ՔՊ-ն դեմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքում հրապարակված հայտարարության նախագծին։ Այն չընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգում։
Հարցի հարակից զեկուցող, ՔՊ-ական Արման Եղոյանը հայտարարեց՝ «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության տեքստը Հայաստանում ժողովրդավարական այսպես կոչված հետընթացի մասին արժանացել է բացասական եզրակացության Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկու պատճառով․ «Նախ, որովհետև այնտեղ արձանագրված գնահատականները ամբողջությամբ սխալ են, սուտ են, հիմնավորված չեն որևէ այլ կազմակերպության կամ որևէ այլ դիտորդի, երրորդ կողմի անաչառ աչքի գնահատականով, և երկրորդ՝ այն պատճառով, որ ո՛վ ով, բայց եթե մենք բարելավելու տեղ էլ ունենք ժողովրդավարական բարեփոխումները, ապա Դաշնակցության հետ այդ հարցում անելիք չունենք։ Ով խոսի ժողովրդավարությունից՝ Դաշնակցությունը թող խոսի, չգիտեմ, պատմական արդարությունից, պատմական իրավունքներից, մեծ ու փոքր Հայքերից… Դուք ի՞նչ կապ ունեք ժողովրդավարական հետընթացի, այսպես կոչված, հետընթացի մասին հայտարարություն եք բերում»։
Հավելեց․ «Վերջին երեք տարիներին մենք արձանագրել ենք 5.35 միավոր, 22-ին արձանագրել էինք, այո՛, 5.63․․․ «Էկոնոմիստը»… Այն ժամանակ, երբ որ իրենք խորոված էին անում Բաղրամյան պողոտայի վրա, ասում էին՝ ժողովրդավարություն չկա, այդ ժամանակ էր ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել 2022 թվականին… Իշխան Սաղաթելյանը երբ որ այնտեղ ցույց էր անում, այն ժամանակ էլ էին ասում՝ չկա, հիմա էլ են ասում՝ չկա։ Այո՛, մենք ձեզ հետ ընդհանրապես հետաքրքրվածություն չունենք ժողովրդավարական բարեփոխումներից խոսելու։ Մենք մեր անելիքը լավ գիտենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Երբ Եղոյանը մոտենում է ամբիոնին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Կռիլովի առակն է հիշում․ «Փիղն ու շնիկը» առակն եմ էլի ու էլի ուզում կարդամ։ Գիտե՞ք, երբ դուք խոսում եք ժողովրդավարության մասին… Երբ Դաշնակցությունն իշխանություն էր, աշխարհի առաջին երկրներից էր, որտեղ կանայք քվեարկության իրավունք ունեին… Ամեն դեպքում, սիրելի՛ հայրենակիցներ, այստեղ Արման Եղոյանի արժեքային և գիտելիքների մասին չենք ուզում խոսենք, ուզում ենք խոսենք ՔՊ-ի վարքագծի՝ հերթական անընդունելի վարքագծի մասին, որը շարունակվում է ութերորդ գումարումից սկսած։ Եթե խնդիր ունեք, եթե դեմ եք այդ պնդումներին, ինչի՞ց եք վախենում, բերեք քվեարկեք կողմ, այս դահլիճում քննարկում ծավալենք, քննարկում ծավալենք Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին, քաղաքական բանտարկյալների առկայության մասին, քրեակատարողական հիմնարկում մահերի մասին։ Դե բերեք քննարկենք, ինչի՞ եք դեմ քվեարկում և հարցն ընդհանրապես օրակարգից հանում։ Եթե ամեն ինչ այդքան լավ է, եթե ժողովրդավարություն է, եթե բոլոր բարի պուպուշները քվեարկում են ձեր օգտին և բարի ու պուպուշ մարդիկ այստեղ են նստած, իսկ չար, հանցագործ, ահաբեկիչ, գող-կաշառակեր և կաշառատուները այստեղ նստած… եկեք այդ հարցը քննարկենք։
Այդ ո՞նց է լինում՝ տիպիկ սովետ՝ բոլոր բարի, լավ մարդիկ, ուրեմն, բոլշևիկներ էին, բոլոր գործակալները, ժողովրդի թշնամիները՝ բանտերում էին։ Է, ինչո՞վ եք տարբերվում, ինչո՞վ եք տարբերվում Սովետից։ 99%-ը քվեարկում էին կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների օգտին, ներառյալ կթվորուհիների և մնացածների… Եկեք քվեարկենք, քննարկենք էս հարցը։ Հարցը չթողեցիք, հայրենակիցներ, իրենք չթողեցին, որ հարցը այստեղ քննարկվի, ոչ թե հիմնավորեցին, որ դա սուտ է, կեղծ է։ Այդքան քա՞ջ եք, այդքան սկզբունքային եք, այդքան համոզված եք դիրքորոշման վրա, թող այստեղ այդ հարցը քննարկվեր։ Ծածկադմփոց արեցիք, որովհետև գիտեք՝ ինչ կա այդ ամեն ինչի տակ»։
Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը միջամտեց․ «Նույն անալոգիայով, ես հույս ունեմ, որ Դաշնակցությունը կողմ կքվեարկի սահմանադրության նախագծին, որպեսզի ժողովուրդը քննարկի և որոշում կայացնի»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան էլ հակադարձեց․ «Սահմանադրության նախագիծը Ալիևն է պարտադրել, դրա համար ենք դեմ»։
Ապա երկրորդեց Էդգար Ղազարյանին՝ հիշեցնելով, որ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը արդեն տևական ժամանակ զրկված է խորհրդարանի նիստերին մասնակցելու հնարավորությունից։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն էլ հայտարարեց․ «Ընդամենը մի քանի օր առաջ մենք ականատես ենք եղել ընդդիմադիր քաղաքական գործչի մահվան բանտում։ Ինձ մոտ միշտ առաջին հարցը այս կապակցությամբ այն է՝ ինչո՞ւ էր նա այնտեղ, ինչո՞ւ էր նա գտնվում բանտում։ Եվ այս հարցի պատասխանը չեն տալիս, չեն տվել մինչև հիմա։ Սիրելի՛ քաղաքացիներ, ժողովրդավարության հետընթացը վերաբերում է մեզ բոլորիս, և այսօր հենց «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է շահագրգռված լինի, որպեսզի այս հարցը այստեղ քննարկվի։ Փաստորեն նրանք աչք են փակում իրավիճակի վրա, աչք են փակում այն խախտումների վրա, և ընդամենը ուզում եմ ասել՝ դուք այսօր իշխանության եք, վաղը իշխանության չեք լինելու, դրա մասին մտածե՛ք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































