Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստում այսօր պաշտպանական կողմը կրկին բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին։
Դատարանը բավարարել էր հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության՝ դատախազության միջնորդությունը, ինչի վերաբերյալ պաշտպանական կողմը առարկություն էր ներկայացրել։ Փոփոխված հայցում, հիշեցնենք, կոռուպցիայի դեմ պայքարի հիմքն է, պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուբեն Հայրապետյանը որոշակի ժամանակաշրջանում հանրային պաշտոններ է զբաղեցրել։
Պաշտպանական կողմն առարկություններ էր ներկայացրել՝ հիմնավորելով, որ հայցի փոփոխությունը դատարանը չպետք է թույլատրի, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական արգելք կա․ ի սկզբանե դատախազությունն այլ հիմքով էր հայց ներկայացրել, գործի ընթացքից հայցի հիմք փոխելն օրենքով արգելված է։ Հայցի հիմքի եւ առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին իր որոշման մեջ, դատարանը պաշտպանական կողմի առարկություններին, ըստ պաշտպան Վահագն Դալլաքյանի, ըստ էության եւ բովանդակային անդրադարձ չի կատարել, այլ մեկ նախադասությամբ ասել է․ «Պատասխանողի ներկայացուցչի առարկություններում ներկայացված փաստարկները վերաբերվում են հայցի հիմնավորվածությանը, հետեւաբար, հայցի հիմքերի եւ առարկայի փոփոխության հարցի քննության տեսանկյունից դրանք անհիմն են»։
Վահագն Դալլաքյանը հայտարարեց՝ մինչդեռ ոչ նախնական հայցի, ոչ փոփոխված հայցի բովանդակության հիմնավորվածության վերաբերյալ ներկայացված 12 կետանոց առարկություններում իրենք որեւէ բառ չեն ասել։ Ավելին, դատարանը ոչ միայն պաշտպանական կողմի առարկություններին չի անդրադարձել, այլ պաշտպանական կողմին վերագրվել է մի առարկություն, որը իրենք չեն ներկայացրել։
Կարդացեք նաև
Վահագն Դալլաքյանը հիշեցրեց նաեւ դատավորին նախորդ բացարկի միջնորդությունը, որն իր գնահատմամբ՝ բովանդակային առումով չքննարկվեց, բայց մերժվեց։ Միջնորդությունը վերաբերում էր նրան, որ դատավոր Կարապետ Բադալյանը հանրային գործիչ Հրանուշ Խառատյանի փեսան է։ Ռուբեն Հայրապետյանը եւ Հրանուշ Խառատյանը նախկինում հրապարակային վեճ են ունեցել եւ Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի՝ մերժվել էր։ Պաշտպանական կողմի դիտարկմամբ, սա առիթ է Հայրապետյանների ընտանիքի նկատմամբ վրեժի քայլերով առաջնորդվելու, ինչով էլ բացատրվում է դատավարության ողջ ընթացքում դատավորի կանխակալ վերաբերմունքը։
Ըստ Վահագն Դալլաքյանի, դատավոր Կարապետ Բադալյանը դատավարության ողջ ընթացքում, այդ թվում՝ նաեւ ՍԴ որոշումից հետո ժամանակահատվածում, դատախազության գործողությունների նկատմամբ առավել մեղմ վերաբերմունք է դրսեւորել, իսկ պաշտպանական կողմի նկատմամբ՝ առավել կոշտ։
Դատախազը նկատեց՝ Հայրապետյան-Խառատյան նախորդ վեճից առնվազն տասը տարի է անցել, ուստի տրամաբանական չէ մտածել, որ այդ վեճից մնացած թշնամական վերաբերմունք կարող է լինել։ Իսկ մյուս մասով էլ, դատախազը անհիմն է համարում բացարկը։ Կարծում է, որ վիճելի հարցերին պատասխանողը հնարավորություն ունի անդրադառնալ դատավարական գործընթացի շրջանակներում։ Պնդեց՝ դատարանն իրավացիորեն է նշել, որ հայցը հիմնավոր է։
Որոշումը կհրապարակվի վաղը։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով քննությունը։ Ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման մասին ՍԴ որոշումից հետո դատախազությունն այս գործով էլ հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության միջնորդություն էր ներկայացրել։ Նախորդ նիստում գործով դատախազը ներկայացրեց փոփոխությունները, որոնք արվել են Ռուբեն Հայրապետյանի հրապարակային հայտարարություններն ուսումնասիրելու արդյունքում։
Հայրապետյանների պաշտպանները փոփոխված հայցի հիմքի եւ առարկայի վերաբերյալ իրենց դիրքորոշումը կներկայացնեն վաղվա նիստում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































