Սումգայիթյան ջարդերից հետո Ադրբեջանում հակահայկական բռնությունների հաջորդ բարձրակետը դարձավ 1990 թ․ հունվարին Բաքվում իրագործված հայ բնակչության կոտորածը։ Այստեղ միջէթնիկ հարաբերությունները լարվել էին Սումգայիթի ջարդերից անմիջապես հետո։ 1988 թ. փետրվար-մարտ ամիսներին Բաքվի Լենինի անվան պողոտայում սկսվեցին ցույցեր, որոնց ընթացքում հնչում էին «Մահ հայերին», «Սումգայիթը կկրկնվի Բաքվում», «Հայե´ր, հեռացե´ք կամ ձեզ կսպանենք» հակահայկական կոչերը։ 1988 թ․ մայիսից «Վարլըգ» կազմակերպության ղեկավար Նեյմաթ Փանահովը ստանձնեց Բաքվի հակահայկական հանարահավաքների կազմակերպումը:
Ծայրահեղ ազգայնական հայացքներ ունեցող այս առաջնորդը ելույթներ էր ունենում այն մասին, որ եթե ադրբեջանցիները ցանկանան, ապա հայերի գլխից կպատրաստեն «երկրորդ Արարատը»: Հիշյալ ժամանակաշրջանում քաղաքում տեղի են ունեցել հայերի նկատմամբ բռնությունների մի շարք դեպքեր։
Հակահայկական բռնությունների հաջորդ ալիքը Բաքվում բռնկվեց 1988 թ. աշնանը: Նոյեմբերի 17-ից քաղաքում սկսվեցին զանգվածային ցույցեր` ընդդեմ ԼՂԻՄ-ի նկատմամբ խորհրդային կենտրոնական իշխանությունների կողմից տարվող քաղաքականության։
Նոյեմբերի 24-ի լույսի 25-ի գիշերը խորհրդային զորքերը մտան Բաքու և հայտարարվեց արտակարգ դրություն: Դեկտեմբերի 5-ին ամբոխը հարձակում գործեց պետական հիմնարկների, գործարանների և մասնավոր բնակարանների վրա: Հակահայկական բռնությունների հաջորդ ալիքը Բաքվում տարածվեց 1989 թ. հուլիս-օգոստոս , ապա` նույն թվականի նոյեմբեր ամիսներին:
Կարդացեք նաև
Ադրբեջանում հայատյացության հրահրման հերթական առիթ հանդիսացավ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Նշված որոշմանը հաջորդեց Բաքվի հայ բնակչության ջարդը և վերջնական բռնագաղթը: 1990 թ. հունվարի 11-ից Բաքվում սկսվեցին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից կազմակերպված ցույցերը, որտեղ հնչում էին «Մահ հայերին» և «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսները: Հունվարի 12-ին Ժողովրդական ճակատը կազմակերպեց ազգային պաշտպանության կոմիտե։ Հունվարի 13-ին ցույցերը զանգվածային բնույթ ձեռք բերեցին: Առանձնացան ջարդարարների խմբեր, որոնք քաղաքի փողոցներում սկսեցին փնտրել և սպանել հայերին: ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը Բաքվում արտակարգ դրություն հայտարարեց և խորհրդային զինուժ մտցրեց միայն հունվարի 20-ին: Քաղաքի գրեթե ամբողջ հայ բնակչությունը հարկադրված է եղել լքել Ադրբեջանի տարածքը` մեծամասամբ լաստանավերով տեղափոխվելով Թուրքմենստանի Կրասնովոդսկ քաղաք:
Հունվարի 13-19 տևած Բաքվի հայ բնակչության ջարդերի ուսումնասիրությունը թույլ է տալիս առանձնացնելու հետևյալ առանցքային դրույթները.
• Ինչպես Ադրբեջանի այլ հայաբնակ շրջաններում, այնպես էլ Բաքվում հայ բնակչության ջարդերը ունեցել են նախապես կազմակերպված բնույթ: Մասնավորապես ջարդերին նախորդել են հակահայկական տրամադրությունների նպատակաուղղված հրահրումը, զանգվածային ցույցերի կազմակերպումը, քաղաքի հայ բնակչության հասցեների և հայաբնակ շրջանների քարտեզի կազմումը, անհրաժեշտ գործիքների ու զենքերի պատրաստումը և մատակարարումը, ջարդարար խմբերի ձևավորումը:
• Ջարդերի ամբողջ ընթացքում իրավապահ մարմինները դրսևորել են հանցավոր անգործություն, ըստ մի շարք վկայությունների` նաև մասնակցություն: ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության զինվորականները իրականացնում էին միայն քաղաքի կուսակցական և կառավարական շինությունների պաշտպանությունը` չարձագանքելով հայերի դեմ իրագործված հանցագործությունների մասին հաղորդումներին:
• Ինչպես Ադրբեջանի հայաբնակ այլ շրջանների, այնպես էլ Բաքվում իրագործված ջարդերի զոհերի ճշգրիտ թվաքանակն անհայտ է: Ջարդերից հետո չի իրականացվել հետաքննություն, հանցագործության կազմակերպիչների ու մասնակիցների բացահայտում և պատժում: Մարդկային կորուստներից բացի, Բաքվի ջարդերի հետևանքով հայ բնակչությունը զգալի նյութական վնասներ կրեց, քանի որ թիրախավորված հարձակումների ընթացքում ոչնչացվում, վնասվում կամ թալանվում էր հայերի բնակարանների գույքը:
Լուսանկարները՝ Karabakhrecords-ի
Գայանե Հովհաննիսյան
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


















































