Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխանակ հայ ժողովրդին համախմբի, վախեցնում է պատերազմով․ իսկ եթե պատերազմ լինի, ինչո՞ւ ենք մենք միանգամից որոշում, որ կարող է պարտվենք»․ Սեյրան Օհանյան

Ապրիլ 09,2024 13:35

«Երեկ ես համացանցում լսեցի, այսպիսի տեղեկություն էր գնում, որ Տավուշից սահմանազատում եւ սահմանագծում սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը։ Ես կարծում եմ, որ դա բացահայտ սուտ է, որովհետեւ սահմանազատումն ու սահմանագծումը նախ իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Եվ իրենք նաեւ պետք է հասկանան հետեւյալը, որ Տավուշի մարզում մեր պաշտպանության մակարդակը, ինժեներական սարքավորումները բավական բարձր մակարդակի վրա են եւ տարիների ընթացքում դրանք ձեւավորվել են՝ հենց Տավուշի անվտանգությունն ու պաշտպանությունն իրականացնելու համար»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով իշխանության հայտարարություններին, որ Տավուշի չորս գյուղերը պետք է հանձնել, քանի որ դրանք «ադրբեջանական են», Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ այդ գյուղերը հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ։ Միաժամանակ, այդ հատվածում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Եվ խոսել այն մասին, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են այն պայմաններում, երբ Ադրբեջանն այսօր գտնվում է ՀՀ տարածքներում, շուրջ 200 քկմ զավթել է, խոսում է այն մասին, որ մեր իշխանությունները նորից չեն հասկանում՝ ի՞նչ է նշանակում սահմանազատում եւ սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների։

Առավել եւս, որ այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունը Խորհրդային միության փլուզումից հետո հրաժարվել է ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդը լինելուց։ Իրենք 1918-20 թվականների ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդն են։ Իսկ այդ ժամանակահատվածում բոլոր այդ հողերը, բնակավայրերը եղել են հայկական։

Բավականին մտահոգիչ է նաեւ հատվածական սահմանազատում-սահմանագծում իրականացնելը։ Դա այդպես չի էլ կարելի համարել սահմանազատում-սահմանագծում, միակողմանի պահանջ է, եւ ՀՀ իշխանությունները փորձում են սահմանազատման-սահմանագծման աշխատանքները սկսել վերջից։ Գիտեք, որ այն լավագույն փորձ ունի, համապատասխան սկզբունքներ ու նաեւ հաջորդականություն ունի։ Իսկ հաջորդականության մեջ երեք կետ պետք է ընդգծենք։

Առաջինը՝ երկու թշնամի պետություններ գալիս են կամային համաձայնության, որ այսուհետ իրենք դառնում են հարեւան պետություններ՝ պատրաստակամությամբ խաղաղ համակեցությամբ ապրելու։ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, վերջին տարիների գործողությունները, Ալիեւի այն խոսքը, որ այն տարածքները, որոնք իրենք զավթել ՀՀ-ից, դեռ պարզ չէ՝ ում տարածքներն են, «մենք ոչ մի տեղից հետ չենք վերադառնալու», չի խոսում այն մասին, որ ինքն ուզում է խաղաղ համակեցությամբ ապրել։ Դրանից բացի, պետք է գան համաձայնության, ստորագրվի համաձայնագիր»,- ասաց նա։

Երկրորդ կետով, ըստ Օհանյանի, պետք է իրականացվի սահմանազատում, որն իրականացվում է համապատասխան քարտեզներով։ Մենք Ադրբեջանի հետ ունենք շուրջ 1000 կմ տարածություն, ինչպե՞ս է ստացվել, որ հենց այդ հատվածից են սկսում աշխատանքները։ «Մի քանի մեկնաբանություններ կարող է ունենալ սա՝ չտեսնելով, որ միջանցքում իրենք կարող են հաջողություններ ունենալ, հաջորդ կետում, որտեղ կարող են օղակը սեղմել ՀՀ շուրջը, տիրապետել ռազմավարական կարեւորագույն, նաեւ միջպետական ճանապարհին, որն սկսվում է Իրանից, շարունակվում է Հայաստանով եւ Վրաստանով, դեպի Ռուսաստան։ Ինչու չէ, նաեւ այդ հատվածով մեզ կտրել Ռուսաստանից։ Այդ սահմանազատման համար որեւիցե քարտեզ, համաձայնություն չկա։

