Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Ցեղասպանությունները պետք է ճանաչել ու դատապարտել, որպեսզի դրանք չկրկնվեն, որպեսզի մարդկությունը հասկանա, որ դա միջազգային հանցագործություն է»

Մայիս 19,2025 16:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօր իրականում կարեւոր օր է, որովհետեւ Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության օրն է եւ մենք՝ հայ ժողովուրդը, Հայաստանի Ազգային Ժողովը տարիներ շարունակ այս օրը նշել ենք եւ հարգանքի տուրք ենք մատուցել՝ ծաղկեպսակ դնելով զոհերի հուշարձանին:

Ուզում եմ հիշեցնել հանրությանը, որ 2015 թվականի մարտի 24-ին ՀՀ ԱԺ-ն միաձայն ընդունեց հույների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում դատապարտող բանաձեւ: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ցեղասպանությունները պետք է ճանաչել, պետք է իմանալ ու դատապարտել, որպեսզի դրանք չկրկնվեն:

Ցավոք սրտի, 21-րդ դարում էլ մենք տեսնում ենք, որ ցեղասպանությունները կրկնվում են: Մենք, ցավոք սրտի, ականատես եղանք Արցախի հայաթափմանը: Արցախում իրականացվեց էթնիկ զտում, եւ ամբողջ աշխարհը բաց աչքերով նայեց այս ցեղասպանությանը: Բայց միեւնույն է, մենք պայքարը չենք դադարեցնելու եւ մշտապես մեր բողոքի ձայնն ենք ուղղելու, պայքարելու ենք ընդդեմ ցեղասպանությունների, որպեսզի ի վերջո մարդկությունը սթափվի եւ հասկանա, որ մարդկությունը իրավունք չունի այլ ժողովուրդների, այլ մարդկանց դեմ իրականացնել ցեղասպանություն, որ դա միջազգային հանցագործություն է՝ ուղղված մարդկությանը: Եվ դա պետք է միանշանակ դատապարտել, որպեսզի չկրկնվի»,- այսօր Ծիծեռնակաբերդում Aravot.am-ին ասաց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու արարողությանը մասնակցող ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը:

Արձագանքելով դիտարկմանը, որ այսօր որոշ պաշտոնյաներ կասկածի տակ են դնում անգամ հայոց ցեղասպանության փաստը, տիկին Եսայանը ասաց. «Շատ ցավալի է իրականում, որովհետեւ այդ որոշ պաշտոնյաները հայկականության եւ հայ ժողովրդի պատմության հետ որեւէ աղերս չունեն: Դրանք դրածոներ են, դրանք զավթիչներ են, որ զբաղեցրել են ձեր նշած պաշտոնները Հայաստանի Հանրապետությունում եւ իրականացնում են թուրք-ադրբեջանական բոլոր ծրագրերը: Մեր խնդիրը պիտի լինի, ինչպես ճանաչել եւ դատապարտել ցեղասպանությունները, այնպես էլ այդ պաշտոնյաներից երկիրը ազատագրելը, որպեսզի մեր երկիրը ի վերջո մտնի տրամաբանության դաշտ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031