Լրահոս
Օրվա լրահոսը

Հի՞ն, թե՞ նոր դրոշմապիտակները կօգնեն երկրի տնտեսությունը հանել ստվերից

Օգոստոս 20,2025 15:06

Հետաքննության փորձ

Վերջերս լրատվամիջոցներից մեկում հայտնվեց հրապարակում, որում անդրադարձ էր կատարվել դրոշմավորման նոր համակարգին: Մասնավորապես, միջազգային պայմանագրով հաստատված, մրցութային ընթացակարգով ընտրված ազգային օպերատորին՝ «Ի-Մարկ» ՍՊԸ-ին, ներկայացվել որպես մոնոպոլիստ:

Հանուն արդարության պետք է ընդգծել, որ հրապարակման մեջ անդրադարձ չի կատարվել նախկինում գործած թղթային դրոշմավորման համակարգին, դրա ֆունկցիոնալ օգուտներին, ռիսկերին, բացասական հետեւանքներին:

Թեման զարգացնելով, ներկայացնենք աշխարհում, ապա՝ Հայաստանում իրականացված ոլորտային բարեփոխումները՝ ընթացակարգային հաջորդականությամբ:

2018 թ. փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը, որի հիմնական նպատակը ԵԱՏՄ ամբողջ տարածքում նույնականացման նշաններով ապրանքների թվային դրոշմավորման համակարգի ներդրումն է եւ դրոշմավորման գործընթացների միասնականացումն է եւ ապրանքների հետագծելիության ապահովումը։

2021 թ. մարտի 5-ին ԵՏՀ որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելը։ Համաձայնագրով եւ բազային մոդելի վերաբերյալ որոշմամբ սահմանվել է, որ ԵԱՏՄ տարածքում ապրանքների դրոշմավորումն իրականացվում է մեկ միասնական համակարգով միայն բազային մոդելին համաձայն։

01.01.2018 թ. ՀՀ հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածով սահմանվել է, որ ՀՀ վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանված լինելու դեպքում հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար օրենսգրքով, այլ օրենքներով եւ դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները:

2019 թ. օգոստոսի 8-ի թիվ 72 որոշման համաձայն ԵՏՀ խորհրդի անդամ պետությունները նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքի անարգել շրջանառությունն ապահովելու նպատակով պարտավոր են եղել նշանակել ազգային օպերատոր մինչեւ 2020 թվականի մարտի 1-ն ընկած ժամկետը։

ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 24-ի 1565-Ն որոշմամբ սահմանվել է օպերատորի ընտրության ընթացակարգը եւ օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները։ ՀՀ վարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի 1108-Ա որոշմամբ սահմանվել է միջգերատեսչական հանձնաժողովի կազմը։ Սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ եւ ընտրվել օպերատոր, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 28-ի 2195-Լ որոշմամբ։

Վերը նշված ընթացակարգերի պահպանումն արդեն իսկ բացառում է հրապարակման մեջ տեղ գտած մենաշնորհ՝ այսինքն ոչ թափանցիկ ճանապարհով, առանց մրցութային ընթացակարգով անցած օպերատորի ընտրությունը, մինչդեռ «Ի-Մարկ» ՍՊԸ-ն ընտրվել է մրցութային ընթացակարգով, ողջամիտ չափանիշների հիման վրա, որը բխել է ԵԱՏՄ համաձայնագրով սահմանված պահանջներից։ Ավելին, ԵԱՏՄ կարգավորումները ենթադրում են, որ ամեն պետություն պետք է սահմանի մեկ ազգային օպերատոր, որն ինտեգրված պետք է լինի մյուս պետությունների օպերատորների հետ։ ԵԱՏՄ մյուս պետություններում օպերատորը ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել է համապատասխան որոշումներով, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանում օպերատորի ընտրությունը եղել է թափանցիկ։

Այս համատեքստում տեղին է ընդգծել, որ նոր համակարգը թվայնացման առումով հերթական ձեռքբերումն է, որը ենթադրում է ստվերի դեմ արդյունավետ պայքար, ինչպես նաեւ ապրանքների հետագծելիության նկատմամբ հսկողություն թվային միջավայրում, ինչն էլ բացակայում է հին համակարգի՝ դրոշմապիտակների դեպքում։ ՊԵԿ-ը հնարավորություն ունի տեսնելու, թե հսկիչ նշաններով նշագրված ապրանքներն ինչպես են դուրս գալիս շրջանառությունից հատի ճշտությամբ եւ պլանավորել իր վարչարարությունը, ինչը կրկին բացակայել է դրոշմապիտակների դեպքում։

Կատարելով հին եւ նոր համակարգերի ուսումնասիրություն եւ համեմատություն, մեր ընթերցողներին ենք ներկայացնում իրական պատկերը.

