Լրահոս
Այսօր Հոկտեմբերի 27-ն է
Օրվա լրահոսը

«Թուրքիայի համար Իսրայելը պարզապես նախուտեստ է, իսկ հիմնական ճաշատեսակը Հնդկաստանն է». Մայքլ Ռուբին

Հոկտեմբեր 27,2025 10:40

Մայքլ Ռուբին

American Enterprise Institute

Էրդողանի հակակրանքը Հնդկաստանի նկատմամբ շատ ավելի խորն է։ Ինչպես նա Օսմանյան կայսրության անկումը համարում է շտկելի ողբերգություն, այնպես էլ Մոնղոլների կայսրության անկումը նույն կերպ է դիտարկում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դիմակը վերջնականապես պատռվել է։ Իսրայելի և «Համաս»-ի ահաբեկչական խմբավորման միջև ընթացող պատերազմի ֆոնին Էրդողանը բացահայտորեն կանգնել է «Համաս»-ի կողմում՝ նույնիսկ ակնարկելով, որ Թուրքիան կարող է պատերազմ հայտարարել հրեական պետության դեմ։

Նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա կառավարությանը անվանել է «ցեղասպան ռեժիմ», իսկ Իսրայելին՝ «ահաբեկչական պետություն»։ Թեև նա աջակցում էր Դոնալդ Թրամփի նախաձեռնած Գազայի խաղաղ բանակցություններին, հաղորդվում է, որ նա դեմ է եղել Նեթանյահուի մասնակցությանը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխում կայացած գագաթնաժողովին։

Էրդողանի սպառնալիքները պարզապես դատարկ խոսքեր չեն։ Նա հյուրընկալում է «Համաս»-ի ռազմական ղեկավարությանը. այդ կազմակերպությունը մի քանի ահաբեկչական հարձակումներ Իսրայելի դեմ պլանավորել է Ստամբուլում գտնվող իր գրասենյակից՝ Էրդողանի հովանավորության ներքո։ Մինչ Իսրայելը վերացնում է «Համաս»-ի առաջնորդներին Թեհրանում և հարվածներ հասցնում Դոհայում, Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, իր տարածքն օգտագործում է ահաբեկչական խմբավորման համար որպես ապահով ապաստարան։

Ավելին, Թուրքիան այսօր առաջատար դիրք ունի անօդաչուների արտադրության մեջ, կարող է ձեռք բերել F-35 Joint Strike Fighter կործանիչներ, եթե Դոնալդ Թրամփը իր ծրագրերն իրականացնի, և, ըստ որոշ աղբյուրների, նույնիսկ զարգացնում է միջուկային զենքի հնարավորություններ։ Այս ամենը Էրդողանի սպառնալիքները դարձնում է չափազանց լուրջ։

Գաղափարախոսությունը և՛ առաջնորդում է, և՛ կուրացնում Էրդողանին։ Այն վանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին մեղադրեց Դարֆուրում ցեղասպանություն իրականացնելու մեջ, Էրդողանը մերժեց մեղադրանքները և նրան ընդունեց Թուրքիայում՝ հայտարարելով․

«Մուսուլմանն չի կարող ցեղասպանություն իրականացնել, նա այդպիսի բանի ընդունակ չէ»։

Էրդողանի աշխարհայացքը ղեկավարվում է այն գաղափարով, որ մուսուլմանները պետք է գերիշխեն ոչ մուսուլմանների նկատմամբ, և որ նրանք, ովքեր չեն կիսում իր նեղմիտ սուննիական մեկնաբանությունները, ստորադաս են։ Իսկ եթե նրանք, ովքեր հետևում են իր՝ «Մուսուլման եղբայրության» գաղափարախոսությամբ պայմանավորված իսլամով, պատերազմում են կամ նույնիսկ սպանում իրենց հակառակորդներին, դա արդարացված է և, հետևաբար, չի կարող համարվել ցեղասպանություն։

Այդ համոզմունքներն են, որ ամրապնդում են Էրդողանի՝ Իսլամական պետությանը («ԻԳԻԼ») սատարելու քաղաքականությունը քրդերի հաշվին,շարունակական թշնամանքը հայերի նկատմամբ, Լեռնային Ղարաբաղի բնիկ քրիստոնյա բնակչության էթնիկ զտմանն աջակցելը, ինչպես նաև Կիպրոսի հարցում որևէ լուծման մերժումը, որը կվերամիավորեր կղզու մահմեդական բնակչությանը նրա քրիստոնյա մեծամասնության հետ։

Նույն աշխարհայացքն է նաև սնուցում նրա ատելությունը հինդուների նկատմամբ և այն մտայնությունը, որ մեծամասնությամբ հինդուական Հնդկաստանը չպետք է իշխանություն ունենա մահմեդական փոքրամասնության նկատմամբ։

