«Պարոն Խանդանյանը խոսում էր իսպանական ամոթից։ Դե, դուք պիտի որ շատ դա զգացած լինեք, հույս ունեմ՝ զգացել եք, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանն Արցախն Ադրբեջանի կազմում էր ճանաչում, երբ ՄԱԿ-ում ՀՀ-ին անդրադարձում էին Փաշինյանի ասածները, կամ եթե վերջերս Ջերմուկ, Սյունիք ու Գեղարքունիք եք գնացել ու տեսել եք այն տարածքները, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ են, կամ եթե ցանկություն առաջանար Արցախ գնալու»,-խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հայտարարություններին։
Այնուհետև շարունակեց․ «Խանդանյանն ասում է, որ ես դիմել եմ եվրոպացիներին, խնդրել եմ քվեարկել ԵԺԿ-ի այդ օրինագծին դեմ։ Որևէ մեկին չեմ դիմել, բայց ես ու իմ գործընկերները շատ անգամ ենք մեր եվրոպացի գործընկերներին դիմել հայանպաստ բանաձևերի համար քվեարկել՝ նույն ԵԺԿ-ում ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ կապված, Արցախի ու ՀՀ-ի շահերը սպասարկող բանաձևերի համար ու նաև շատ ուրիշ կառույցներում։ Դա ինձ համար պատվաբեր փաստ է։
Դուք էլի ստեցիք, որ էդտեղից մենք հանել ենք տվել բացառապես Փաշինյանի անվան հիշատակումը։ Մեկ տեղ չէ, մի քանի տեղից ենք հանել տվել, ավելին, մենք ավելացրել ենք արցախցիների վերադարձի իրավունքի հիշատակումը՝ ՀՀԿ-ի և Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ ջանքերով, և դա հպարտության առիթ է։ Չասեցիք ամբողջությամբ, որ այդ հայտարարության մեջ Արմեն Աշոտյանը վերահաստատվում էր՝ որպես քաղբանտարկյալ։
Այո, իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը «Եդինայա Ռոսիայի»՝ ֆաշիզմի դեմ պայքարի միջոցառմանն էր Մոսկվայում։ Կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը լսել է Շարմազանովի ելույթը ու տեսել է, թե մենք ինչպես ենք ադրբեջանցիներին պատասխանում, իսկ դուք նույնիսկ, երբ անձնապես ձեզ է վիրավորում ձեր ադրբեջանցի գործընկերը, չեք անդրադարձում, էլ ուր մնաց ՀՀ-ի մասին արտահայտություններին պատասխանեք։ Ո՞նց է, որ չասեցիք, որ այդտեղ խաբեությամբ էիք, որ Ձեզ հեռացրել էին բանաձևի նիստի դահլիճից»։
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավորները մեկը մյուսի հետևից սկսեցին արձագանքել Հայկ Մամիջանյանին։ ՀՀ ԱԺ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ասաց․ «Ադրբեջանցիներին, մոզամբիկցիներին, մնացածներին պետք է պատասխանել ոչ թե բառերով, այլ գործողություններով՝ այսինքն՝ նորմալ երկիր կառուցելով, ոչ թե մեծ-մեծ խոսելով»։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ևս իր ելույթում անդրադարձավ Հայկ Մամիջանյանին ու ասաց․ «Մամիջանյանն ասում է՝ ինքն անձամբ ոչ մեկին չի մոտեցել, ասել, որ չընդունեն, հանեն բանաձևը, ես և տիկին Կարապետյանը մեր աչքերով ու ականջներով տեսել ենք, թե ինչպես պարոն Մամիջանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մեկտեղ բարձրախոսը ձեռքն ասում էր՝ հանեք այս բանաձևն օրակարգից։ Պարոն Մամիջանյանը գլուխ է գովում, թե մի տեղից չէ, մի երկու-երեք տեղից են Նիկոլ Փաշինյանի անունը հանել բանաձևից։
Ի տարբերություն իրենց՝ իրենց պատահած եվրոպացի գործընկերները պարկեշտ մարդիկ են, մտածում են, որ եթե որոշ առաջարկներ ընդունեն, տեքստն ընդունելի կլինի և պաշտպանություն կգտնի, բայց պարզվեց՝ հաջորդ օրը ևս միջանցքներում սաբոտաժի են ենթարկում արդեն ընդունված և կոնսենսուս ձևավորած տեքստը։ Պարոն Մամիջանյանն ապացուցեց, որ ՔՊ-ն ամենաուժեղ կուսակցությունն է։ Ասում է, որ մենք խաբեությամբ ենք էնտեղ հայտնվել։
Օրինակ՝ ո՞նց է պատկերացնում՝ ես ո՞նց եմ ԵԺԿ նախագահին խաբել, որ ինձ անձնապես հրավեր ուղարկի մասնակցելու ԵԺԿ կոնֆերանսին։ Հետո ասում է, որ Շարմազանովը «Եդինայա Ռոսիայի» կոնֆերանսին էր գնացել ֆաշիզմի դեմ ելույթ ունենալու համար։ Չեմ ցանկանում գնահատական տալ պարոն Մամիջանյանի՝ պատմության վերաբերյալ գիտելիքներին, բայց օրինակ՝ ֆաշիզմի դեմ ելույթ կարելի է ունենալ նաև Փարիզում, Բրյուսելում, Բեռլինում, Վալենսիայում։ Բայց իրականում ՀՀԿ-ն գնացել է «Եդինայա Ռոսիայի»՝ կոնֆերանսին երդում տալու համար 2026-ի ընտրություններից առաջ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