1) դրոշմապիտակների ձեռքբերում ՊԵԿ-ի կողմից, որը պետության համար նշանակալի ծախս է. վերջին տարիներին տարեկան շուրջ 6 մլրդ դրամի չափով

2) հարկ վճարողի կողմից իրացված ապրանքների վերաբերյալ ՀԴՄ կտրոնների միջոցով ՊԵԿ փոխանցված տեղեկատվության մեջ վաճառված ապրանքների դրոշմապիտակների վերաբերյալ որեւէ տեղեկատվության բացակայություն

3) ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի լիարժեք հետագծելիության չապահովում

4) ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանողների համար գործող թղթային դրոշմապիտակների չօգտագործում։ Տվյալ դեպքում անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրության համաձայն, եւ կարող է տեղի ունենալ կրկնակի դրոշմավորում, եթե արտադրության ժամանակ չի առանձնացվում արտահանման համար նախատեսված ապրանքը, որը եւս լրացուցիչ դժվարություն եւ ծախս է հարկ վճարողի համար

5) անփոխանցելիություն՝ թղթային դրոշմապիտակների վրա առկա 2D կոդի գեներացիայի տրամաբանությունը պատկանում է մասնավոր ընկերության եւ չի փոխանցվում ՊԵԿ։ Այդ իսկ պատճառով ՊԵԿ-ն անհրաժեշտության դեպքում այլ ընկերությունների կամ սեփական ուժերի միջոցով հնարավորություն չունի փոփոխություններ իրականացնելու առկա ծրագրում կամ ստեղծելու նոր բջջային հավելված։ Հենց այս ուժով է, որ շուկայում միայն մեկ ընկերություն է մասնակցում եւ հաղթում մրցույթին՝ գեներացնելով գերշահույթ եւ խոչընդոտելով այլ տպարանների մուտքը շուկա

Իսկ ո՞րն է նոր թվային համակարգի նպատակը՝ տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ներդնել ՀՀ-ում ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կընձեռի ունենալ շուկայում շրջանառվող ապրանքների նկատմամբ ճշգրիտ եւ իրատեսական պատկեր, խոչընդոտել անորակ եւ կեղծ ապրանքների տարածումը, ինչը լուրջ խնդիր է ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների համար։ Ընդհանուր առմամբ.

Թվային դրոշմավորման եւ հետագծելիության համակարգը հնարավորություն է տալիս պետական մարմիններին հետագծել եւ վերհանել (ՀԴՄ, e-mark, հետագայում հարկային հաշիվներ) ցանկացած կեղծ եւ չգրանցված դրոշմապիտակ։

Նշված համակարգը հնարավորություն է տալիս ՊԵԿ-ին ունենալ վիրտուալ պահեստ, ինչը հնարավորություն է տալիս իրական ժամանակում ունենալ տնտեսության պատկերը։

Այլ պետական մարմիններին հնարավորություն է տալիս իրենց կողմից սահմանված պահանջները ներառել դատամատրիքսի մեջ, որն էական ծախսերի կրճատում է տնտեսվարողի համար։

Ապրանքի հատի ճշտությամբ տնտեսությունում մանրամասն վերլուծական գործիքների, սերվերների համար պետությունը չի ծախսում որեւէ գումար (դրոշմապիտակի գին, սերվեր, մարդկային ռեսուրսներ եւ այլն)։

Փոխճանաչելիությունն այլ հիմնական արտաքին առեւտրի երկրների հետ։

Համեմատելով հին եւ նոր համակարգերը, լավ պատկերացնելով դրանց էական տարբերությունը, այնուամենայնիվ անդրադառնանք հրապարակման այն հատվածին, որում հարկ չի համարվել խոսել մեկ տասնամյակից ավել շուկայում մենաշնորհ դիրք ունեցող ընկերության գործունեության մասին, փոխարենը մենաշնորհ է համարվել միջազգային պայմանագրի հիման վրա, մրցութային ընթացակարգով ընտրված ազգային օպերատորը, անդրադարձ չի կատարվել հին թղթային համակարգի պարագայում պետական բյուջեի ծախսերի նպատակահարմարությանը եւ արդյունավետությանը, փոխարենը խոսվել է մասնավոր սուբյեկտների միջեւ գնագոյացման մասին, այն պարագայում, երբ հսկիչ նշանների մասով սակագինը սահմանում է ՀՀ Կառավարությունը։ Այս ամենից զատ լրագրողական հետաքննության շրջանակներում, ընդամենը սահմանափակ հարցադրումներ են ուղղվել օպերատորին, մինչդեռ լրատվական նյութն այդ հարցադրումների շրջանակներից դուրս է, կարծես միտումնավոր փորձ է արվել չհանրայնացնել օպերատորի կարծիքն այդ բովանդակության ամբողջ շրջանակի մասով։

Հուսանք կգան ժամանակներ, երբ երկրի եւ պետության համար իրականացված բարեփոխումները կուսումնասիրվեն եւ հասարակությանը կներկայացվեն բացառապես երկրի տնտեսության զարգացման շահերից ելնելով՝ օբյեկտիվ:

ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031