Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը դիմել է Փաստաբանների պալատ՝ Բագրատ սրբազանի պաշտպանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ

Հոկտեմբեր 17,2025 14:53

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վազգեն Ավետիսյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:

Վազգեն Ավետիսյան

Խուդոյանը իր նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդման մասին երկու օր առաջ է Փաստաբանների պալատից ծանուցում ստացել:

Փաստաբանի նկատմամբ վարույթ հարուցելու հաղորդման պատճառը Փարաքարի համայնքապետի սպանության դեպքով սեպտեմբերի 29-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Քննչական կոմիտեի նախագահի հայտնած տեղեկությունների վերաբերյալ Խուդոյանի հրապարակային արձագանքն է:

Իսկ Հովհաննես Խուդոյանի արձագանքը հետեւյալն էր. «Քննչական կոմիտեի ղեկավարը երեկ լուրջ ու պատասխանատու դեմքով ի թիվս այլնի պնդում էր, որ սպանության գործով քաղաքական բան չկա:

Բացի անուղղակի քաղաքական ազդեցությունը, ուղղակի քաղաքական միջամտության մասին տվյալներ այս պահին չունեմ: Բայց խնդիրն այլ է:

Նույն անձը երկու ամիս առաջ նույն դեմքով 18 արդարների գործով պնդում էր, որ պլանավորվել է մարդ գնդակահարել:
Իսկ հետո, երբ պարզվեց ու ապացուցվեց, որ հանրայինի եթերից ուղղակի ստել է, նույնիսկ ներողություն չի խնդրել հանրությանը մոլորեցնելու համար:

Փաստի ուժով Արթուր Պողոսյանի հայտարարությունների նկատմամբ տարածվում է ստելու կանխավարկածը»:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը իր միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ Խուդոյանը Փարաքարի համայնքապետի սպանության գործով չլինելով կողմ՝ իրեն իրավունք է վերապահել քննչական կոմիտեի նախագահի հասցեին հրապարակային հնչեցնել վիրավորական բնույթ կրող ոչ կոռեկտ արտահայտություններ, ինչը, ըստ Փաստաբանների պալատ դիմած պաշտոնյայի, կարող է բացասաբար անդրադառնալ ողջ քննչական կոմիտեի՝ որպես պետական ապարատի մաս կազմող կառույցի հեղինակության վրա:

Վազգեն Ավետիսյանը միջնորդել է ոչ միայն կարգապահական վարույթ հարուցել, այլեւ պատասխանատվության ենթարկել Խուդոյանին՝ դիտավորությամբ Փաստաբանության մասին օրենքն ու Կանոնագիրքը խախտելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031