Այսօր Աշտարակում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ սկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցուպատասխանը, տարեց մի տղամարդ վերցրեց միկրոֆոնը ու սկսեց մանրամասն պատմել իր կենսագրականը։
«Հարգելի, սիրելի, գովելի, պաշտելի հայրենակիցներ», -այսպես սկսեց նա իր խոսքը՝ ասելով, որ ինքը ղարաբաղցի է, վեց մասնագիտություն ունի, երկու դիպլոմ, չորս վկայական։
Ու սկսեց մանրամասն պատմել հոր, մոր ծագումնաբանության մասին, ասաց, որ 20 տարեկանից աշխատել է, վեց տարի աշխատել է անվտանգության ինժեներ։ Նրա ձայնը մերթընդմերթ ընդհատվում էր, չէր լսվում, ստիպված էին միկրոֆոնն ուղղել։
Ռոբերտ Քոչարյանը ընդհատեց նրան՝ ասելով․ «Շատ կներեք, ձեզ ընդհատեմ, եթե հարց կա, տվեք, չէ, մենք իրար հետո վերջում կզրուցենք»։
Կարդացեք նաև
Տղամարդն անդրդվելի էր, նա համառորեն շարունակեց իր ասելիքը։
Ռոբերտ Քոչարյանը նորից ընդհատեց․ «Շատ կներեք, ես անպայման հանդիպումից հետո կշփվեմ ձեր հետ, եթե ես հիմա էստեղ կյանքս պատմեմ․․․»։
Տղամարդը, սակայն չզիջեց իր դիրքերը, նա՝ միկրոֆոնը վերցրած, ինքնամոռաց խոսում էր․ ներկաները ծիծաղում էին, ծափահարում, որ դադարեցնի, սակայն հնար չկար։
«Շատ կներեք, հանդիպումը ձեր հետ չէ, հանդիպումը մեր հետ է,ամենայն հարգանքով ձեզ»,-մեկ անգամ ևս ծիծաղելով հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանը։
Բանախոսը, սակայն չէր լսում, նա անդադար խոսում էր։
«Երկու բառ ասեմ»,- ասում էր նա։
«Հիմա ես գամ, ձեզ մոտենամ, ձեզ գրկեմ, միկրոֆոնը փոխանցեմ ուրիշի, նորմա՞լ է սա»,-հարցրեց Ռոբերտ Քոչարյանը։
Տարեց տղամարդը, չլսելով հորդորը, շարունակում էր իր ելույթը, վերջում սակայն իր ասելիքը ամփոփեց՝ Նիկոլ Փաշինյանին պահանջ ներկայացնելով։ «Նիկոլ, կամաց-կամաց հեռացի», -ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց՝ «այ ապրես», սկսվեցին բուռն ծափահարություններ, ծիծաղ, տղամարդը հազիվ համաձայնեց ձեռքից վայր դնել միկրոֆոնը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































