Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժիգուլուց իջել ենք՝ նստել մերսեդես»․ ՔՊ-ական պատգամավորի բնութագիրը էկոպարեկային ծառայությանը

Մայիս 05,2025 11:20 Share

«Ժիգուլուց իջել ենք՝ նստել մերսեդես»,- սա Սյունիքի մարզից ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի բնութագիրն է Էկոպարեկային ծառայության համակարգին։

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով սոցիալական արտոնություններ են սահմանվում համակարգի ծառայողների համար։

Սյունիքի մարզում համակարգն արդեն ներդրված է եւ գործում է․ 135 հաստիքից մոտ 100-ը համալրված է։ Դրանք հիմնական ստորաբաժանումներ են, որոնք անցել են ծառայության։

Իր բնութագրի համար սյունեցի պատգամավորը երեք չափանիշ է նշում․ «Տեխնիկապես գերհագեցած ծառայություն է լինելու, նախկինում՝ կիսապրոֆեսիոնալ ծառայություն էր։ 24 ժամյա ծառայություն է իրականացվելու։ Ծառայողները պատշաճ աշխատավարձ են ստանալու»։

Իշխանական պատգամավորի վստահեցմամբ՝ համակարգի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է։ Նախկին համակարգի շատ ծառայողներ, ի դեպ, դուրս են մնացել աշխատանքից՝ վերապրոֆիլավորման արդյունքում։ Դավիթ Դանիելյանն ասում է՝ այդ մարդիկ իր հոգածության ներքո են եւ եթե նրանց տվյալները չհամապատասխանեն նոր ծառայությունում աշխատանքի անցնելու համար, իրենք կհոգան այդ մարդկանց՝ այլ համակարգերում աշխատանքի տեղավորման հարցերը։ Իր համոզմամբ, էկոպարեկային ծառայությունը շատ արդյունավետ է աշխատելու եւ երբ ողջ երկրում համակարգը ներդրվի՝ արդյունքն արագ ակնհայտ կդառնա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց․ «Այս կամ այն կուսակցության, այս կամ այն քաղաքական խմբի ներկայացուցչին պաշտոնի տեղավորելու խնդիր չպիտի լուծվի այս համակարգով, բոլորի համար հավասար պայմաններ պետք է լինեն»։ Նա հույս ունի, որ այդպես էլ կլինի եւ կոչ արեց՝ համակարգում ընդունել աշխատանքի մարդկանց, ովքեր իրապես ծառայություն են իրականացնելու։

«Պարոն Դանիելյան, ես ամենայն տղամարդկությամբ Ձեզ վստահեցնում եմ, որ Սյունիքի մարզում չկա նման դեպք, որ մարդն աշխատանքի ընդունվի եւ նրա քաղաքական հայացքները հաշվի առնեն»,- ասաց Դավիթ Դանիելյանը՝ հավելելով, որ ամեն ինչ հակառակ նժարի վրա է։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն էլ հավելեց, որ ծառայությունում ընդունվելու կարգը հստակ սահմանված է եւ քաղաքական հայացքներով խտրականության որեւէ դրսեւորում ենթակա է համապատասխան պատասխանատվության։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031