Լրահոս
Օրվա լրահոսը

Արամայիս Աղաբեկյան. «Հիմա Հայաստանի Հանրապետությունը ծխախոտի ուղարկվող երեխայի կարգավիճակում է»

Ապրիլ 06,2024 23:35

«Մարտական եղբայրություն» միաբանությունն այսօր հանրային քննարկում էր կազմակերպել «Հայաստանի Հանրապետության դեմ  վարվող պատերազմի մարտավարությունը, ինչպե՞ս է հնարավոր  հակադարձել դրան» քաղաքական թեմայով:

Քննարկման մեկնարկից առաջ «Մարտական եղբայրության» անդամ Արամայիս Աղաբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս թեման որպես այդպիսին հիմա ամենաարդիականն է: «Մարտական եղբայրությունը» պատկերացում ունի, թե ինչպես կարող ենք դիմակայել Հայաստանի դեմ շարունակվող պատերազմին, բայց վստահաբար հասարակության մեջ կան առողջ էլեմենտներ, որոնք առաջարկություններ կունենան, որոնք կարող ենք հաշվի առնել հետագա գործողությունների ընթացքում: Իսկ մեր մարտավարությունը ինքնիշխան, սեփական որոշումներ կայացնող Հայաստանի Հանրապետություն ունենալն է:

Հիմա ի՞նչ է կատարվում. կան ուժեր, որոնք ասում են, թե միայն Արեւմուտքի օգնությամբ կարող ենք մեր հարցերը լուծել: Մի մասն էլ համոզմունք ունի, որ առանց Ռուսաստանի ոչ մի հարց հնարավոր չէ լուծել: Մենք ասում ենք. սեփական ուժերով, հնարավորություններով եւ ռեսուրսներով հնարավոր է հարցեր լուծել»:

Մեր զրուցակիցը վստահություն հայտնեց, որ հասարակության մեջ էլ իրենց նման մտածողներ շատ կլինեն եւ այդ մարդկանց մտքերը իրենց համար շատ կարեւոր են: Ու բաց քննարկման իմաստն էլ հենց դա է:

«Անգամ մարդկային հարաբերություններում աջակցություն եւ օժանդակություն ցույց են տալիս նրան, ով իր սեփական ուժերին հավատում է: Եթե դու միշտ պետք է քաղաքական մուրացկանի կերպարով օգնելու համար դիմես Արեւմուտքին կամ Ռուսաստանին, հասկանալի է, որ այդ աշխարհաքաղաքական կենտրոնները փորձելու են օգտագործել քեզ, օգտագործել որպես ծխախոտ հետեւից  ուղարկվող տղայի: Հիմա Հայաստանի Հանրապետությունը հենց ծխախոտի ուղարկվող երեխայի կարգավիճակում է՝ մտածելով, թե որեւէ աշխարհաքաղաքական ուղղության հետաքրքրությունները սպասարկելով՝ դրա դիմաց ինչ-որ մի բան կստանա: Մենք ասում ենք. պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես, որպեսզի որեւէ մեկը քեզ հետ շփվելու, արժանապատվության դիրքերից առնչվելու ցանկություն ունենա»,-ասաց Արամայիս Աղաբեկյանը:

Հարցին, թե անկախ, ինքնիշխան Հայաստան ունենալու ճանապարհին որո՞նք են առաջին երեք քայլերը, որ պետք է արվեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ հանրային որոշակի կոնսոլիդացիան է, այնուհետեւ, ճանապարհային քարտեզ ունենալը, որպեսզի իմանանք, թե մենք ուր ենք գնում, եւ երրորդը՝ մեր տեսլականը լայն մասսաներին ներկայացնելն է, որովհետեւ շատ դեպքերում եղել են քաղաքական խմբեր, որոնք մնացել են իրենց ներսում:

Իսկ  իշխանափոխությունը անհրաժեշտ է: Մենք քաջ հասկանում ենք, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացումն է պետք, այլ ընդհանրապես նիկոլիզմի հեռացումը»,-եզրափակեց  Արամայիս Աղաբեկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930