Էրդողանի որոշումը՝ կրկին բարձրացնել Քաշմիրի հարցը ՄԱԿ-ի անցած ամսվա նստաշրջանի ընթացքում, կանխատեսում է Թուրքիայի նոր շեշտադրումը և առաջիկա ջանքերը՝ Քաթարի ֆինանսական և Պակիստանի գաղափարական աջակցության միջոցով Քաշմիրը վերածելու իսլամական և «առաջադեմ» գործի։ Այդ նպատակով, հաղորդվում է, Թուրքիան նախատեսում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության (UNHCR) ղեկավարի պաշտոնում՝ իտալացի դիվանագետ Ֆիլիպո Գրանդիի փոխարեն, առաջադրել Էրդողանի մերձավոր իրավաբաններից մեկին։

Քանի որ Հնդկաստանը՝ Պահալգամի հարձակման հետևանքով, ցույց տվեց, որ պատրաստ է հետապնդել ահաբեկչական բջիջներ նույնիսկ Պակիստանի խորքերում, Նյու Դելին պետք է սպասի, որ «Լաշքար-ե-Թաիբա»-ն և «Ջաիշ-է-Մուհամմադ»-ը կհետևեն «Համաս»-ի օրինակին և կբացեն գրասենյակներ Ստամբուլում՝ ոչ միայն քարոզչություն տարածելու, այլև ահաբեկչական գործողություններ պլանավորելու համար։

Սակայն Էրդողանի Հնդկաստանի նկատմամբ թշնամանքը շատ ավելի խորն է։ Ինչպես նա Օսմանյան կայսրության անկումը տեսնում է որպես շրջելի ողբերգություն, նույն կերպ է նա ընկալում նաև Մուղալյան կայսրության կործանումը։ Նրա համոզմամբ՝ Հնդկաստանում մուսուլմաններին աջակցելը կօգնի «ուղղել պատմական ծանր անարդարությունը»։

Հարյուր միլիոնավոր մուսուլմաններ ապրում են Հնդկաստանում՝ խաղաղորեն նպաստելով հասարակությանը։ Նրանց համար կրոնական ինքնությունը կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է նաև քաղաքացիական պատկանելիությունը. նրանք ընտրում են որպես մոտ 1,5 միլիարդ հնդիկ քաղաքացիների համայնքի մաս։ Էրդողանը, սակայն, ո՛չ հարգում է, ո՛չ էլ արժևորում ժողովրդավարությունը, և այդ պատճառով նրան քիչ է հետաքրքրում Նարենդրա Մոդիի կամ որևէ այլ ոչ մուսուլման հնդիկ առաջնորդի ժողովրդավարական լեգիտիմությունը։

Էրդողանի նպատակն այժմ այն է՝ հնդիկ մուսուլմաններին դրդել, որ իրենց կրոնական ինքնությունը դնեն ազգային ինքնությունից վեր։ Ինչպես նշել է Usanas Foundation-ի ղեկավար Աբհինավ Պանդյան, Էրդողանը դա անելու է ոչ միայն ահաբեկչական խմբերին աջակցելով, այլև տարբեր բարեգործական հիմնադրամների, բիզնեսների և թուրքական վերահսկողությամբ մեդիայի միջոցով։

Շատ հնդիկ մուսուլման հասարակական կազմակերպություններ նույնիսկ տեղյակ չեն, թե իրենց ստացած նվիրատվությունները որտեղից են գալիս։ Մինչ Էրդողանը Հնդուիստական գաղափարախոսությանը մեղադրում է բաժանարար գծեր ստեղծելու մեջ, իրականում հենց իր իսլամիզմի արտահանումն է, որ սերմանում է հակամարտություն։

Էրդողանը երբեք չի դադարեցնի դա․ նա պարզապես չի կարող պատկերացնել իրավիճակ, որտեղ մուսուլմանները չեն իշխում ողջ Հնդկաստանում կամ՝ ամեն դեպքում, չեն ձգտում առանձնացման՝ ոչ միայն Քաշմիրում, այլև դրանից դուրս։

Անհեռատեսություն կլինի Հնդկաստանի կառավարության կողմից կարծել, թե խնդիր չկա։ Այսօր արդեն թուրքերը աղավաղում են Հնդկաստանի հեղինակությունը միջազգային կազմակերպություններում և իրենց պետական հեռուստաընկերության՝ TRT-ի միջոցով՝ համաշխարհային լսարանի առաջ։

Վտանգը միայն արտաքին չէ, այլ նաև ներքին․ սոցցանցերի դարում հրահրումը հեշտ է, իսկ հետևանքները հետ շրջել՝ գրեթե անհնար։

Էրդողանը գուցե չհասցնի տեսնել Հնդկաստանի երկրորդ բաժանումը, բայց հենց դա է նրա վերջնական նպատակը։ Նյու Դելին պետք է զգոն և կանխատեսող լինի՝ ապահովելու համար, որ Հնդկաստանի մուսուլմանները հասկանան՝ Էրդողանը գործում է գաղութատիրական մտածողությամբ և փորձում է ստեղծել այնպիսի կործանարար դինամիկա, որը կարող է նրանց տանել դեպի աղետ։

Էրդողանի համար Իսրայելը պարզապես նախուտեստ է, իսկ Հնդկաստանը՝ հիմնական ուտեստ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031