Մենք՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան խմբի անդամներս, ողջունում ենք 2026թ․ փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։
Երկու ղեկավարներին շնորհված Zayed Award for Human Fraternity մրցանակը կարևոր խորհրդանշական քայլ է և արտացոլում է սահմանների երկու կողմերում ապրող մարդկանց հանդեպ պատասխանատվության գիտակցումը։
Մենք ողջունում ենք ամփոփիչ հայտարարությունում արձանագրված հայ-ադրբեջանական հարաբերություններում նկատվող դրական տեղաշարժերը, ներառյալ տնտեսական շփումների զարգացման պատրաստակամությունը, որոնք պետք է լինեն հետևողական և ներառական։
Առանձնահատուկ կարևոր և խորհրդանշական է վստահության ամրապնդման գործընթացում քաղաքացիական հասարակության դերակատարների դերի ճանաչումը։ Սա հստակ ազդակ է, որ խաղաղության և կայունության հասնելու ճանապարհին հասարակությունների միջև կապերի հաստատումը առաջնահերթությունների շարքում է։
Կարդացեք նաև
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների համար այս արձանագրումը հաստատում է մեր գործունեության անհրաժեշտությունն ու հիշեցնում մեր կրած պատասխանատվության մասին։ Մենք շարունակելու ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ երկխոսության տարածքը ընդլայնելու, փոխադարձ վստահությունը խթանելու և հումանիտար հարցերի լուծմանը նպաստելու ուղղությամբ։
Արեգ Քոչինյան
Բորիս Նավասարդյան
Նաիրա Սուլթանյան
Նարեկ Մինասյան
Սամվել Մելիքսեթյան
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնություն


















