Եվ երրորդ կետը՝ եթե դրա շուրջ արդեն համաձայնության են գալիս, դա տարիների աշխատանք է, ամբողջ 1000 կմ համար գալիս են համաձայնության, դրանից հետո սահմանազատում է իրականացվում, այսինքն՝ գծվում է սահմանն ու սկսում կահավորվել։ Այդ ամենը չի իրականացվել, եւ ՀՀ կառավարության ղեկավարը բնակչության հետ հանդիպում է եւ սկսում է ասել՝ այս հողերը պետք է հետ տանք։ Ընդ որում, դա բնակչության խնդիրը չէ, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ յուրաքանչյուր բնակավայրի բնակիչ իրավունք չունեն ասելու՝ մենք կտանք, թե՞ չենք տա։ Եթե դա ընթացակարգերով ի անցնում, ապօրինի գործողություններ են։ Նամանավանդ 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո շատ դժվար է ձեռք մեկնել, ասել՝ ուզում ենք խաղաղ ապրել ձեր հետ»,- ասաց Սեյրան Օհանյանը։

«Փոխանակ հայ ժողովրդին համախմբի, ինքը գնում է այնտեղ եւ սկսում վախեցնել, որ եթե չտանք, պատերազմ կլինի։ Իսկ եթե պատերազմ լինի, ինչո՞ւ ենք մենք միանգամից որոշում, որ կարող է մենք պարտվենք»,- հավելեց Օհանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է անեն Զինված ուժերը, եթե քաղաքական ղեկավարությունը հրաման տա Տավուշում դիրքերը թողնելու, Օհանյանը հետեւյալ պատասխանը տվեց․ «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը մեր երկրի պաշտպանության գործում իրենց առջեւ դրված խնդիրը պետք է արժանապատիվ ձեւով իրականացնեն։ Իսկ մենք՝ քաղաքական գործիչները, հասարակական հատվածը, մեր ամբողջ բնակչությունը պետք է դիմադրությամբ ընդվզի եւ թույլ չտա, որպեսզի այդպիսի ապօրինի հրամաններ տան բանակի ղեկավարությանը։ Օրենքի շրջանակներում այդպիսի հրամանները պետք է լինեն գրավոր, որպեսզի չստացվի այնպես, ինչպես Սյունիքի դիմացի հատվածներից բանավոր հրամանով շուրջ 20 կմ հետ են քաշվել եւ պրոբլեմներ ստեղծել այսօրվա սահմանազատման-սահմանագծման համար։ Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ Զինված ուժերը պաշտպանության են պատրաստ, բայց նաեւ ԶՈւ-ում կարող են լինել անհատներ, որոնք կարող են իրենց առանձին դրսեւորումն իրականացնել, դա իրենց անձնական գործն է»։

Նրա խոսքով՝ մեր հասարակության մեծամասնությունը դեմ է այս գործողություններին, ընդ որում, այդ հարցում ընդդիմությունը պետք է իր դերակատարությունն ունենա․ «Իսկ մենք աշխատում ենք, բոլոր մարզերում, համայնքներում համապատասխան աշխատանք ենք իրականացնում, ուսումնասիրում ենք մարդկանց տրամադրությունները եւ նաեւ համապատասխան տեղեկություններ ենք տալիս այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակի, դրանից դուրս գալու ելքերի մասին։ Փոխլրացման արդյունքում մենք համատեղ կարող ենք գործել ամբողջ հանրապետությունով մեկ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930