմից մյուսին առաջարկվող հնարավորությունների, այլ երկու պետությունների հավասար ինքնիշխանության, փոխադարձ պարտավորությունների եւ իրավունքների վրա։
Հատկանշական է նաեւ, որ Հաջիեւը, խոսելով պատմական ծանր ժառանգությունը հաղթահարելու անհրաժեշտության մասին, միաժամանակ հիշեցնում է չմոռացված իրադարձությունների եւ դեռեւս թարմ վերքերի մասին։ Այսինքն՝ Բաքուն մի կողմից առաջարկում է նայել դեպի ապագա, մյուս կողմից՝ պահպանում է անցյալի թեման որպես քաղաքական եւ հասարակական ազդեցության գործիք։
Էրդողանի ուղերձը, Անկարա–Բաքու հարաբերությունների անսովոր լարվածությունը
Հոկտեմբերի 30-ին Հարավային Կովկասի եւ հայ-ադրբեջանական կարգավորման թեմային անդրադարձավ նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովում։ Էրդողանը նշել է, որ խաղաղ եւ կայուն Հարավային Կովկասը մեծ հնարավորություններ կստեղծի ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Նա ողջունել է Հայաստանի հետ Ադրբեջանի շարունակվող շփումները եւ հայտարարել, թե Թուրքիան «իր հնարավորությունների սահմաններում կնպաստի մնայուն խաղաղության հաստատմանը»։
Թուրքիայի նախագահի խոսքում ուշագրավ էր նաեւ այն շեշտադրումը, որ տարածաշրջանային հակամարտությունները ոչ մի կողմի օգուտ չեն բերում եւ բացասաբար են ազդում համաշխարհային տնտեսության, առեւտրի ու էներգետիկ շուկաների վրա։
Անկարան Հարավային Կովկասի կայունությունը դիտարկում է ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից։ Սակայն Էրդողանի խաղաղասիրական ուղերձը հնչեց մի ժամանակահատվածում, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում նկատելի լարվածություն էր առաջացել։ Այդ լարվածության առավել տեսանելի դրսեւորումը դարձավ Ալիեւի՝ Անկարայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին չմասնակցելը՝ չնայած Էրդողանի անձնական հրավերին։ Ադրբեջանը գագաթնաժողովում ներկայացրեց արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Պաշտոնական Բաքուն Ալիեւի բացակայությունը բացատրել է նախապես նախատեսված միջոցառումներով եւ աշխատանքային խիտ գրաֆիկով, սակայն Reuters-ի գնահատմամբ՝ այդ որոշումը վկայում է երկու երկրների միջեւ աճող լարվածության մասին։ Պաշտոնական մեկնաբանությունների բացակայությունը եւս թույլ չի տալիս միանշանակ եզրակացություն անել, թե ինչն է եղել չմասնակցության իրական պատճառը։ Այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերությունների համատեքստում նման մակարդակի միջոցառման բաց թողնելը քաղաքական նշանակություն ունեցող քայլ է։
Տարաձայնությունների հիմնական դրսեւորումներից մեկը Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր կանոններով գլխաշորերի կրումը սահմանափակելու հարցն էր։ Երբ Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտներին եւ ուսուցիչներին սկսեցին դպրոցներ չթողնել, այդ որոշումը քննադատեցին Թուրքիայի մի շարք պաշտոնյաներ։ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հրապարակայնորեն հայտարարեց, որ գլխաշոր կրող աշակերտների կրթության իրավունքի սահմանափակումը անընդունելի է, եւ կոչ արեց Բաքվին վերանայել որոշումը։
Ադրբեջանական կողմը թուրք պաշտոնյաների հայտարարությունները դիտարկեց որպես միջամտություն երկրի ներքին գործերին։ Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Էրդողանն աշխատանքից ազատել է Սարալին։ Ըստ Middle East Eye-ի՝ այդ քայլը նպատակ ուներ վերականգնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, որոնք սրվել էին գլխաշորի շուրջ վեճի պատճառով։ Նույն աղբյուրի տեղեկություններով՝ Բաքուն Անկարայից պահանջել էր հեռացնել Սարալին եւ պատասխանատվության ենթարկել Ալիեւին սոցիալական ցանցերում վիրավորած անձանց։
Լարվածությունը միայն այդ միջադեպով չի սահմանափակվել։ Ադրբեջանը սոցիալական ցանցերում իշխանություններին քննադատող գրառումների պատճառով անցանկալի անձ է հայտարարել Թուրքիայի 31 քաղաքացու, իսկ նույն աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ ձերբակալման օրդերներ են տրվել եւ հետախուզում հայտարարվել։ Բացի այդ, երկու երկրներն ունեն տարաձայնություններ Իսրայելի հարցում. Թուրքիան կտրուկ քննադատում է Իսրայելին Գազայի պատերազմի պատճառով, մինչդեռ Ադրբեջանը պահպանում է սերտ հարաբերություններ Իսրայելի հետ։
Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի Թուրքիայի ծրագրի տնօրեն Գոնուլ Թոլի գնահատմամբ՝ Ալիեւի բացակայությունը երկու դաշնակիցների միջեւ աճող լարվածության հերթական դրսեւորումն է։ Նրա դիտարկմամբ՝ «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսի ներքո տարաձայնությունները վաղուց կուտակվում են մի շարք հարցերի շուրջ՝ Ադրբեջանի ինքնիշխանության, Բաքվում Անկարայի ազդեցության, Իսրայելի նկատմամբ տարբեր քաղաքականությունների եւ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման շուրջ։ Թոլի գնահատմամբ՝ գլխաշորի շուրջ վեճը այդ՝ ավելի խորքային հակասությունների միայն ախտանիշն է։
Ի՞նչ է թաքնված Անկարայի եւ Բաքվի տարաձայնությունների հետեւում
Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների լարվածությունը պետք չէ դիտարկել որպես սովորական դիվանագիտական անհամաձայնություն, բայց նաեւ վաղաժամ է այն գնահատել որպես ռազմավարական դաշինքի փլուզման սկիզբ։ Երկու երկրները շարունակում են ունենալ խորքային փոխկապակցված շահեր՝ պաշտպանության, էներգետիկայի, առեւտրի եւ տարածաշրջանային քաղաքականության ոլորտներում։ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում եւ ադրբեջանական բնական գազի խոշոր գնորդներից է։ Այս կապերը սահմանափակում են հակասությունների սրման հնարավորությունները եւ երկու կողմերին մղում են խնդիրները վերահսկելի շրջանակներում պահելու։
Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները բացահայտում են դաշինքի ներսում առկա մի կարեւոր հակասություն. Անկարան ցանկանում է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, իսկ Բաքուն չի ցանկանում, որ այդ ազդեցությունը սահմանափակի իր ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Ադրբեջանի համար Թուրքիայի հետ ռազմավարական կապը կարեւոր է, բայց դա չի նշանակում, որ Ալիեւը պատրաստ է Անկարայի քաղաքական կամ հասարակական գնահատականներն ընդունել որպես պարտադիր ուղենիշ։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել Ադրբեջանի՝ ներքին գործերին միջամտելու անընդունելիության մասին հայտարարությունները։
Մյուս կարեւոր հանգամանքը Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցն է։ Անկարան բազմիցս հայտարարել է, որ այդ գործընթացը կախված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում առաջընթացից եւ այստեղ դիրքորոշման որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Թուրքիայի պաշտոնյաները նշել են, որ սպասում են համապատասխան զարգացումների՝ Հայաստանի հետ սահմանը բացելու եւ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար։
Ըստ ամենայնի, Բաքուն փորձում է ցույց տալ՝ չնայած Թուրքիայի հետ դաշնակցային կապերին, ինքը չի պատրաստվում անվերապահորեն հետեւել Անկարայի քաղաքական օրակարգին։ Իր հերթին Էրդողանի՝ Սարալին պաշտոնանկ անելու որոշումը ցույց է տալիս, որ Անկարան եւս շահագրգռված է թույլ չտալ, որ առանձին միջադեպերը վերածվեն դաշինքի բացահայտ ճգնաժամի։ Հետեւաբար, առաջիկայում ավելի հավանական է ոչ թե հարաբերությունների կտրուկ խզումը, այլ լարվածության պարբերական դրսեւորումներով ուղեկցվող՝ փոխադարձ շահերի պահպանման փորձը։
Հայաստանի ընտրությունը. չդառնալ հակասությունների գործիք
Այս զարգացումների ֆոնին Հայաստանի համար առաջնային հարցը ոչ թե այն է, թե Անկարայի եւ Բաքվի միջեւ հակասություններն ինչ չափով կարող են խորանալ, այլ այն, թե ինչպես դրանք կարող են ազդել Հայաստանի անվտանգության եւ արտաքին քաղաքական հնարավորությունների վրա։
