Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանը քաղաք է, որի դիմագիծը կերտվել է մեծանուն ճարտարապետների ձեռքով». Տիգրան Ավինյան

Սեպտեմբեր 30,2025 15:41

Հայաստանում առաջին անգամ անցկացվող «SHARE Armenia» միջազգային ճարտարապետական համաժողովը Երևանի քաղաքապետարանի հարկի տակ էր: «SHARE Architect»-ի նախագահ Ֆլորին Մինդիրիջիուին ու մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ այս միջոցառումը հարթակ է, որտեղ միավորվում են գաղափարները, փորձը և  տեսլականը, իսկ այս տարվա խորագիրը հիշեցնում է, որ  յուրաքանչյուր քաղաքաշինական նախագիծ իր հիմքում պետք է ծառայի մարդուն։

«Երևանը քաղաք է, որի դիմագիծը կերտվել է մեծանուն ճարտարապետների ձեռքով։
Ալեքսանդր Թամանյանի վարպետական տեսլականը մեր մայրաքաղաքին տվել է ժամանակակից շունչ, իսկ Մարկ Գրիգորյանի, Նիկողայոս Բունիաթյանի, Արթուր Թարխանյանի, Ջիմ Թորոսյանի, ինչպես նաև բազմաթիվ այլ տաղանդավոր ճարտարապետների աշխատանքները հարստացրել են մեր քաղաքի ճարտարապետական ժառանգությունը։ Նրանց թողած գործն այսօր արժանապատվորեն շարունակում են նոր սերնդի ճարտարապետները, որոնցից շատերին ուրախ եմ այսօր ողջունել: Խորհրդանշական է, որ գտնվում ենք Երևանի քաղաքապետարանի շենքում՝ Ջիմ Թորոսյանի ստեղծագործական մտքի լավագույն օրինակներից մեկում։ Այսօր մենք հյուրընկալել ենք աշխարհի ամենահեղինակավոր ճարտարապետական գրասենյակների ներկայացուցիչների, և ձեր ներկայությունը վկայում է, որ մեր քաղաքը դարձել է տարածաշրջանային և միջազգային նշանակության մասնագիտական հանդիպումների կենտրոն»,- նշել է քաղաքապետը։

Միջոցառման հանդիսավոր արարողության ընթացքում հանձնվել է ճարտարապետության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ «SHARE OPERA OMNIA»-ն։ Այս տարի մրցանակին արժանացել է Ալբերտ Զուրաբյանը՝ Հայաստանում և Հայաստանից դուրս ճարտարապետության բնագավառ ունեցած նշանակալի ավանդի համար։ Մրցանակը հանձնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Վերջին 25 տարվա ընթացքում այս մրցանակին արժանացել է ավելի քան 45 ականավոր ճարտարապետ՝ Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայից և Կովկասից։

Համաժողովի «Քաղաքաշինություն և կառուցապատում, մարդակենտրոն քաղաքներ» թեմայով պանելային քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նորարարական մոտեցումներին, կայուն զարգացման հեռանկարներին և քաղաքի մարդկային չափին կարևորելու անհրաժեշտությանը։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930