Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը երեք հարցով դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ Հայաստան նախատեսված այցի առիթով

Հունվար 30,2026 23:50

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը երեք հարցով դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ Հայաստան նախատեսված այցի առիթով։ Ստորև ներկայացնում ենք նամակը հայերեն տարբերակով․

«ԱՄՆ հարգարժա՛ն փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենս,

«Հիլբիլիի էլեգիա․ ընտանիքի և ճգնաժամի մեջ գտնվող մշակույթի հուշագրություն» Ձեր հրաշալի գրքում Դուք Ձեր ժողովրդի մասին գրել եք. «Խորը հավատարմության զգացում, նվիրվածության անզիջում հավատարմություն ընտանիքին և հայրենիքին»։ Այս տողերը կարդալիս մտածում էի՝ Դուք կարող էիք գրել նաև հայերի մասին։

Թեև մեր ժողովուրդներին բաժանում են օվկիանոսներ, մենք ճանաչում և հասկանում ենք միմյանց։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պահպանել հավատը նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ քո դեմ է, և լիովին գիտակցում ենք ընտանիքի արժեքը։

Հենց սա է պատճառը, որ այս նամակով դիմում եմ Ձեզ։

Մենք բարձր ենք գնահատում և խորապես արժևորում Ձեր և նախագահ Թրամփի անցյալ գարնանը ձեռնարկած ջանքերը՝ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան կանխելու ուղղությամբ, որի արդյունքում ստորագրվեց «TRIPP»-ը։

Հայաստան կատարելիք Ձեր առաջիկա այցի ընթացքում Ձեզ գուցե շատ բան կպատմեն, սակայն ոչ այն առաջնային խնդիրների մասին, որոնք իրականում հուզում են մեր հասարակությանը։

Խորին հարգանքով ցանկանում եմ հիշեցնել հետևյալի մասին․

• Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների և պատանդների, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառվող խոշտանգումների մասին։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ «հանցանքը» նրանց հավատն ու ազգային ծագումն է։

• Ադրբեջանը 2021 թվականից օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք, որի հետևանքով մեր սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, իսկ անվտանգությունը՝ լրջորեն խաթարված։

• Մեր թիմը նաև ունի ապացույցներ՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ, որի արդյունքում ընդամենը մի քանի օրում իրենց դարավոր հայրենիքից բռնի տեղահանվեց շուրջ 120 000 մարդ։

Մենք պատրաստ ենք մեր կազմած հատուկ փաթեթները փոխանցել Ձեր թիմին։ Դրանք կարող են օգտակար լինել Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում ձևավորելու հարցում։

Դուք և նախագահ Թրամփն ունեք գործունեության բացառիկ հաջող փորձ։ Նախագահ Թրամփը վերադարձրել է գերիների, որոնք անգամ կորած էին համարվում։ Միասին Դուք կանխեցիք Հայաստանի նկատմամբ ագրեսիան անցյալ գարնանը, այն ժամանակ, երբ Բայդենի վարչակազմը որևէ քայլ չձեռնարկեց։ Սրանք ոչ թե խոսքեր են, այլ կոնկրետ արդյունքներ, որոնք ամբողջ աշխարհի հայերը տեսնում և հիշում են։

Մենք վստահ ենք, որ Ադրբեջան կատարելիք Ձեր այցի ընթացքում Դուք կարող եք նպաստել Բաքվում պահվող բոլոր 19 հայ քրիստոնյա գերիների և պատանդների ազատմանը։ Այս քայլը հույս ու արդարություն կբերի հազարավոր հայ ընտանիքների և լայն արձագանք կստանա ամբողջ աշխարհի հայ համայնքում։

ԱՄՆ-ի՝ հարատև խաղաղություն հաստատելու ջանքերը նպատակին կհասնեն, երբ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից, ինչպես նաև վերականգնվեն բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար քրիստոնյա հայերի հիմնարար իրավունքները։

Մեր ժողովրդի համար նախագահ Թրամփի և Ձեր այս ջանքերը կդառնան հերոսական, իսկ Ձեր անունները հավերժ կմնան մեր պատմության էջերում։

Համոզված եմ, որ մեր երկու ազատասեր ժողովուրդների դաշինքը՝ հանուն խաղաղության, բարօրության և հավատքի պահպանման, կարող է բացել նոր դարաշրջան Կովկասում և ամբողջ տարածաշրջանում։

Հայաստանը պատրաստ է լինել այդ ապագայի մաս՝ ոչ որպես խնդրող, այլ որպես լիիրավ գործընկեր։

Ձեր տատիկն ասում էր. «Աստված օգնում է նրանց, ովքեր օգնում են իրենք իրենց»։ Մենք հենց այդպես էլ անում ենք՝ օգնում ենք ինքներս մեզ և համոզված ենք, որ Աստված մեզ ուղարկել է ընկերներ։

Մեծ ակնկալիքով սպասում ենք Ձեր առաջիկա այցին Հայաստան և տարածաշրջան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031