ՀՅԴ անդամ, ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը Շաքիում տեղի ունեցածի մանրամասներին ծանոթանալու նպատակով մեկնել էր այդ գյուղ, այսօր վերադառնալուց հետո «Հայելի» ակումբում ասաց․ «Ես և իմ գործընկեր Քրիստինե Վարդանյանը երեկ առավոտվանից գտնվել ենք Շաքի գյուղում, զրուցել ենք մեր հայրենակիցների հետ, տեղում ծանոթացել իրավիճակին, փորձել հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել։
Ինչքան խորանում ենք այս գործի մանրամասնությունների մեջ, այնքան մեր աչքերի առջև ահասարսուռ պատկեր և բազմաթիվ հարցականներ են գալիս։
Ո՞նց է լինում, որ օրեր շարունակ ադրբեջանցին, թե ադրբեջանցիները, գտնվել է ՀՀ տարածքում։ Երկրորդ։ Այն տարածությունը, որ կա Շաքի գյուղի և առաջնագծի միջև, հսկայական է։ Չգիտենք՝ մի հոգի է եղել, թե դիվերսիոն խումբ։ Այդ հարցը պիտի պարզվի։ Փաստորեն, թշնամին մոտավորապես 20 կիլոմետրից ավելի թափանցել է մեր բնակավայրերի խորքը։ Թափանցել է, քիչ չի, այդտեղ ապրել է ու որևէ խնդիր չի ունեցել այն պարագայում, որ սրանց ասելով էլ՝ իրենք տեղյակ են եղել, որ Հայաստան է ներթափանցել ադրբեջանցիների խումբ կամ ադրբեջանցի։ Այսինքն, այստեղ մի քանի հարցականներով խնդիր կա։
Երբ մի քանի օր առաջ մենք ակցիա կազմակերպեցինք ԱԱԾ-ի մոտ՝ մեր երիտասարդական կազմակերպության հետ միասին, ՀՀ պատկան մարմինների առջև ուղիղ հարց դրեցինք։
Կարդացեք նաև
Մեղավորները պետք է օր առաջ պատասխանատվություն կրեն։
Արդյո՞ք այս ամեն ինչը հանցավոր անգործություն է, թե մարդիկ կան։ Պետք է պարզվի, թե ինչ է տեղի ունեցել։
Մեր աչքին թոզ են փչում, թե խաղաղության դարաշրջան է, մենք անվտանգ ենք, տարածքները, առաջնագիծը կահավորվում է, մեր ծառայությունները հրաշալի կատարում են իրենց պարտականությունները, առաջնագծում ոչ մի խնդիր չկա, սահմանապահ ծառայությունը, ԱԱԾ-ն, իրավապահ համակարգը, ոստիկանությունը կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Բայց կատարվել է մի խայտառակ պատկեր։
Փաստորեն, սրանց ասած ոչ խաղաղությունն է խաղաղություն, ոչ էլ իրավապահ համակարգն է իր տեղում։ Կամ իր տեղում չի, կամ հանցավոր անգործություն է ցուցաբերել՝ աչք-ականջ փակել։ Եվ տեղի է ունեցել ողբերգություն, որի պատասխանատվության սլաքները հիմա մի բան էլ փորձում են ուղղել այդ կնոջը։ Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում ահաբեկչություն է տեղի ունենում, օրը ցերեկով մտնում են մարդու տուն, կնոջը մատներից զրկում, վնասում, որ հնարավոր է՝ ոտքը կտրվի, խայտառակ խաժամուժը սլաքներն ուղղում է այդ կնոջ ուղղությամբ։ Եվ չենք զարմանա, որ ինչ-որ մի պահի մեղադրանք առաջադրվի այդ կնոջը, որ համարձակվել է իր տան մեջ պաշտպանվել»,- ասաց ընկեր Դանիելյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































