Հայ-գերմանական վերջին հանդիպումներն իհարկե կարելի է դիտարկել նախ տնտեսական բացվածքով, հատկապես եվրոպական պետություններից մի քանիսի` TRIPP-ի ծրագրին մասնակից լինելու ջանքերի համատեքստում:
Գերմանիայի տնտեսական կապիտալի հնարավոր ներկայություն Սյունիքում` TRIPP ծրագրին մասնակցության տեսքով. հավանաբար սա՛ է հեռահար նպատակը վերջին հանդիպումների, այնպես ինչպես Անգլիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Ռուսաստանի, այլոց ենթադրվելիք մասնակցությունը (ներկայությունը), բուն ամերիկյան մասնակցությանը զուգահեռ, ու հավանաբար դա՛ էր անվանում Նիկոլ Փաշինյանը բալանսավորված քաղաքականություն՝ Հանբուրգում լրագրողների հետ հանդիպմանը կրկնելով, թե բա` մենք Եվրամիության հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հաշիվ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի: Մոսկվա մեկնելն ու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Փաշինյանի մասնակցությունը վկա:
Բայց որ Ադրբեջանի դեսպանը նույն գերմանական հարթակներում շարունակում է պնդել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու եւ Ադրբեջանից տարածքային պահանջ չունենալը Սահմանադրության մեջ ներառելը` ա՛յ, այդ առումով բալանսավորվածը լրիվ հօդս է ցնդում, ու ասենք, թե ինչու:
Որովհետեւ Ադրբեջանում հավանաբար շատ լավ գիտեն միջազգային պայմանագրերի տրամաբանությունը եւ չեն կարող չանհանգստանալ թեկուզ 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերից, որոնցով Նախիջեւանի տարածքը որպես ինքնավար մարզ (ինչու չէ` նաեւ Արցախը եւ այլ տարածքներ), հանձնվել է Ադրբեջանին միայն կառավարման իրավունքով, եւ ոչ թե որպես սեփականություն:
Կարդացեք նաև
Ու Ադրբեջանն, օրինակ, չի կարող վստահ լինել, որ որեւէ հզոր պետություն, ինչ-որ պահի, սեփական շահերի համատեքստում չի վերհիշի այդ պայմանագրերը եւ որպես մահակ չի օգտագործի Նախիջեւանի եւ այլ տարածքների` Ադրբեջանին չպատկանելու փաստը: Ասենք` հենց Ադրբեջանը հակադրվի Ռուսաստանին, վերջինս դա կարող է անել, նրան իր տեղը ցույց տալու համար: Ահա եւ Ադրբեջանն ուզում է ապահովագրել իրեն եւ Հայաստանից պահանջում է ամրագրել մեր Սահմանադրությամբ տարածքային պահանջ չունենալն իրենից, մերոնք էլ, չգիտես ինչու, սա միայն Արցախի հետ են կապում:
Հասկանո՞ւմ են արդյոք մեր ղեկավարները սա (շնորհակալություն այն վերլուծաբաններին, հատկապես` Արայիկ Սարգսյանին, որ այս թեման վառ են պահում), հասկանո՞ւմ են արդյոք, թե ինչ հզոր կռվան չեն գործածում բանակցությունների ժամանակ`Կարսի պայմանագրի այդ կետը աչքները խոթելով, թեկուզ Ադրբեջանի անվերջ պահանջները կասեցնելու համար, չգիտենք: Թե՞ իրական Հայաստանի մասին իրենց տեսիլքները փակել են պատմական փաստաթղթերը նորովի կարդալու եւ ըմբռնելու նրանց ընկալունակությունը: Բայց որ Ադրբեջանում հասկանում են, թե ինչի համար են Սահմանադրություն փոխելու պահանջ ներկայացնում Հայաստանին` սա ակնհայտ է:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































