Ինչո՞ւ քաղաքացին չի կարողանում շարունակել օրինական կիսակառույցի շինարարությունը
«Առավոտին» է դիմել Երեւանի բնակիչ, ՀՀ քաղաքացի Լաուրա Մնացականյանն առ այն, որ չի կարողանում Երեւանի Ավետ Ավետիսյան 122 հասցեի իր օրինական կիսակառույցի շինարարությունն ավարտին հասցնել, երբ 2 տարվա շինթույլտվության ավարտի ժամանակը սահմանված է այս տարվա հուլիսի 17-ը։ Շինարարությունը ժամանակին չավարտելու պատճառով քաղաքացին կարող է կրել տույժ-տուգանքներ, եթե չերկարացվի ավարտի ժամկետը։ Իբր խոչընդոտում են հարեւան շենքի՝ Վ.Փափազյան 11 հասցեի բնակիչները։ Նրանք արգելում են բանվորներին աշխատել, երբեմն էլ կտրում են կիսակառույցը սնուցող հոսանքալարը։ Հերթականը՝ ս/թ մարտի 28-ին էր։ Լ. Մնացականյանն ստիպված դիմել էր ՀՀ ՆԳՆ Արաբկիրի համայնքային ոստիկանությանը։
Ներկայացել էին ավագ լեյտենանտներ Ա. Բարսեղյանը, Մ. Ավետիսյանը եւ կապիտան Տ. Հակոբյանը։ Նրանք արձանագրություն կազմեցին քաղաքացուց վերցրած հարցման շուրջ։ Ի դեպ, նրանց ներկայությամբ ոչ ոք չմոտեցավ աշխատող բանվորներին՝ աշխատանքը դադարեցնելու պահանջով։
«2004 թվից ունեմ քաղաքապետարանի թույլտվությունը Ավետ Ավետիսյան 122 հասցեում 9×7 քառմ շինարարության, ինչպես նաեւ հարակից՝ 155 քառմ տարածքի սեփականության մասին վկայական։ Անցած տարիներին տարածքը քաղաքապետարանը բարեկարգել է՝ տեղադրել է զրուցարաններ, ծաղկամաններ, կառուցել փոքրիկ ջրավազան, քաջ իմանալով, որ այն պատկանում է ինձ, ինչի համար մինչեւ օրս գույքահարկ եմ վճարում։ Խոստացան, որ հետ գնում կկատարեն ու գույքահարկի հետվճար կլինի, սակայն այդպես էլ ոչինչ չարեցին։ Ի դեպ, իմ կիսակառույցը գտնվում է Ավ. Ավետիսյան եւ Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում՝ Վ.Փափազյան 11 շենքից մոտ 25-30 մ հեռավորության վրա եւ երբեք չի ստվերում հիշյալ շենքը»,- մանրամասնեց տիկին Լաուրան։
Կարդացեք նաև
Պարզվեց նաեւ, որ բնակիչները տարիներ առաջ այս խնդրով դիմել են Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան ու դատը տանուլ տվել։ Փաստորեն, դատարանի վճիռն անտեսելով, ոմանք անցել են ընդհատակյա, «պարտիզանական» պայքարի։
Գ. ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.04.2025




















