Երեւանը չպետք է հույսը դնի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության վրա՝ կարծելով, թե դաշնակիցների տարաձայնություններն ինքնաբերաբար կթուլացնեն Բաքվի դիրքերը կամ կհանգեցնեն Հայաստանի համար նպաստավոր պայմանների ձեւավորմանը։ Նման մոտեցումը կարող է հանգեցնել սխալ հաշվարկների։ Անկարայի եւ Բաքվի ռազմավարական շահերը շարունակում են համընկնել բազմաթիվ կարեւորագույն հարցերում, իսկ երկկողմ հակասությունները կարող են ժամանակավորապես մեղմվել, երբ առաջանա ընդհանուր շահը պաշտպանելու անհրաժեշտություն։
Միեւնույն ժամանակ, Անկարան ունի տարածաշրջանային ազդեցությունն ընդլայնելու, հաղորդակցությունների բացման եւ տնտեսական կապերի զարգացման սեփական օրակարգը։ Բաքուն, իր հերթին, ձգտում է պահպանել առավելագույն քաղաքական ինքնուրույնություն եւ իր ազդեցությունը տարածաշրջանում։ Այս տարբերությունները կարող են որոշակի հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար, եթե Երեւանը կարողանա վարել հետեւողական եւ հաշվարկված քաղաքականություն։
Հայաստանի համար կարեւոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չդիտարկել բացառապես Բաքվի հետ բանակցությունների ածանցյալ։ Անկարան, իհարկե, իր քայլերը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ, սակայն Երեւանը պետք է շարունակաբար առաջ մղի այն դիրքորոշումը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը երկու ինքնիշխան պետությունների միջեւ առանձին գործընթաց են եւ չպետք է անժամկետ կախվածության մեջ մնան Բաքվի պահանջներից։
Նույնքան կարեւոր է չտրվել Բաքվի փոփոխվող հռետորաբանությանը։ Եթե Բաքուն միաժամանակ խոսում է «հավերժ խաղաղությունից» եւ հայտարարում, որ պայմանագիրը կարող է մնալ թղթի վրա, ապա Հայաստանի համար անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե հայտարարությունների տոնայնության, այլ հստակ ու փոխադարձ պարտավորությունների վրա։
Խաղաղության պայմանագիրը չի կարող դառնալ մի փաստաթուղթ, որի ստորագրումը միայն ժամանակավորապես կփակի հակամարտության էջը, մինչդեռ դրա իրականացումը կախված կմնա միակողմանի քաղաքական կամքից։ Կայուն կարգավորման համար անհրաժեշտ են հստակ երաշխիքներ, սահմանների եւ ինքնիշխանության փոխադարձ հարգում, ուժի կիրառման սպառնալիքի բացառում, հաղորդակցությունների բացում՝ հավասար եւ փոխադարձ սկզբունքներով, ինչպես նաեւ այնպիսի քաղաքական միջավայր, որտեղ նոր պահանջները չեն դառնա արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայելու միջոց։
Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր խնդիրներից մեկը նաեւ սեփական օրակարգի ինքնուրույն ձեւավորումն է։ Երեւանը չպետք է թույլ տա, որպեսզի իր քաղաքականությունը կառուցվի բացառապես Անկարա-Բաքու հարաբերությունների փոփոխությունների կամ մեծ տերությունների մրցակցության տրամաբանության մեջ։ Անհրաժեշտ է պահպանել հավասարակշռված հարաբերություններ տարածաշրջանային եւ միջազգային դերակատարների հետ՝ միաժամանակ հստակ արձանագրելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը բանակցության առարկա չեն։
Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում ձեւավորվող իրավիճակը միաժամանակ պարունակում է ե՛ւ խաղաղության հնարավորություններ, ե՛ւ նոր անորոշություններ, ե՛ւ նոր սպառնալիքներ։ Բաքուն փորձում է ներկայանալ որպես տարածաշրջանային համագործակցության նախաձեռնող, սակայն շարունակում է պահպանել ճնշման քաղաքական գործիքները։ Անկարան խոսում է կայունության եւ խաղաղության մասին, սակայն նրա դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանի հետ այլեւս զերծ չեն տեսանելի տարաձայնություններից։ Իսկ Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը այս փոփոխվող միջավայրում սեփական շահերը հստակ սահմանելն ու պաշտպանելն է։
Հայաստանի անվտանգությունն ու խաղաղության հեռանկարը չեն կարող հիմնվել ո՛չ Բաքվի խաղաղասիրական կեղծ հայտարարությունների, ո՛չ էլ Անկարա-Բաքու հնարավոր տարաձայնությունների վրա։ Դրանք պետք է հիմնվեն Հայաստանի պետական դիմադրունակության, հետեւողական դիվանագիտության եւ փոխադարձ պարտավորություններով ամրագրված պայմանավորվածությունների վրա։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11.2026



















































