Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի և ապագա զարգացման ուղիների վրա

Փետրվար 14,2026 18:13

2026 թվականի փետրվարի 13–14-ը Հայաստանի Հանրապետությունում՝ Ծաղկաձոր քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որը համախմբել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Նախաձեռնության հիմնական անդամների հետ մեկտեղ հանդիպմանը մասնակցել է նաև երկու կողմերից ավելի լայն շրջանակ՝ վերահաստատելով ներառական և շարունակական երկխոսության հարթակի նկատմամբ հանձնառությունը։

Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ հայկական Ոսկեպար և ադրբեջանական Աշաղը Ասկիփարա գյուղերի հարակից տարածքում՝ անցնելով բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ Մասնակիցների գնահատմամբ անցումը կարևոր գործնական վստահության ամրապնդման միջոց էր և երկու երկրների միջև աստիճանական կարգավորման գործընթացի տեսանելի դրսևորում։

Քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի և ապագա զարգացման ուղիների վրա, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգի իրագործման և դրա տարածաշրջանային հետևանքների շուրջ։ Մասնակիցները փոխանակել են գնահատականներ փոփոխվող տարածաշրջանային անվտանգության միջավայրի և խաղաղության գործընթացի արդյունքում ձևավորվող տնտեսական հնարավորությունների վերաբերյալ։

Առանձին նիստ նվիրված է եղել երկխոսության մասնակիցների միջև համագործակցությանը․ քննարկվել են համատեղ ծրագրերի գաղափարներ, հանրային հաղորդակցության ռազմավարություններ և միջհասարակական փոխգործակցության մեխանիզմներ։ Զգալի ուշադրություն է դարձվել վստահության ամրապնդմանը, հանրային դիվանագիտությանը և գործնական առաջարկությունների մշակմանը՝ հասարակական մակարդակում կապեր խթանելու նպատակով։
Հետագա քննարկումները վերաբերվել են տարածաշրջանային անվտանգության, սահմանների և հաղորդակցությունների հարցերին՝ ներկայացնելով երկու կողմերի տեսլականներն ու սպասումները։ Պաշտոնական նիստերին զուգահեռ կազմակերպված ոչ պաշտոնական մշակութային և սոցիալական միջոցառումները նպաստել են անձնական շփումների խորացմանն ու կառուցողական մթնոլորտի ձևավորմանը։

Երկրորդ օրը մասնակիցները քննարկել են կայուն խաղաղության առավելությունները և միջհասարակական հարաբերությունների հաստատման հնարավոր սոցիալական և տնտեսական օգուտները։ Կարծիքներ են փոխանակվել երկու հասարակություններում առկա հանրային սպասումների, ինչպես նաև այն ուղիների շուրջ, որոնց միջոցով կարելի է ապահովել, որ խաղաղության գործընթացը քաղաքացիների համար ապահովի շոշափելի արդյունքներ։

Ծրագրի շրջանակում մասնակիցները հանդիպումներ են ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։ Քննարկումները հնարավորություն են տվել մտքեր փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման գործում քաղաքացիական հասարակության դերի, ինչպես նաև այն ուղիների վերաբերյալ, որոնց միջոցով հանրային նախաձեռնությունները կարող են փոխլրացնել խաղաղության հաստատմանն ուղղված պաշտոնական ջանքերը։

Միջոցառումն ավարտվել է մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփվել են քննարկումների արդյունքները։ Ադրբեջանական պատվիրակությունը վերադարձել է նույն սահմանազատված հատվածով՝ նշանավորելով վստահության ամրապնդման ևս մեկ գործնական քայլ։

Մասնակիցները վերահաստատել են, որ «Խաղաղության կամուրջ» ձևաչափի շրջանակում կանոնավոր շփումները կարող են էականորեն նպաստել փոխադարձ վստահության ամրապնդմանը, մասնագիտական համագործակցության ընդլայնմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728