Լրահոս
Օրվա լրահոսը

Ճոխ մեղադրանքներ՝ Փոքր Սարիարի նախկին գյուղապետին․ գործն ուղարկվել է Հակակառուպցիոն կոմիտե

Ապրիլ 03,2024 19:15

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ տվյալներ է ձեռք բերել Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Փոքր Սարիար բնակավայրի նախկին գյուղապետի թույլ տված ենթադրյալ չարաշահումների մասին։

Ըստ ԱԱԾ-ի տվյալների,  Ա․ Արշակյանը իր պաշտոնավարման ընթացքում՝2010-2016 թվականներին, շահադիտական նպատակներով փաստաթղթային կեղծիքներ է կատարել՝ ֆինանսատնտեսական բնույթի չարաշահումներ թույլ տալով։

Նա՝ որպես համայնքի ղեկավար, միջոցներ է ձեռնարկել հաշմանդամների, կերակրողներին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով մարդկանց վիճակը բարելավելու ուղղությամբ։ Սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝  նախկին ղեկավարը համայնքի բյուջեի ծախսային մասից 1.700.000 դրամ է փոխանցել Գյումրու «Արդշին բանկ» ՓԲԸ-ում իր անվամբ բացված հաշվեհամարին։ Այժմ կասկածվում է գումարը յուրացնելու մեջ, քանի որ ավագանու նիստերի արձանագրությունների և համայնքի ղեկավարի որոշումների մատյաններում սոցիալական աջակցություն հատկացնելու մասին որոշում առկա չէ:

Երրորդ դրվագը վերաբերում է շինարարությամբ փողեր լվացմանը։

Ըստ մեղադրանքի․ «Համայնքի ենթակայության տակ գտնվող վարչական շինություններում իբր ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով առանց ավագանու որոշման և համապատասխան փաստաթղթային ձևակերպումների՝ համայնքի բյուջեից անհրաժեշտ շինարարական ապրանքներ ձեռք բերելու համար դուրս է գրել շուրջ 2.000.000 դրամ, որն իր մտերիմ անձանց պատկանող, Գյումրի քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող ընկերությունների հաշվեհամարներին փոխանցելով՝ կանխիկացրել և յուրացրել է:

Շինարարական աշխատանքներ կատարած լինելու հանգամանքը պարզելու նպատակով Աշոցքի համայնքապետարան կատարված հարցման արդյունքում ստացվել է պատասխան, որ 2010-2016թթ. ընթացքում Շիրակի մարզի Փոքր Սարիար համայնքի ենթակայության տակ գտնվող վարչական շինություններում շինարարություն չի կատարվել:

Ա.Արշակյանի կողմից ապօրինությունների արդյունքում համայնքի բյուջեի միջոցներից, փաստաթղթային կեղծիքների միջոցով յուրացվել է մոտ 4.500.000 դրամ գումար»։

Գործն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Նշենք, որ նրա նկատմամբ 2020 թվականի ապրիլի 30-ին ևս քրեական վարույթ էր  նախաձեռնվել՝ համայնքապատկան հողամասերը վարձակալությամբ հանձնելու գործընթացում առերևույթ չարաշահում թույլ տալու համար։

ՀՀ գլխավոր դատախազությունը այդ ժամանակ պաշտոնական հաղորդագրություն  էր տարածել, համաձայն որի․ «ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2002-2016թթ. Փոքր Սարիար համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա.Ա.-ն, ով դրանից հետո հանդիսանում է Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը, նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում հեռահաղորդակցության օպերատոր ընկերության կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների մուտքագրումն համայնքային բյուջեի փոխարեն ուղղել իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2006թ. օգոստոսի 21-ին իր մոր` Օ. Դ.-ի հետ կնքել է գյուղատնտեսական նշանակության 1 հա մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան ընդամենը 1125 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հանձնելու պայմանագիր:

Պայմանագրի հիմքում դրվել է 2006թ. հուլիսի 17-ի մրցութային հանձնաժողովի արձանագրությունը, համաձայն որի՝ ինքը՝ համայնքի ղեկավարը, հանդիսացել է մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը:

Այնուհետև, համայնքի ղեկավարը վարձակալության պայմանագիր կնքելուց երեք օր անց՝ 2006թ. օգոստոսի 24-ին, մոր միջոցով նույն հողամասը տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է հանձնել բջջային օպերատոր հանդիսացող ընկերությանը, որի արդյունքում մինչև 2020թ. փետրվարի 17-ն  ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր 5.8մլն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ փոխարենը համայնքի բյուջե որպես վարձավճար փոխանցելով միայն 15.000 ՀՀ դրամ: Այդ կերպ համայնքը զրկվել է նշված չափով եկամուտ ստանալու հնարավորությունից:

2021թ. մարտի 30-ին Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաքննության ընթացքում վերջինս հանցագործությամբ պատճառված նյութական վնասից վերականգնել է 2.7 մլն ՀՀ դրամը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Շիրակի մարզի 14 համայնքներում պարզված՝ համայնքապատկան հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության նմանատիպ հանցավոր դրսևորումների կապակցությամբ հարուցվել է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ, որոնցով համայնքների գործող կամ նախկին 6 ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ:

Քրեական գործերով հայտնաբերվել է համայնքներին պատճառված ընդհանուր 89 մլն ՀՀ դրամի վնաս, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է մոտ 14 մլն ՀՀ դրամը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930