Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ալվարդ Անտոնյանը։
Ալվարդ Անտոնյանը ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է 2022 թվականին: Նա ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարությամբ կատարած աշխատանքները։ Նշված ժամանակահատվածում, ինստիտուտի համար դժվար շրջանում, իրականացվել են գիտական և ենթակառուցվածքի պահպանման բազմաթիվ աշխատանքներ: Այդ ընթացքում ինստիտուտի աշխատակիցները հրապարակել են մոտ 80 գիտական հոդված, որի ավելի քան 70 տոկոսը՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ Աճել է ինստիտուտի բազային ֆինանսավորումը և ավելացել դրամաշնորհների թիվը։ Ինստիտուտը համագործակցում է արտասահմանյան ու տեղական մի շարք համալսարանների և կազմակերպությունների հետ, կնքվել են հռչակագրեր։
Ալվարդ Անտոնյանը ծնվել է 1964 թվականին` Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը կենսաքիմիա մասնագիտությամբ: Աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում և 1996 թվականին ստացել կենսաբանական գիտությունների թեկածուի գիտական աստիճան: Ղեկավարում է «Ադենիլային միացությունների նյութափոխանակության» լաբորատորիան, ինստիտուտի առաջատար գիտաշխատող է: Նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ լաբորատորիան ստացել է բազմաթիվ տեղական և միջազգային դրամաշնորհներ: 2007 թվականից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեղագործական քիմիայի ամբիոնում և ունի դոցենտի կոչում։ Համատեղ գիտական հետազոտություններ է իրականացնում Իտալիայի Կամերինոյի համալսարանի, Գերմանիայի Բեռլինի Ազատ և Շարիտե բժշկական համալսարանների, Հալլեի Ֆրաունհոֆերի Բջջային թերապիայի և իմունալոգիայի ինստիտուտի, Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանի հետ: Ալվարդ Անտոնյանի գիտական հետազոտությունների ոլորտներն են կենսաքիմիան, կենսաֆիզիկան և կենսաբժշկությունը։ Նա 52 գիտական աշխատության հեղինակ է։ Անդամակցում է Կենսաքիմիկոսների հայկական ասոցացիային և Նյարդաքիմիայի եվրոպական միությանը:
Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ Ալվարդ Անտոնյանը նշեց, որ առաջնահերթություններից են՝
Կարդացեք նաև
- տարբեր պաթոլոգիաների դեպքում թիրախային թերապիայի նպատակով ստեղծել դեղերով և թիրախային բջիջները ճանաչող մոլեկուլներով բեռնված նանոդեղամիջոցների տրանսպորտային համակարգեր;
- արթրիտների պաթոլոգիայում պոլիկլոնալ հակամարմինների կիրառմամբ հետազոտություններից և բջջային կուլտուրաների հետ աշխատանքի փորձից ելնելով ստանալ մոնոկլոնալ հակամարմիններ՝ թեթևացնելու ինստիտուտի ֆինանսական բեռը;
- զարգացնել Ալցհեյմերի, Պարկինսոնի և կենտրոնական նյարդային համակարգի պաթոլոգիաների որոշ մեխանիզմների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունները;
- շարունակել բնական և սինթեզած միացությունների ազդեցության հետազոտությունները շաքարախտի և արյան մակարդելիության դեպքում;
- ստեղծել հակաբորբոքային և հակաշաքարախտային պատրաստուկներ և քսուքներ հավելումների ձևով;
- նոր մակարդակի վրա դնել կարևոր նշանակության սպիտակուցների հետ պրոլինով հարուստ պեպտիդների և պրոբիոտիկների փոխազդեցության կիրառական հետազոտությունները:
Ալվարդ Անտոնյանը հավելեց, որ շարունակվելու է գիտական արդյունավետության բարձրացմանը միտված գործընթացը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին