Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորում ենք Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամ. ԱԳՆ մամուլի խոսնակ

Ապրիլ 04,2024 16:23

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների

Հարց. Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հարավային Կովկասում կայունության ապահովման անհրաժեշտությանն ու զարգացումներին, սրացումից խուսափելու Հայաստանի իրական մտադրությանը՝ նաև մտահոգություն հայտնելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հնարավոր սպառնալիքների առնչությամբ: Որոշ երկրներ Ֆրանսիայի այս ընկալումը օգտակար չեն համարում տարածաշրջանային կայունության տեսանկյունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան. Կարծում ենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավվածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին: Դրա օրինակները շատ են թե՛ Հայաստանի հետ երկկողմ, թե՛ տարածաշրջանային ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության առումով:

Քննարկվող համատեքստում կարող ենք առանձնահատուկ նշել 2022թ. հոկտեմբերին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին. ի դեպ, Պրահայի հանդիպման և Ալմա-Աթայի հռչակագրի մասին հիշատակվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Մենք կարևորում ենք, իհարկե, Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամ, որի առաքելությունը 2022թ. հոկտեմբերից՝ նույն Պրահայի հանդիպումից հետո մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը և վերջին օրերին էլ հանդես է եկել համապատասխան հաղորդագրություններով: Կարծում ենք՝ ԵՄ առաքելության մանդատին համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930