Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց և կանանց դերերի կարծրացած տարանջատումը պետք է հաղթահարվի, և կանայք պետք է ունենան զինված ուժերում, անվտանգային համակարգում ներգրավման հավասար հնարավորություններ. Անահիտ Մանասյան

Սեպտեմբեր 16,2025 17:59

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 15-16-ը մասնակցել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի կողմից «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2025» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային համաժողովին։

Երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել են Հայաստանի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Պաշտպան Անահիտ Մանասյանը որպես խոսնակ ելույթ է ունեցել «Կանայք զինված ուժերում, աճող ռազմականացումը կամ գենդերային բազմազանությունը որպես ռազմավարական առավելություն» թեմայով պանելային քննարկմանը։

Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է զինված ուժերում կանանց ներգրավվածության և գենդերային բազմազանության ապահովման տեսանկյունից տարբեր կարծրատիպերի և խոչընդոտների հաղթահարման կարևորությանը․«Կանանց հետ կապված կարծրատիպերը ընդհանուր են հանրային միջավայրում և այդ բոլոր կարծրատիպերը վերաբերելի են նաև զինված ուժերում կանանց ներգրավվածությանը։ Հայաստանում և շատ այլ հասարակաություններում զինված ուժերը մշտապես ընկալվել են որպես բացառապես տղամարդկանց միջավայր։ Տղամարդկանց և կանանց դերերի կարծրացած տարանջատումը պետք է հաղթահարվի, և կանայք պետք է ունենան զինված ուժերում, անվտանգային համակարգում ներգրավման հավասար հնարավորություններ»։

Միևնույն ժամանակ, Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է զինված ուժերում կանանց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցերի ու խնդիրների, որոնք բացահայտվել են ՄԻՊ մշտադիտարկման արդյունքում, ներառյալ՝ իրավահավասարության ապահովման, ծառայության պայմանների, ենթակառուցվածքների բարելավման, առաջխաղացման երաշխավորման և այլ հարցերի տեսանկյունից։

Քննարկման մոդերացիան իրականացրել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:

«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2025» միջազգային համաժողովը կազմակերպվել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի կողմից՝ Ֆինլանդիայի, Էստոնիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների աջակցությամբ։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930