Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Էրիկ Ալեքսանյան. «Շատ ենք հանդիպում անձանց իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտությունների, որի արդյունքում բարձրանում է փաստաբանության դերը»

Դեկտեմբեր 07,2025 15:26

«Փաստաբանությունն ապրելակերպ է։ Միշտ եղել եմ այն համոզման, որ հաղթում է ոչ թե այն փաստաբանը, որն ավելի հմուտ է կամ ավելի լավ հռետոր, այլ նա, ով հրաժարվում է պարտությունից»,-Հայաստանում փաստաբանության ստեղծման 107-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ավարտին Aravot.am-ին ասաց քրեական գործերով փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Փաստաբանները հասարակության պաշտպաններն են։ Փաստաբանության դերը իրավական պետությունում իրականում շատ մեծ է, եւ նրա դերը ժողովրդավար պետությունում միշտ պետք է իր շատ բարձր գնահատականը ստանա։ Հասարակությունը, ցավոք սրտի, հենց փաստաբանների կարիքը շատ ունի, որովհետեւ ներկայումս մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ շատ ենք հանդիպում ապօրինությունների, շատ ենք հանդիպում անձանց իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտությունների։ Եվ հենց այդ միջամտությունների արդյունքում գլուխ է բարձրացնում փաստաբանության դերը։ Հետեւաբար, այս պայմաններում փաստաբանության դերը ժողովրդավարական հասարակությունում պիտի լինի շատ մեծ։ Մեր աշխատանքն իրականում շատ գնահատելի է։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ստեղծված ներկա իրավիճակին, տեսնում ենք նաեւ, որ շատ դեպքերում հենց փաստաբաններն են ունենում փաստաբանի կարիք։ Դրա վառ օրինակներից մեկը եղել եմ նաեւ հենց ես։ Թեեւ իմ պաշտպանությունը բովանդակային իմաստով իրականացրել եմ անձամբ, բայց նաեւ իմ շատ-շատ գործընկեր փաստաբաններ այդ ժամանակահատվածում շատ մեծ պատվով եւ մեծ առաքելությամբ իրականացրել են նաեւ իմ պաշտպանությունը։ Նման դեպքեր, ցավով պետք է արձանագրել, որ եղել են շատ՝ Ալեքսանդր Կոչուբաեւը, Ռուբեն Մխիթարյանը… Եվ ես միակը չեմ։ Կարծում եմ, այս թելը պետք է կտրվի։ Փաստաբանները չպետք է հետապնդվեն, որովհետեւ փաստաբաններն այն մարդիկ են, որոնք պետք է պաշտպանեն այն անձանց, որոնք հետապնդվում են։ Իսկ մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որ փաստաբաններն են ստիպված լինում իրենք պաշտպանել իրենց իրավունքները։ Այս իրողությունը հղի է բացասական հետեւանքներով։

Հայաստանում փաստաբանության ստեղծման 107-րդ ամյակի օրը որպես փաստաբան մեր ժողովրդին կմաղթեմ համբերություն։ Մեր պետությունը, մեր ժողովուրդը վերջին տարիներին շատ բան տեսավ՝ պատերազմ, ահռելի քանակությամբ զոհեր, արտագաղթ, Արցախի հայաթափում։ Մաղթում եմ նաեւ իմաստնություն, որովհետեւ, ի վերջո, ճշմարտությունը հաղթելու է։ Իսկ ճշմարտությանը հասնելու համար համբերություն է հարկավոր։ Մաղթում եմ նաեւ, որպեսզի մենք ապրենք մի այնպիսի պետությունում, որտեղ փաստաբանների կարիքը քիչ զգացվի, թեեւ մեր ժամանակներում փաստաբանության դեր, ցավոք, ավելի է բարձրանալու»,-ասաց փաստաբանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031