Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

Հավաքների միջոցով իշխանության եկած ՔՊ-ն ամենաշատն է  սահմանափել հավաքների սահմանադրական ազատությունը. փաստաբան

Հոկտեմբեր 24,2025 13:13

– Չի կարող հավաքների կազմակերպման, անցկացման նյութական շահագրգռության առկա ձեւակերպումը քրեական օրենսգրքի լինել իրավաչափ: Այն իր իրավական որոշակիության տեսակետից անհստակության բարձր աստիճանով իշխանությունների կողմից օգտագործվել է  իրավապահ մարմիններին պատվեր իջեցնելու համար, որ հարուցվեն վարույթներ ու իրականացվեն բազմաթիվ քրեական հետապնդումներ: Դրանցով անցնում են թե՛ կոսակցություններ, թե՛ շարժումներ, թե՛ անձինք,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ իրենց այս տեսակետն ամրագրվել է նաեւ Վենետեիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքով. «Օրենքի այդ հոդվածի վերաբերյալ ԱԺ մի խումբ պատգամավորներ 2024-ին Սահմանադրական դատարան  էր դիմում ներկայացրել: Սահմանադրական դատարանը դիմումի քննությունը կասեցրել էր, դիմել Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Վերջերս ստացվել է  այդ կարծիքը,  որով հաստատվել է մեր տեսակետը, որ չի կարող հավաքների կազմակերպման, անցկացման նյութական շահրագրգռվածության վերաբերյալ  քր. օրենսգրքի ձեւակերպումը լինել իրավաչափ»:

Պատգամավորի խոսքով՝ օրենքի այդ անհստակ ձեւակեպման արդյունքում բազմաթիվ դեպքեր ունենք, որ կալանքներ  են կիրառվել, կալանքի ժամկետներն անցել են երկու ամիսը, ու ունենք նաեւ դատական ակտ. «Հակասահմանադրական ու հակամիջազգային իրավունքի տեսակետից մեկնաբանությունը կիրառվել է, մասնավորապես, Ավետիք Չալաբյանի նկատմամբ»:

Փաստաբան Վահե Գրիգորյանն էլ նկատեց, որ այս քաղաքական ռեժիմը, գալով իշխանության հավաքների միջոցով, ամենաշատն է  սահմանափակել հավաքների սահմանադրական ազատությունը. «Արդեն 2020-ից սկսած՝ եղան առաջին սահմանափակումները:  2020-ի հոկտեմբերի 8-ին ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման մեջ դրվեցին սահմանափակումներ, որոնք պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 9-10-ից հետո, դարձան քաղաքական ռեպրեսիայի գործիք՝ քաղաքական ուժերի ու այն անձանց համար, որոնք մասնակցում էին հավաքներին կամ սոցիալական հարթակում քննադատում իշխանություններին»:

Փաստաբանը հիշեցրեց, որ դեռ այն ժամանակ իրենք դիմել էին Վարչական ու Սահմանադրական դատարան, վերջինը արձանագրեց, որ հավաքների ու կարծիքի արտահայտման սահմանափակումը հակասահմանադրական է, իսկ Վարչական դատարանն արձանագրեց ոչ իրավաչափությունը:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ նկատեց, որ եթե պետք է փողով մարդկանց բերես հանրահավաքի, այդ հավաքը որեւէ նպատակի չի կարող ծառայել.

-Փողով բերած մարդկանցով հնարավոր չէ իշխանություններին պարտադրել այս կամ այն քայլը, էլ չեմ ասում, որ հրաժարական տան,- ասաց Հարությունյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031