Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Հեռո՛ւ մնացեք պաշտոնեական դիրքի չարաշահումներից․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր կոչով դիմում է ՆԳՆ և ԱԱԾ ծառայողներին

Հոկտեմբեր 26,2025 12:10

Սույն թվականի հունիս 27-ին, ողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես են հարյուրավոր (այդ թվում նաև զինված) ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ ներխուժում համայն հայության հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որպեսզի  քննչական կոմիտե ուղեկցեն 1 հոգևորականի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որը ո՛չ զինված էր, ո՛չ էլ բռնություն էր ցույց տալիս։

Հոկտեմբերի 20-ին նմանատիպ իրավիճակի ականատես եղանք նաև Գյումրիում, որտեղ ևս հարյուրավոր (այդ թվում նաև զինված) ոստիկաններ  էին հավաքվել՝ բերման ենթարկելու համար քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ևս ո՛չ զինված էր, ո՛չ էլ բռնություն էր ցույց տալիս։ Բերման ենթարկելու համար ոստիկանները կոտրեցին քաղաքապետարանի ետնամուտքի դուռը, որի անհրաժեշտությունը չկար։

Ինչպես այս երկու դեպքերը, այդպես էլ նաև վերջին տարիներին տեղ գտած մի քանի տասնյակ նման միջադեպեր աչքի են ընկնում ՀՀ Ներքին գործերի նախարարության և ուժային կառույցների կողմից ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ աննախադեպ անհամաչափ ֆիզիկական և հոգեբանական ճնշման, վախի ազդեցություն գործելու միտումով։

Հայտնի է նաև, որ նման ամեն մի անհարկի միջոցառում դառնում է միլիոնավոր դրամների հավելավճարների և պարգևավճարների աղբյուր։ Այս ամենը լի է ՀՀ պետական գումարների վատնման և պաշտոնական դիրքի չարաշահումների դրվագներով։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարում է, որ հետևողական է լինելու, որպեսզի ուշ թե շուտ այս ամենի հետևում կանգնած ՀՀ ՆԳՆ և այլ ուժային կառույցների ղեկավարները ենթարկվեն պատասխանատվության։

Տեղեկացված ենք նաև, որ այսօր՝ հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ, որպեսզի Հովհաննավանքում մասնակցի Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված նախկին քահանայի՝ Ստեփան (Տեր Արամ) Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին։

Պարզ է, որ այս օրը ևս լեցուն է լինելու որպես վախի և ճնշման մթնոլորտ ստեղծելու գործիք ոստիկաններին ու ուժայիններին օգտագործելու դրվագներով։

Այնինչ սա ոչ թե հասարակ պատարագի օր է, այլ օր, որը հիմք է դնելու Հայ Առաքելական եկեղեցու պառակտմանը։

Ուստի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության խորհրդի դիմումն ու հորդորն է ՆԳՆ և այլ ուժային համակարգերում ծառայող մեր հայորդիներին, որպեսզի զերծ մնան այս և նման ազգակործան, սրբապիղծ և պառակտիչ միջոցառումներին մասնակցելուց ու բարձր պահեն համազգեստի պատիվը։

Վստա՛հ ենք, որ մոտ ապագայում պատասխանատվության կենթարկվեն նաև նման միջոցառումներին ծառայած և իշխանության դրածո «հոգևորականների անվտանգությունը վերահսկելուն» հնազանդված ՀՀ ՆԳՆ և այլ ուժային կառույցների ներկայացուցիչները, սակայն դա բավարար չի լինի հատուցելու համար այն վնասը, որը դա կհասցնի Հայաստանի վարկին, Եկեղեցու հեղինակությանն ու Հայաստանի հոգևոր-բարոյական մթնոլորտին։

Հեռու՛ մնացեք պաշտոնեական դիրքի չարաշահումներից ու օրինապահի տեղն ու դերը, խաղաղ բնակչության դեմ, հավատավորների դեմ, որպես վախեցնելու, ահաբեկելու բութ գործիք օգտագործելու դրսևորումներից։

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031