«Այս հայտարարությունը շատ հարմար կարող էր լինել ճանճերին ոչնչացնելու համար, որովհետեւ հարմար է։ Բայց ինքը որեւէ բանի մասին չէ էլի, կներեք։ Ծիծաղելին գիտեք ո՞րն է, ծիծաղելին այն է, որ դուք բերել եք փաստաթուղթ եւ շատ լավ գիտեք՝ որում առկա մոտեցումները, դիրքորոշումները, որեւէ անաչառ կառույցի կողմից չեն կիսվում։ Եթե կիսվում են, գոնե մեկ կառույցի կարծիք ներկայացրեք»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին դիմեց հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Հիշեցնենք, խորհրդարանում քննվում է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած՝ ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագիծը։
Ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը Վլադիմիր Վարդանյանը տվել էր Chatgbt-ին, որը վերլուծել է այսպես՝ առկա են դատողություններ, որոնք հիմնավորված չեն փաստերով, միջազգային զեկույցներին հղումներ չկան, որոնք կհիմնավորեն Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, չկան փաստեր, թվեր։ Կա քաղաքական գնահատական՝ ընդդիմության ընկալմամբ։
«Դուք իրո՞ք հավատում եք, որ քաղաքական բռնաճնշումներ կիրառվող երկրում ԱԺ ընդդիմադիր պատգամավորը կարող է բերել նման հայտարարություն, այն քննարկվի ուղիղ եթերո՞ւմ․ նման երկրներում մենք էլ, դուք էլ եղել ենք»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ չկա ժողովրդավարական երկիր, որտեղ չկան խնդիրներ, բայց այդ խնդիրները պետք է լուծել, ոչ թե ամփոփել մեկ նախադասության մեջ՝ արդարադատություն չկա։ Նա էլ հիշեց 2008-ի հետմարտիմեկյան իրադարձությունները։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































