Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետրոս Ղազարյանն ասաց՝ սենց կասես, դատախազը հավանություն տվեց, Փաշինյանն էլ ծափ տվեց, ինչի՞ համար սուտ խոսեցիր». զինվորի հարազատը՝ սխալ տեղեկություն տարածած գնդապետին

Մայիս 23,2025 16:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում հարցաքննվեց 2022-ի հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով վկա գնդապետ Արսեն Սարոյանը: Նա ճգնաժամային ազգային կենտրոնի պետի տեղակալն է: Այս վկան առանցքային վկաներից է համարվում, քանի որ դեպքի հենց հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերով պաշտոնական տեղեկատվություն էր տարածել դեպքի մասին՝ հայտնելով, որ մահացած զինվորներից 14-ը եղել են մահճակալների վրա, մեկը՝ վառարանի մոտ: Այնինչ՝ իրականում քննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ զինվորները չեն եղել մահճակալների վրա անշարժ պառկած, եղել են կացարանի տարբեր հատվածներում:

Այսօր նա դատարանին հայտնեց, որ նման տեղեկություն հայտնելուց օրեր հետո է հասկացել, որ սխալ տեղեկատվություն է հաղորդել:  Նրա խոսքով՝ Հ1-ով հաղորդմանը մասնակցելուց մեկ օր առաջ ինքը փորձել է  լրացուցիչ տեղեկատվություն հավաքել, ինչի ընթացքում փոխանցված տեղեկատվությունը սխալ է  ընկալել:

Նրան հարց ուղղեցին զինվորների հարազատները:

-Ո՞նց եղավ, որ Արգիշտի Քյարամյանն ու Աննա Վարդապետյանը կողքիդ նստած՝ Պետրոս Ղազարյանն էլ ասաց՝ սենց կասես, դու ասացիր, նրանք էլ հավանություն տվեցին: Հլը ասա դա: Նույն բանն այնտեղ ասացիր, Քյարամյանն ու Վարդապետյանը գլուխները տարուբերեցին, հավանություն տվեցին, Փաշինյանն էլ ծափ տվեց, հլը մի հատ պատասխանի, ինչի՞ համար սուտ խոսեցիր: Եքա մարդ ես, գնդապետ, ո՞նց թե՝ «սխալ ընկալեցի»,- զայրացավ զինվորի հարազատը:

Հրդեհի առաջացման պատճառների մասին տեղեկություն վկային հայտնի չէր, ասաց՝ իրենց նման տեղեկություն չեն տալիս:

Վկայի խոսքով՝ տելեգրամյան հարթակում  իրենց աշխատանքային խմբից իմացել է՝ երկու մարտական հաշվարկ է եղել դեպքի վայրում:

Հարցին՝ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակի՞ն են կատարվել, վկան դրական պատասխան տվեց՝ հայտնելով, որ հատուկ վերլուծություն է արվել, ճգնաժամային ազգային  կենտրոնը խախտումներ չի արձանագրել: Նա վստահեցրեց, որ դեպքի վայր ժամանակին են հասել,  նույնիսկ՝ շուտ:

Տուժող կողմի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը վկայից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է  իրեն օգտագործել են կեղծ տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելու համար, ինչին ի պատասխան վկան կատեգորիկ հերքեց՝ պնդելով, որ սխալ է հասկացել իրեն փոխանցված տեղեկությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031