Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները գերակատարել են բոլոր պլանները, օրինակ, պայմանավորվել էին, որ միայն Ստեփանակերտում հայերին կթողնեն, բայց Արցախում գրեթե հայ չեն թողել»

Ապրիլ 11,2024 13:16

«Հարգելի քաղաքացիներ, դուք պարտավոր եք իմանալ, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր հարկերի հաշվին ֆինանսավորվում եւ բարեփոխումներ են անվանվում գործընթացներ, որոնց արդյունքում մեր հայրենիքը պաշտպանած զինվորը կարող է կալանավորվել, բայց դիվերսանտ ադրբեջանցին Քննչական կոմիտեի կողմից ժամերի ընթացքում արդարացվել եւ հետ ուղարկվել Ադրբեջան»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նա հավելեց․ «Դուք պարտավոր եք իմանալ, որ հիմա Բաքվում կան հարյուրավոր գերիներ, որոնց իրավունքներով, էլ չեմ ասում անվտանգությամբ, այս իշխանությունը չի էլ ուզում զբաղվել, որովհետեւ հայտարարել են, որ իրենց համար գերիները մեռած են, կամ որ ավելի վատ է՝ հանցագործ են, ի՞նչ տարբերություն Երեւանում են նստած, թե Բաքվի բանտում։ Դուք, հարգելի քաղաքացիներ, պարտավոր եք իմանալ, որ Հայաստանում էլ կան քաղաքական պատանդներ, մարդիկ, որոնք բանտարկվել են նաեւ իշխանության հրահանգով, ցանկությամբ, այդ մարդկանց ամիսներով, եթե ոչ տարիներով, չեն այցելում ոչ քննիչներ, ոչ իրենց դատական նիստերն են նշանակվում, որովհետեւ նպատակն արդարադատության իրականացումը չէ։ Եվ այս գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանում իրավական ու դատական ոլորտում անխոչընդոտ իրականացվում է նիկոլականության վարակումը։ Հայաստանի իրավական ոլորտը «հուսալի» ձեռքերում է, մեկ ընկերությունում տնտեսական շահով, այսինքն՝ միասնական փողով կապված երկու մարդկանց ձեռքին։ Մի կողմից՝ Գրիգոր Մինասյանի, մյուս կողմից էլ Կարեն Անդրեասյանի։ Մարդիկ իրենք դատավորներին նշանակում են, դատավորներին պատժում են, դատավորներին խրախուսում են, հետեւում են, որ հանկարծ իրենց կամքից դուրս դատական ակտ չկայացվի»։

Աննա Մկրտչյանն ասաց, որ միջազգային կառույցներն արդեն սկսել են խոսել․ «Ասում են՝ հերիք է, ակնհայտ երեւում է, որ ձեր դատավորները ձեր դատախազների ազդեցության տակ են։ Հրապարակվել են ձայնագրություններ, թե ինչպես եք հրահանգավորում եւ ում եք հրահանգավորում կալանքի ժամկետների մասին»։

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ում մի ոլորտ կա, որն անխոչընդոտ աճում է՝ 2023 թվականին 40 հազարից ավելի հանցագործության դեպք է գրանցվել։ «Բայց այստեղ էլ կա արդարացում եւ հիմնավորում՝ մեր երկրի բնակչության 80 տոկոսից ավելին տանել չի կարողանում գործող իշխանություններին։ Բա ի՞նչ եք կարծում, ոստիկանություն այս 80 տոկոսո՞վ չէ, որ պետք է զբաղվի, հո չի՞ գնալու հանցագործներին բռնի։ Պետք է անի ամեն ինչ, որ իշխանությանը վտանգ չսպառնա»,- նշեց Աննա Մկրտչյան։

Նա նշեց, որ այս իշխանություններն իրենց տերերի կողմից ստացել են իրավունք՝ ՀՀ-ում ոտնահարելու ամեն ինչ, ՀՀ քաղաքացիների իրավունքների հետը վարվել այնպես, ինչպես իրենք են հարմար գտնում, որպեսզի հանկարծ իրենց իշխանությունը չտուժի։ «Չէ՞ որ իրենք իրենց առջեւ դրված անգամ ամենահավակնոտ ծրագիրը իրականացրել են, գերակատարել են բոլոր պլանները։ Օրինակ՝ պայմանավորվել էին, որ միայն Ստեփանակերտում հայերին կթողնեն, բայց չէ, կարողացել են այս ծրագիրը գերակատարել։ Արցախի Հանրապետության 12 հազար քկմ տարածքում գեթ մեկ հայ չեն թողել։ Պայմանավորվել են, չէ՞, որ պետք է սահման գծեն, բայց չէ, ասում են՝ թուրքին ինչ պետք է՝ գետ է, բնակավայր է, սար է, ի՞նչ է պետք, թող գան վերցնեն։ Երեկ այստեղ հնչած ելույթն ու ծրագիրը մի բանի մասին է՝ հայրենավաճառության եւ պետականաքանդության գերակատարված ծրագիր»,- նշեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը բռնազավթված Ստեփանակերտից: Աղբը ամբողջությամբ թափված է շենքերի բակում, տների պատուհանները հանվել են ու թալանվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930